«Հափշտակիչ եւ արագ պատմություն, երբեք՝ անհամ», «Այնպիսի տպավորություն է, ասես Գլաթաուերը թրիլերից բացի ուրիշ ոչինչ չի գրել»: Այս բնորոշումները վերաբերում են Դանիել Գլաթաուերի «Հավերժ քոնը» («Ewig dein») վեպին: «Հավերժ քոնը» ժամանակակից ավստրիական գրականության ամենաընթերցվող վեպերից մեկն է: Հայ ընթերցողին գիրքը ներկայացնում է «Զանգակ» հրատարակչությունը՝ Լիանա Սաֆարյանի բնագրային թարգմանությամբ:
Ինչպես նշվում է գրքի անոտացիայում, երեսունը բոլորած լամպավաճառ Յուդիթի ու Հանեսի սերը ընթերցողին տարակուսանքի մեջ է գցում՝ սկզբում ռոմանտիկ ու շատ կրքոտ տպավորություն թողնելով, որի մասին կարող է երազել միայնակ կինը։ Սակայն անընդհատ ուշադրության ու անսպառ կրքի հետեւում թաքնված են հիվանդագին ապրումներն ու նկրտումները։
Զրուցում ենք «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի ղեկավար Արթուր Մեսրոպյանի հետ:
- Ինչո՞ւ անդրադարձաք հենց այս գրքին:
- «Զանգակ»-ը պարբերաբար հրատարակում է անցյալ դարի կամ քսան-երեսուն տարի առաջվա գրականությունը ՝ լրացնելով բացը, որ երկար տարիներ ունեցել ենք: Մյուս կողմից՝ ժամանակակից գրողներին ներկայացնելը մեր առաջնահերթությունն է: Գլաթաուերն այսօր Եվրոպայում ամենաընթերցված գրողներից մեկն է:
Լուսանկարը` Հասմիկ Բարխուդարյան
Ընտրեցինք նրա վերջին տարիների գործերից, որպեսզի թարմությունը պահպանենք եւ ունենանք իրոք ժամանակակից գրականություն, այն, ինչ կարդում են այսօր աշխարհում: Այսօր Հայաստանում հաճախ են հրատարակվում մոնումենտալ, դարակազմիկ, բարձրարժեք գրքեր, առանց որոնց հնարավոր չէ: Դա շատ լավ է, բայց, մյուս կողմից, նման գրքերի ընթերցանությունը բարդ է՝ չես կարող մեկ-երկու գիշերում կարդալ: Որպեսզի գիրքը դառնա ընթերցողի առօրյայի անբաժանելի մասը, պետք է նաեւ այնպիսի գրականություն, որ կհետաքրքրի հենց այսօրվա ընթերցողին, միաժամանակ լինելով լավ գրականություն՝ ապահովելով ինտելեկտուալ ժամանց: Նման գրքերը շատ կարեւոր են, թեթեւ են ընթերցվում, բայց նաեւ նստվածք են տալիս ու կարծես ուղեկցում են քեզ:
- Սա սիրայի՞ն վեպ է, դետեկտի՞վ, թե հոգեբանակա՞ն:
- Ինձ թվում է՝ ժամանակակից գրականության մեջ որեւէ թեմա առանձնացնելն այդքան էլ շնորհակալ գործ չէ: Գրողների միջեւ մրցակցությունը շատ մեծ է եւ նրանք փորձում են հնարավորինս հետաքրքիր գրել, գրողական տարբեր տեխնիկաների դիմել, թեմատիկ բազմազանություն ապահովել, որպեսզի ստեղծագործությունը ընթերցողին հենց առաջին տողերից գրավի: Կոնկրետ «Հավերժ քոնը» վեպը, երևի թե, մոտ է հոգեբանական թրիլերին: Թե՝ ինչու, փակագծերը չեմ բացի, ընթերցողը կարդալիս կտեսնի:
- Կա ակնարկ այն մասին, որ «Հավերժ քոնը» վեպում նկարագրած պատմությունն իրական հիմք ունի: Ի՞նչ գիտեք այս մասին:
- Այն, ինչ նկարագրվում է վեպում՝ հարաբերությունները կանանց եւ տղամարդկանց միջեւ, եվրոպական հասարակության ամենօրյա կյանքի մոդել է: Շատ բնական կարող է լինել, որ այդ հարաբերությունների մոդելը ինչ-որ պարագայում նման զարգացումներ ստանա: Իհարկե, չեմ բացառում, որ կան ստեղծագործական հավելումներ, մշակում, երեւակայություն՝ հավանական է, որ նույնությամբ դեպքը տեղի չի ունեցել:
Իրական հիմքն այն է, որ կինը կարող է դառնալ տղամարդու հետապնդումների զոհ, կամ կինն իրեն հետապնդված զգա՝ առանց իրական հիմքի: Ի դեպ, ինձ համար գերադասելի ավարտ կլիներ, եթե պարզվեր, որ կնոջն է թվացել հետապնդումը: Կստացվեր, որ կոնֆլիկտը ոչ թե դրսում, այլ ներսում է տեղի ունենում, ինչը բնորոշ կլիներ եվրոպական հանգիստ կենսակերպով ապրող մարդկանց:
- Դանիել Գլաթաուերի վեպը սիրո՞ պատմություն է, թե՞ վտանգավոր սիրո, որը, ինչպես վերջում պարզվում է, սեր էլ չի: Մյուս կողմից՝ գիրքը ընթերցելուց հետո մտածում ես, եթե սիրո պատմություն չէ, ինչո՞ւ է վերնագրվել «Հավերժ քոնը»:
- Սիրո պատմությունները շատ տարբեր են՝ սկսած «Ռոմեո եւ Ջուլիետից», վերջացրած «Օթելլոյով»: Այս դեպքում, կարծում եմ, սիրային պատմություն կա, հատկապես՝ սկզբի տեսարաններում: Ուրիշ բան, որ վեպը կեսից նոր երանգներ, նոր դրսեւորում ու մեկնաբանություն է ստանում: Թե ինչո՞ւ «Հավերժ քոնը», ընթերցողը վեպի կեսից կհասկանա: Միաժամանակ պետք է վերապահմամբ մոտենալ վերնագրին, նայել այլ տարբեր դիտանկյուններից:
Լուսանկարը` Զանգակ
- Հոգեբույժը զգուշացնում է Յուդիթին, որ նա պատրաստվում է հարյուրավոր համառ, բութ, անվստահ եւ անբարեհաճ մարկանց կղզու ճանապարհը բռնել: Չե՞ք կարծում, որ յուրաքանչյուր ոք այստեղ կարող է տեսնել իր խնդիրները, մեկուսացման կղզի տանող իր ճանապարհը: Իսկ լուծումը հետեւյալն էր. Յուդիթը հաղթեց, որովհետեւ չկորցրեց ինքն իրեն օգնելու կարողությունը:
- Միանշանակ այդպես է, շատ հստակ մի դրվագ կա, երբ Յուդիթը երկրորդ անգամ դուրս է գալիս հոգեբուժարանից, աչքն ընկնում է մրգամանին, որտեղ բանաններ են դրված: Այստեղ էպիֆանիա է տեղի ունենում: Գիտակցական ոլորտում ոչ էական բանանը ենթագիտակցականում միայն միրգ չէր, խորհրդանշական իմաստ ուներ: Յուդիթը դեռ մանկությունից տհաճ հիշողություն ուներ բանանի հետ կապված, որ հետագայում նրան ուղեկցել էր, ու հենց մրգամանին դրված բանանը նրան հուշեց՝ ինչպես քանդել պատմության կծիկը: Այսինքն՝ Յուդիթը սկսեց ապաքինվել այն ժամանակ, երբ հասկացավ ինքն իրեն, երբ հասավ արմատին: Իհարկե, դրան նպաստեցին նաեւ մասնագետների, ընկերների, հարազատների հոգատարությունն ու խնամքը:
- Ի դեպ, շրջապատի վերաբերմունքը ուշագրավ էր նաեւ այն առումով, որ հերքում էր տարածված կարծիք, թե եվրոպական երկրներում մարդը միայնակ է:
- Չգիտեմ՝ որտեղից է այդ պատկերացումը, որ մենք ավելի ջերմ ենք, եվրոպացիները՝ ավելի սառը: Այդպես չէ: Ուղղակի գուցե իրենց ջերմությունը, ընկերական հարաբերութուններն ավելի զուսպ են, ավելի նրբանկատ ու շրջահայաց: Միֆ է նաեւ, որ Եվրոպայում ընտանիք հասկացություն չկա, ինչը տեսնում ենք նաեւ հերոսուհու օրինակով, ծնողների, եղբոր հետ ունեցած նրա հարաբերություններում:
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: