Միլնի թարգմանական ծուղակները եւ Վինի Փուն, որ այլեւս թուխ չէ - Mediamax.am

exclusive
5331 դիտում

Միլնի թարգմանական ծուղակները եւ Վինի Փուն, որ այլեւս թուխ չէ


«The-House-at-Pooh-Corner» գրքի առաջին ամերիկյան հրատարակությունը (1928թ.)
«The-House-at-Pooh-Corner» գրքի առաջին ամերիկյան հրատարակությունը (1928թ.)

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` «Զանգակ»

Լուսանկարը` «Զանգակ»

Ալվարդ Ջիվանյանը
Ալվարդ Ջիվանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Լոնդոնում 1926-ին լույս են տեսնում Ալան Ալեքսանդր Միլնի` Վինի Փու արջուկի մասին պատմությունները, որոնք հեղինակին աննախադեպ հաջողություն են բերում: Երկու տարի հետո լույս է տեսնում Վինի Փուին նվիրված երկրորդ ժողովածուն:

 

Աշխարհի ամենանշանավոր արջուկի արկածների մասին պատմությունները հայ ընթերցողին հասանելի  են բնագրային թարգմանությամբ: «Զանգակ» հրատարակչությունը 2015-ին լույս էր ընծայել «Վինի Փու արջուկը» («Winnie-the-Pooh») գիրքը: Օրերս ընթերցողի սեղանին դրվեց նաեւ «Փու արջուկը տուն է կառուցում» («The-House-at-Pooh-Corner») ժողովածուն: Երկհատորյակում զետեղված են Է. Հ. Շեփարդի բնօրինակ գծանկարների գունավորված տարբերակները: 

 

Բնագրային թարգմանությունը Ալվարդ Ջիվանյանինն է: Ինչպես նշվում է գրքի անոտացիայում, հերոսների նախատիպերը Ա. Ա. Միլնի որդու՝ Քրիսթոֆեր Ռոբինի իրական խաղալիքներն են: Նրանց հետաքրքիր արկածները տեղի են ունենում Էշդաունի անտառում, որտեղ ապրում էր Քրիսթոֆեր Ռոբինը ծնողների հետ: Գծանկարներում պատկերված վայրերն այսօր էլ կարելի է տեսնել Անգլիայում:

 

Մեր զրուցակիցը Ալվարդ Ջիվանյանն է:

 

- Ալան Ալեքսանդր Միլնի հերոսը հայ ընթերցողին հայտնի էր Վինի Թուխ անունով: Գրքի առաջաբանում դուք նշել եք, որ անվան փոփոխություններն իրենց հետ բերել են անխուսափելի փոխակերպումների: Գլխավորապես ի՞նչ փոփոխությունների է ականատես լինելու ընթերցողը: Ինչո՞վ է առանձնանում բնագրային թարգմանությունը:

 

- Սյուժետային գծի մեջ լուրջ փոփոխություններ չեն եղել: Կերպարն է փոքր-ինչ փոխվել: Արջուկի անունը բնորոշում է նրա արտաքին տեսքը: Բնագրի արջուկը բոլորովին թուխ չէ, բաց դարչնագույն խաղալիք արջուկ է: Թուխը հարմարեցված է ռուսական արջուկի փոխադրությանը: Винни Пух-ը հայերենում դարձել է Թուխ: Որպես անուն, իհարկե, գտնված անուն է: Ես  հասկանում եմ, որ հայ ընթերցողի համար փոքր-ինչ անսովոր է Վինի Փու անունը, բայց պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ սա թարգմանություն է, ոչ թե վերապատում: Յուրաքանչյուր երկ կարող է ունենալ տարբեր մեկնություններ: Սրանք երկու տարբեր գրքեր են: Ներկայիս թարգմանությունը չի ստվերում Վինի Թուխ արջուկին, որն իր դերը կատարել է եւ կշարունակի կատարել որպես փոխադրություն եւ վերապատում:

 

- Ըստ Ձեղ` ի՞նչն է հեքիաթը սիրելի  դարձնում ընթերցողին:

 

- Ի տարբերություն առաջին հատորի` երկրորդը անկախ պատմությունների հավաքածու է: Դրանցից յուրաքանչուրը կարող եք առանձին կարդալ: Եթե նայենք որպես իրադարձությունների հաջորդականություն, որեւէ արտասովոր բան չի կատարվում (եթե, իհարկե, արտասովոր չհամարենք այն, որ խաղալիքները խոսում են):

Ալվարդ Ջիվանյանը Ալվարդ Ջիվանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ամենագնահատելին այս գրքում հեղինակային ոճն է, որը բացառիկ հղկված է, նուրբ է եւ առավելագույնս հարմարեցված մանուկ ընթերցողի գրական ճաշակին:

 

- Երկրորդ հատորն առաջին անգա՞մ է թարգմանվել:

 

- Որքանով հիշում եմ, նախորդ գրքում առաջին եւ երկրորդ հատորները միացած են, որոշ մասեր բացակայում են, փոխված են որոշ սյուժետային տարրեր: Թե' ռուսերեն, թե' հայերեն տարբերակների թարգմանիչները բոլորովին հրաժարվել են հեղինակային նախաբաններից` մի հասկանալի  պատճառով` այդ նախաբանների մեջ հեղինակը խոսում է Վինի Փու արջուկի անվան ընտրության մասին:

 

- Ընտրությունը պատահական չէ, արջուկի անունը ստուգաբանություն ունի, ինչը դուք ներկայացրել եք գրքի առաջաբանում:

 

- Ոչ միայն ստուգաբանություն, ավելին`պատմություն ունի այդ անունը: Մինչ երկհատորյակի հրատարակումը Փուն հանդիպում է Միլնի  բանաստեղծությունների ժողովածուի մեջ: Ինչ-որ չափով սա նաեւ կենսագրական գործ է, ոչ այնքան հեղինակի, որքան նրա որդու` Քրիսթոֆեր Ռոբինի մասին: Այդ բոլոր խաղալիքներն իսկապես եղել են, ունեն իրենց նախատիպերը, այսինքն` կարելի է նաեւ ընտանեկան վիպակ համարել: Սա ընտանիքի որդու մանկության եւ նրա խաղաշխարհի պատմությունն է:

Լուսանկարը` «Զանգակ»

- Վինի Փուն 20-րդ դարի մանական գրականության ամենահայտնի հերոսներից է: Կարծում եք` 21-րդ դարի փոքրահասակ ընթերցողի համար այն նո՞ւյնքան հետաքրքիր կլինի:

 

- Հետաքրքրությունը պահպանել է, որովհետեւ դասականը հենց դրանով է դասական: Նշեմ, որ մեծ հանրաճանաչություն է վայելում նաեւ անիմացիոն տարբերակը: Պարզապես այդ անշտապ  կյանքը, խաղաղ բնապատկերները, բնության գրկում երեխայի զարգացումը կարծես այսօր այնքան էլ բնորոշ չէ մանուկ ընթերցողին, այլ բան, որ գիրքը կարող է մեծ հետաքրքրություն ունենալ հենց այդ պատճառով, երեխան կկարդա մի բան, որից ինքը իսպառ զրկված է:

 

-Կարո՞ղ ենք ասել, որ Միլնի վիպակներն ունեն ճանաչողական, դաստիարակչական նշանակություն:

 

-Անշուշտ, եթե դուք այս գրքերին մոտենաք որպես յուրատիպ առակների, որտեղ կենդանիներին տրվում է լեզու: Իսկ ցանկացած առակի առաջնային գործառույթը խրատն է, ճանաչողական բնույթը: Բոլոր այդ խոսող խաղալիքների հետեւում կանգնած են մարդկային կերպարներ: Երեխան կարիք չունի այդ մասին մտածելու, իսկ մեծահասակ ընթերցողին այդ անձնավորումն արդեն հասանելի է:

Լուսանկարը` «Զանգակ»

Ավելացնեմ, որ հրատարակչությունը խնդիր ունի նշել, թե գիրքը, որ տարիքի ընթերցողի համար է: Երբ, ենթադրենք, ասվում է, որ գիրքը 9-12 տարեկան երեխաների համար է, դա միանշանակ պայմանական է: Ես գիտեմ մեծահասակ ընթերցողների, որոնք սիրով կարդում են գիրքը: Գիտեմ, որ առաջին տպաքանակը գրեթե սպառվել է: Հավանաբար, չէր կարող սպառվել միայն  փոքրիկ ընթերցողի կողից: Ցանկացած թարգմանություն նաեւ մեկնություն է: Երբեք չէի թարգմանի ուղղակի թարգմանած լինելու համար: Ինքս վայելել եմ այս գիրքը` բացահայտելով ինձ համար անհայտ բաներ: 

 

-Մի առիթով ասել եք, որ մանկական գրականության դեպքում գիրքը որքան տեքստ, այնքան էլ պատկեր է: Շեփարդի  նկարազարդումները կարծես լավագույնս ապացուցում են Ձեր ասածը: Դրանք  անբաժանելի մասն են Վինի Փուի պատմության:

 

-Շեփարդը  շատ հայտնի նկարազարդող է: Կան բազմաթիվ այլ հայտնի դասական երկեր, որ նա նկարազարդել է: Երբ Վինի Փու արջուկի պատմությունները լույս են տեսել, նույնիսկ մրցակցության խնդիր է ծագել մի փուլում`ավելի հանրահայտ են Շե՞փարդը, թե՞ Միլնը,  գծանկարնե՞րը, թե՞ հենց Վինիի պատմությունը: Ուրախ եմ եւ բարձր եմ գնահատում այն, որ «Զանգակի» հրատարակությունը նկարազարդված է հենց առաջին հրատարակության նկարազարդումներով:

 

- Դուք խոսեցիք այն մասին, որ հաճելի էր թարգմանության ընթացքը, իսկ ի՞նչ կասեք դժվարությունների մասին:

 

- Շատ դժվարություններ են եղել, առաջին հերթին` լեզվական խնդիրներ, որովհետեւ տեքստը շատ հարուստ է բառախաղերով, անիմաստ թվացող արտահայտություններով, հորինված բառերով: Երբ հեղինակը բառ է հորինում, թարգմանիչն էլ ստիպված է այդ քայլին դիմել: Բայց, ենթադրում եմ, որ ոչ մի թարգմանիչ թարգմանվող հեղինակի չափ շնորհալի չէ, այնպես որ  այստեղ խնդիր է ծագում: Համեմատության համար ասեմ, որ ավելի բարդ է, քան «Հարրի Փոթերը» թարգմանելը: Երբեմն Միլնը ուղղակի թարգմանական ծուղակներ է ստեղծում, չեմ կարծում, թե հատուկ թարգմանչի համար,  բայց սա մարտահրավեր է. անհրաժեշտ է, որ  հայերենում այդ ամենը նույնքան բնական հնչի, որքան անգլերենում: Որքանով է հաջողվել, արդեն ընթերցողը կդատի:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին