Վիրջինիա Վուլֆի «Ուրվականներով տան» ամբողջական կերպարները - Mediamax.am

exclusive
4182 դիտում

Վիրջինիա Վուլֆի «Ուրվականներով տան» ամբողջական կերպարները


Լուսանկարը` Clara Dudley

Թագուհի Ղազարյանը
Թագուհի Ղազարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` «Դարակ» հրատարակչություն

Լուսանկարը` Clara Dudley

Լուսանկարը` Clara Dudley

Լուսանկարը` Clara Dudley

Լուսանկարը` Clara Dudley

Լուսանկարը` Clara Dudley


Ամիսներ առաջ նորաստեղծ «Դարակ» հրատարակչությունը «Սաֆո» մատենաշարով ընթերցողին ներկայացրեց բրիտանացի գրող, XX դարի առաջին կեսի մոդեռնիստական գրականության նշանավոր ներկայացուցիչ Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» հանրահայտ էսսեն: Մատենաշարի անդրանիկ գրքին հաջորդեց Վուլֆի «Ուրվականներով տունը» (A Haunted House) գիրքը:

 

«Ուրվականներով տունը» ընդգրկում է հեղինակի ստեղծագործական տարբեր շրջանի գործերը: Այն առաջին անգամ հրատարակվել է Վուլֆի մահից երեք տարի անց, ամուսնու` Լեոնարդ Վուլֆի նախաձեռնությամբ: Ներառում է 18 պատմվածք, որոնց մի մասը տպագրվել էր 1921-ին՝ «Երկուշաբթի կամ երեքշաբթի» խորագիրը կրող ժողովածուով: Վերջին պատմվածքներն առաջին անգամ տպագրվել են «Ուրվականներով տունը» ժողովածուում, որոնցից չորսը հեղինակը չի հասցրել վերջնական մշակել:

Լուսանկարը` «Դարակ» հրատարակչություն

«Ուրվականներով տունը» հայերեն է հրատարակվել առաջին անգամ: Գրքում տեղ գտած պատմվածքները կարդալիս` զգում ես, որ հեղինակը կին է: Գրքի խմբագիր, գրականագետ Թագուհի Ղազարյանը համամիտ չէ այս դիտարկմանը, նրա կարծիքով`եթե նույնիսկ նկատելի է,  որ հեղինակը կին է, դա կարող է զուտ գեղարվեստական հնարք լինել, որովհետեւ հաճախ կին հեղինակը տղամարդու եւ տղամարդ հեղինակը կնոջ դեմքով է պատմում:

 

«Վուլֆին միայն կին-տղամարդ իրավահավասարության խնդրի համատեքստում նայելը ճիշտ չի լինի: Դա կնշանակի անտեսել այս հեղինակի գեղարվեստական տեքստի կարեւորությունը եւ շեշտը դնել միայն սոցիալական-հասարակականի վրա, մինչդեռ «Ուրվականներով տունը» պատմվածաշարի առաջին բնորոշ  հատկանիշը դա չէ: Այդ խնդիրներն ավելի ցայտուն երեւում են «Դարակի» նախորդ գրքում՝ «Սեփական սենյակը» էսսեում: Պետք է խոստովանեմ, որ առաջին անգամ լիարժեք գործնական (ոչ թե տեսական) պատկերացումներս գիտակցության հոսքի գրականության մասին ամբողջացել են հենց Վուլֆի ստեղծագործության շնորհիվ: Մասնավորապես այս պատմվածքներում հեղինակը կարողանում է կարճ ծավալի մեջ ստեղծել ամբողջական կերպարներ ու մանավանդ զգացողություններ, որ բնորոշ են գրական այդ հոսանքին: Ընդ որում, շատ կարեւոր է նաեւ այն, որ հեղինակը դա անում է ոչ թե իր՝ պատմողի, այլ կերպարների միջոցով: Այս իմաստով կարծում եմ՝ գիրքը օգտակար եւ հետաքրքիր կլինի ոչ միայն այն ընթերցողի համար, ով ուզում է պարզապես պատմություններ կարդալ, այլ նաեւ այն ընթերցողի համար, ում հետաքրքիր է գրական ընթացքը ու գրական ուղղությունները», - պատմել է Թագուհի Ղազարյանը:

Թագուհի Ղազարյանը Թագուհի Ղազարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

1970-ականների ֆեմինիստական շարժումները մեծացրել են հետաքրքրությունը Վուլֆի ստեղծագործությունների հանդեպ: Անդրադառնալով «Մեր օրերին արդիակա՞ն է կնոջ ու տղամարդու իրավահավասարության խնդիրը» հարցին` զրուցակիցս կարծիք է  հայտնում է, որ այս թարգմանությունները բավական արդիական են մեր երկրի համար. «Եվրոպայում դրանք արդեն հին խոսակցություններ են: Մեզ մոտ տղամարդու դոմինանտությանը հարցը առկա է թե' ընտանիքում, թե' հասարակական կյանքում»:

 

Թագուհի Ղազարյանն ասում է, որ Վուլֆը  հակասական ու հետաքրքիր կերպար է. անգլիալեզու ընթերցողը շատ է արժեւորում նրան, Հայաստանում նոր է սկսել թարգմանվել-ներկայացվել:

 

«Ուրվականներով տունը» գրքի թարգմանիչը Մանիկ Եգանյան է, ձեւավորողը՝ Լուսինե Նավասարդյանը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին