«Երեք հաստլիկները» վեպ-հեքիաթի քաղաքական հղումները - Mediamax.am

exclusive
7340 դիտում

«Երեք հաստլիկները» վեպ-հեքիաթի քաղաքական հղումները


Լուսանկարը` http://playing-field.ru


«Անտարես» հրատարակչությունը վերահրատարակել է ռուս խորհրդային գրող Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» վեպ-հեքիաթը` Մկրտիչ Արմենի թարգմանությամբ:

Գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Երեք հաստլիկները» նախապես ընտրել են պատանի ընթերցողին ուղղված «Կողմնացույց» մատենաշարի համար, սակայն խմբագրական աշխատանքի ընթացքում պարզել են, որ այն ավելին է, քան պատանեկան գիրքը:

 

- Օլեշայի այս վեպը բացահայտում է մի հետաքրքիր ֆենոմեն, որ նախկինում էլ գիտեինք,  բայց այստեղ ավելի հստակ է երեւում: Խորհրդային հասարակարգն անում էր ամեն ինչ ձեւավորելու համար հստակ գաղափարական նշաձող, որից դուրս չես կարող տեղաշարժվել: Պատահական չէ, որ «Երեք հաստլիկները» Խորհրդային Միությունում ամենաշատ տպագրված, ամենից շատ մրցանակներ ստացած գրքերից էր: Նման վեպերով պատանի ընթերցողին նպատակ ունեին ցույց տալ` ինչքան վատն էր նախախորհրդային հասարակարգը եւ ինչ բարիք բերեց սոցիալիստական երկիրը` հարուստներին վտարելով երկրից ու ստեղծելով խորհրդային հսկա միություն: 

 

Բայց երբ հետխորհրդային ժամանակի քո հայացքով տեսնում ես վեպում տեղ գտած կերպարներն ու պայքարի ձեւերը, պարզ է դառնում, որ ըստ էության, ժամանակին Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» արջի ծառայություն է մատուցել խորհրդային հասարակարգին: Ազատասիրական գաղափարների, հակախորհրդային տրամադրությունների սերմանումը խորհրդային հասարակարգում կապում էին դրսի ուժերի, ամերիկյան լրտեսների հետ: 

 

Վստահ եմ, որ այս տեսակի գրքերը նույն դերն են խաղացել, ինչ ամերիկյան քաղաքականությունը: Գրողն իր ընդհանրացնող տաղանդի շնորհիվ կարողացել է ստեղծել հասարակության եւ բռնապետի այնպիսի կերպարներ, որոնք  հավերժական են: Ես ապշել էի այս գիրքը կարդալով, որովհետեւ 30-ականներին է տպագրվել, մոտ 90 տարվա հեռավորություն կա, բայց այսօր հստակ կերպարներ ես տեսնում հենց մեր իրականությանը բնորոշ, նույն երեք հաստլիկների, զինագործ Պրոսպերոյի եւ մարզիկ Թիբուլի կերպարները:

 

Օրինակ, Պրոսպերոյին նմանեցնում էի Շանթ Հարությունյանին: Դոկտոր Գասպար Արներիին Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ գիտի տիկնիկն աշխատացնելու մեխանիզմը, բայց հանգամանքների բերումով չի կարողանում կյանքի կոչել:

 

-Եթե խոսենք ժանրային առանձնահատկության մասին, «Երեք հաստլիկները» հեքիա՞թ է, թե՞ քաղաքական վիպակ:

 

-Եթե առաջարկում ենք, որ կարդան պատանիները, իր ժանրի դասական ընկալումով` սա հեքիաթ է խիզախության, բարության, գեղեցկության մասին, այսինքն, այն հավերժական արժեքների, որ մենք պիտի կարողանանք ամեն օր, ամեն ժամ սերմանել մեր երեխաների, պատանիների, աշակերտների, ուսանողների մեջ: Մյուս կողմից` սա վեպ է բոլորի համար: Ընդհանրական եթե դատենք, վերանանք թիրախային, տարիքային սահմանափակումներից, այո, սա իմ կարծիքով քաղաքական վեպ է, նույնիսկ այն դեպքում, եթե հեղինակի կողմից չի հղացվել որպես այդպիսին: Թերեւս բոլոր մեծ գրողներն այդպիսին են, արտաքուստ` անվնաս, ներքուստ ամեն ինչ գիտակցող ու ամրագրող:

 

-Վեպում փոքրիկ Սուոկի անձնազոհությունն  է փրկում հերոսներին ու ժողովրդին: Սա այն է, ինչի պակասը կա՞ մեր օրերում:

 

- Գուցե մի փոքր գերագնահատում եմ այս գրքի գործառույթն ու դերը, բայց, կարծում եմ, ինչ-որ առումով այն նաեւ քաղաքագիտական դասագիրք է մեր քաղաքական, հատկապես ընդդիմադիր ճակատի գործիչների համար: Մի պարզ բան. ճառերը, կոչերը, ամենատարբեր ցույցերը կարող են իզուր անցնել, եթե չլինեն մարդիկ, որ գնում են անձնազոհության:

 

- Մենք նման գրական գործերի պակաս ունե՞նք այսօր:

 

- Վեպի հրատարակումը յուրօրինակ բարոմետրի արժեք ունեցավ ինձ համար` որպես «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագրի, նաեւ գրականագետի, որ հետեւում է մեր գրական պրոցեսին: Այո, ես կարծում եմ, մենք ընդհանրացնող վեպերի պակաս ունենք, որտեղ թիրախը ոչ թե մերկապարանոց է, այլ ընդհանրական: Իհարկե, գովելի է մեր այն գրողների քաղաքացիական վարքագիծը, ովքեր վեպեր, պատմվածքներ, ակնարկներ են գրում` քննադատելով կոնկրետ թիրախներ, բայց Օլեշայի վեպի օրինակով՝ պետք է քննադատել երեւույթը` չկոնկրետացնելով անունները, որ նրանք լինեն ուղեցույց, դասագիրք, նշաձող բոլոր ժամանակների համար:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին