exclusive
2794 դիտում

«Աննա Ֆրանկի օրագիրը»՝ կոտորածի սարսափն ու պայծառ արեւը


Դրվագ «Աննա Ֆրանկի օրագիրը» ներկայացումից
Դրվագ «Աննա Ֆրանկի օրագիրը» ներկայացումից
Աննա Ֆրանկի թանգարանում ցուցադրվող նրա օրագրի բնօրինակը
Աննա Ֆրանկի թանգարանում ցուցադրվող նրա օրագրի բնօրինակը

Լուսանկարը` REUTERS

Աննա Ֆրանկի արձանն Ամստերդամում
Աննա Ֆրանկի արձանն Ամստերդամում
Լուսինե Համբարյանը
Լուսինե Համբարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Ընթերցողի սեղանին է «Աննա Ֆրանկի օրագիրը»: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ պրինտ» հրատարակչությունը: Անգլերենից թարգմանել է Լուսինե Համբարյանը: Գրքի շապիկը ձեւավորված է՝ ըստ Աննա Ֆրանկի իրական օրագրի շապիկի (կազմի հայերեն տարբերակը՝  Արաբո Սարգսյանի):

«Աննա Ֆրանկի օրագիրը» Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից է: Գրվել է հրեա աղջիկ Աննա Ֆրանկի կողմից՝ հոլանդերեն: Նացիստական բռնազավթման ժամանակ Ֆրանկների ընտանիքը երկու տարի թաքնվել է: Ապաստարանում տասներեքամյա Աննան, ով իր օրագրին պայմանականորեն Քիթի էր անվանում, նկարագրել է թաքստոցում պատսպարված 8 մարդկանց կենցաղը, բռնազավթված Հոլանդիայում տիրող իրավիճակն ու իր սեփական ապրումները:


«Աննա Ֆրանկի օրագիրը» թարգմանվել է 62 լեզվով: Ներկայացվել է նաեւ «Երիտասարդ աղջկա օրագիրը», «Տան հետին սենյակում», «Թաքստոց» վերնագրերով: Առաջին անգամ հրատարակվել է 1947-ին՝ Ամստերդամում: Դա գրքի խմբագրված եւ կրճատված տարբերակն էր: Հայերեն գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1962-ին, թարգմանվել է կրճատված տարբերակից:

Լուսինե Համբարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գրաքննության արդյունքում գրքից դուրս էին մնացել Աննայի նեղ անձնական գրառումներն իր հասունացման մասին, որոշ էջեր կրճատվել են Աննայի հոր՝ Օտտո Ֆրանկի խնդրանքով, մասնավորապես, այն հատվածները, որտեղ Աննայի բացասական վերաբերմունք է արտահայտում մոր եւ ապաստարանի մյուս բնակիչների հանդեպ. «Այս հրատարակության մեջ ներկայացրել ենք հնարավորինս ամբողջական տարբերակը, եթե չհաշվենք այն, որ ժամանակին գուցե ինչ-որ թղթեր օրագրից կորել են»:
Լուսինե Համբարյանը Լուսինե Համբարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Ինչ վերաբերում է վերնագրի ընտրությանը, թարգմանչի խոսքով՝«Աննա Ֆրանկի օրագիրը» ավելի ընդհանրական է նկարագրում այս գործը, հայ ընթերցողին էլ այն առավել հայտնի է հենց այս վերնագրով:

- Աննան օրագիրը սկսել է գրել 1942-ի հունիսի 12-ից: 1944-ի օգոստոսի 1-ին կատարել է վերջին գրառումը: Նա հույս էր հայտնում, որ հոկտեմբերին դպրոց կգնա... «Հիմա ես գիտեմ, որ արիությունն ու կենսուրախություն աշխարհում ամենակարեւոր բաներն են»,- գրում է Աննան: Իր ապագա ծրագրերի մասին խոսելիս` ասում է, որ եթե Աստված իրեն կենդանի թողնի, շատ բանի կհասնի, աննկատ չի մնա, կաշխատի մարդկանց համար: Ու տխուր է մտածելը, ինչպես են հույսը, լավատեսությունն ու բարությունը բիրտ ձեւով սպանվում:

-Իսկապես հետաքրքիր է վերջին գրառումը, որ եւ ավարտ է, եւ շարունակություն: Ճիշտ է, ընդհատվում է օրագիրն այդ էջում, բայց զարմանում ես, որ, ասես, կանխատեսելով այդ ավարտը, Աննան թույլ չի տալիս, որ ընթերցողն ամբողջովին տխրությամբ լցվի: Հետաքրքիր է, թե 13-ամյա աղջիկն ինչ խորությամբ է ընկալել կյանքը, ինչպես է կարողացել այդչափ լավատես ու բարի լինել, երբ շուրջը մահ էր ու սարսափ:

Պարզապես հրաշք է, որ ես դեռ իմ բոլոր հույսերը չեմ կորցրել: Չէ՞ որ դրանք անհեթեթ ու անիրագործելի են թվում: Իսկ ես, հակառակ բոլորի, ամուր կառչում եմ դրանցից, որովհետեւ հավատում եմ, որ մարդը բարի է:

Ինչո՞ւ  են ամեն օր միլիոններ ծախսում պատերազմի վրա, իսկ բժշկական օգնության, արվեստի համար եւ աղքատներին ոչ մի ցենտ չի կարելի հատկացնել: Ինչո՞ւ պիտի մարդիկ սովամահ լինեն, երբ աշխարհի մյուս մասերում մթերքը հոսում է: Ինչո՞ւ են մարդիկ այդքա՜ն հիմար:

Ընթացքում անընդհատ զգացողություն կա, որ չի շարունակվելու օրագիրը: Աննան նույնպես ունի այդ զգացողությունը: Կարծում եմ, նա վախենում էր, ինչը բնական է, բայց միաժամանակ պատրաստ էր ավելիի, քան ապաստարանի մյուս բնակիչները: Առանձնանում էր նաեւ հոր կերպարը, հետաքրքիր է, ի սկզբանե գիտեի, ներքին զգացողություն կար, որ հայրը չի մահանալու:
Աննա Ֆրանկի արձանն Ամստերդամում Աննա Ֆրանկի արձանն Ամստերդամում


- Եթե Աննայի կյանքը չընդհատվեր, օրագիրն արդյո՞ք նույն հնչեղությունը կունենար: Կարծում եք՝«Աննա Ֆրանկի օրագիրը» որպես գեղարվեստական գո՞րծ է հզոր, թե՞ ավելի շատ որպես փաստաթուղթ:

-Կարծում եմ՝ եթե գեղարվեստական արժեք չունենար, որպես փաստաթուղթ հետաքրքիր չէր լինի ընթերցողին, որովհետեւ շատ այլ փաստաթղթեր կան, որ նման հնչողություն չեն ստացել: Այս գրքի առավելությունն այն է, որ գրողը հենց ականատեսն է, չկան ավելացված-պակասեցված էմոցիաներ, իր մտքերն են, այն է, ինչ ինքը տեսել է:

Ընթերցողը տեսնում է իրական պատմություն, իրական մարդկանց մասին: Միաժամանակ՝ եթե փաստաթղթային արժեք չունենար, եւ Աննայի կյանքն անժամանակ չընդհատվեր, որպես գեղարվեստական գործ գուցե այսչափ ազդեցիկ չլիներ:

- Աննան գիտե՞ր, որ մի օր տպագրվելու է իր օրագիրը:

- Կարծում եմ, սկզբում չի մտածել, բայց 1944 թվականի գարնանը ռադիոյով լսում է Նիդերլանդների կրթության նախարարի ելույթը, որը կոչ էր անում քաղաքացիներին պահպանել իրենց տառապանքների մասին վկայող բոլոր փաստաթղթերը, օրագրերը: Հենց այդ ժամանակ Աննան որոշում  է կայացնում վերաշարադրել իր օրագիրը՝ վերածելով այն վեպի:
Աննա Ֆրանկի թանգարանում ցուցադրվող նրա օրագրի բնօրինակը Աննա Ֆրանկի թանգարանում ցուցադրվող նրա օրագրի բնօրինակը

Լուսանկարը` REUTERS


- Հոլոքոստը մերժողներից ոմանք պնդում էին, որ Աննա Ֆրանկի օրագիրը կեղծիք է։

-Նման վարկածներ կան, բայց հակված եմ հավատալու, որ սա իրական պատմություն է, կարդալիս ակամա հավատում ես Աննա Ֆրանկին, հավատում ես, որ նա կա: Բացի այդ, դատաբժշկական ուսումնասիրությունները վաղուց ապացուցել են, որ Աննայի ձեռագիրը իրական է:

-Իբրեւ թարգմանիչ՝ զգացողություններն ինչպիսի՞ն էին:

-Հետաքրքիր էր աշխատել այս գրքի վրա: Դժվարություններ առանձնապես չեն եղել, բայց ինչքան էլ տիրապետես օտար լեզվին, լեզվամտածողությունդ հայերեն է, պետք է այնպես թարգմանես, որ հայալեզու ընթերցողի համար եւս իրական ու հարազատ լինեն դեռահաս աղջկա մտքեր:

Գնա՛ դաշտ, ազատ ու արձակ վայրերը, պայծառ արեւի տակ, գնա՛ ու փորձի՛ր երջանկությունը գտնել քո մեջ, Աստծո մեջ: Մտածի՛ր այն գեղեցիկի մասին, որ ստեղծվում է քո հոգում  եւ քո շուրջ, եւ եղիր երջանիկ:

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am