«Պորտնոյի ցավը». դառը դեղահաբ կամ մեծ խիզախման ակտ - Mediamax.am

exclusive
7380 դիտում

«Պորտնոյի ցավը». դառը դեղահաբ կամ մեծ խիզախման ակտ


Ֆիլիպ Ռոթը
Ֆիլիպ Ռոթը

Լուսանկարը` Bob Peterson/TIME LIFE Pictures/Getty Images

Ֆիլիպ Ռոթը
Ֆիլիպ Ռոթը
Philip Roth-Portnoy
Philip Roth-Portnoy

Լուսանկարը` Անտարես

Զավեն Բոյաջյանը
Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` Արտաշես Մարտիրոսյան


«Անտարես» հրատարակչությունը Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ եւ ծանոթագրություններով լույս է ընծայել Ֆիլիպ Ռոթի «Պորտնոյի ցավը» (Portnoy's Complaint ) վեպը: Ամերիկացի հանրահայտ գրողի՝ 1969 թվականին հրատարակված վեպն արժանացել է ծայրահեղ տարբեր բնորոշումների՝«ամենակեղտոտ գրքից» մինչեւ «ամերիկյան գլուխգործոց»:

 

Մեր զրուցակիցը Զավեն Բոյաջյանն է:

 

- «Պորտնոյի ցավը» «Արգելված գրքեր» մատենաշարով  չէ, որ հրատարակվել է: Ինչո՞վ է դա պայմանավորված:

 

- Գիրքը նախատեսված էր հրատարակել հենց «Արգելված գրքեր» մատենաշարով, քանի որ Ռոթի այս վեպը 1969-ին լույս տեսնելուց հետո ոչ միայն թեժ կրքերի տեղիք տվեց, այլեւ գրաքննչական խոչընդոտների դեմ առավ: Ամերիկյան շատ գրադարաններ արգելք դրեցին գրքի վրա, 1969-71 թթ. «Պորտնոյի ցավն» Ավստրալիայում դարձավ խիստ արգելանքի, բռնագրավման եւ դատավարությունների առարկա, Խորհրդային Միությունում եւ Արեւելյան Եվրոպայի սոցիալիստական երկրներում անթույլատրելի որակվելով՝ տպագրվեց միայն 90-ականներին՝ կոմունիստական վարչակարգի փլուզումից հետո:

 

Գրողն ինքը Ամերիկայում իր վիրավորված հրեա հայրենակիցների սանձազերծած արշավանքից ապաստան էր գտել Յադոյում (արվեստագետների կացավայր Նյու Յորք նահանգի Սարաթոգա Սփրինս քաղաքում, որտեղ եւ, իմիջիայլոց, մասամբ գրվել է «Պորտնոյի ցավը»), միառժամանակ էլ հաստատվել էր Լոնդոնում:

 

Բայց, ինչպես պարզվեց, 85-ամյա գրողի սրտով չէր, որ իր վեպը հայերեն հրատարակվի «արգելված» մակնիշով: Բնականաբար, անհնար էր հաշվի չնստել ամերիկյան գրականության նահապետներից մեկի կամքի հետ: Դժվարանում եմ մեկնաբանել՝ Ռոթն այլեւս նշանակություն չի տալիս ժամանակին վեպի առաջացրած բուռն արձագանքին, թե՞ գլխավորապես արտասահմանում գրքին վիճակված արգելքները բավարար չի համարում «Պորտնոյի ցավն» արգելված գրականության նմուշ համարելու: Ինչեւէ, հարկ եղավ հայերեն հրատարակության համար ինչ-որ միջանկյալ տարբերակ գտնել, որը, ի դեպ, առաջարկեց «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Philip Roth-Portnoy Philip Roth-Portnoy

Լուսանկարը` Անտարես

Ըստ իս՝ հնարամիտ լուծում գտնվեց. «Պորտնոյի ցավն» իր ձեւավորմամբ շատ նման է «Արգելված գրքեր» մատենաշարին, բայց եւ համապատասխան է Ռոթի ցանկությանը: Քանի որ այդ ցանկությունը վերաբերում էր զուտ շապիկի ձեւավորմանը, գրքում պահպանվել է իմ գրած վերջաբանը, որը հանգամանորեն ներկայացնում է վեպի գրաքննչական ճակատագիրը, ինչպես եւ ավանդաբար արվում է «Արգելված գրքեր» մատենաշարի հրատարակություններում:

 

- Ինչպես եւ նշել եք գրքի վերջաբանում, 2013-ի վերջին հրապարակված տվյալներով գրքի 6 միլիոն օրինակ է վաճառվել,  վեպն անցել է երկարակյաց բեսթսելերների կարգը եւ թարգմանվել բազմաթիվ լեզուներով: «Պորտնոյի ցավը»  հաջողության գրավականը սկանդա՞լն էր, թե՞ գրական-գեղարվեստական արժանիքները:

 

- Սկանդալը, ինչպես ասում են, լավագույն գովազդն է, բայց միայն սկանդալին ապավինելով՝ հեռուն չես գնա: Իհարկե, «Պորտնոյի ցավը» թերեւս առայսօր շատ դառը դեղահաբ է, սառցաջրի ցնցուղ գրքի հերոսի եւ հեղինակի ազգակիցների համար, բայց ինչպես ժամանակին, այնպես էլ հիմա անհնար է հարգանքի տուրք չտալ Ֆիլիպ Ռոթ գրողի աներեւակայելի անկեղծությանը եւ իրեն ու ազգակիցներին կողքից դիտարկելու խենթ քաջությանը, այն երգիծական, հաճախ տրագիկոմիկական փայլին, որով պարուրված է ամբողջ վեպը:

Զավեն Բոյաջյանը Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` Արտաշես Մարտիրոսյան

«Պորտնոյի ցավը» միայն վեպ չէ, այլ առաջին հերթին մեծ խիզախման ակտ: Նման արմատական ժեստերը չեն մոռացվում:

 

-Վեպը բացառապես ինքնակենսագրակա՞ն է, թե՞ պարզապես ինքնակենսագրական տարրեր կան:

 

- Ինչպես Ֆիլիպ Ռոթի շատ գործեր, «Պորտնոյի ցավը», շաղախված է ինքնակենսագրական տարրերով, բայց վեպը չի կարելի ինքնակենսագրական համարել, որքան էլ Ռոթը հակված լիներ իր կենսագրությունն իսկ սպանիչ երգիծանքով ներկայացնելու:

 

- Հրեա գրողի հրեատեցությունը (եթե կարելի է այդպես ասել), կռիվը սեփական ժողովրդի, պատմության, մշակույթի, «բազմաչարչար ժառանգության» հետ ինչո՞վ է բացատրվում: Գուցե ինքնապաշտպանությու՞ն է, գենետիկ հիշողությու՞ն, մեղքի զգացո՞ւմ, թե՞ մի ուրիշ բան:

 

- Գրողի եւ նրա հերոսի կռիվը, ըստ էության, ինքն իրեն հասկանալու, իր ինքնությունն ըմբռնելու, սեփական անձը եւ սեփական ժողովրդին անկողմնակալորեն ընկալելու, ավանդական ստերեոտիպերից ու կլիշեներից՝ ամեն կարգի առասպելներից ձերբազատվելու, ազգային բացառիկության ու սնապարծության դրոշն իջեցնելու, այլատյացությունից, բազում բարդույթներից ազատվելու, անձնական ու ազգային-տիպական թերությունների մեջ խորամուխ լինելու (այս թվարկումը կարելի է երկար շարունակել) անդուլ ճիգեր են, այլ կերպ ասած՝ տանջալի ինքնափնտրտուք հանուն ինքնահաստատման, կենսական ձախողումների ու հիասթափության արմատները պրպտելու ջանք:  

 

- Ծնողների, հատկապես մոր ծայրահեղ հոգատարությունը, վերահսկումը, անձնազոհությունը, «չի կարելիները» ճնշում են վեպի հերոսին, նույնիսկ,  երբ կարծես դուրս է եկել այդ վերահսկողությունից:  Մինչդեռ թվում է՝ մարդիկ հոգեբանի դուռն են գնում ավելի շատ մանկության տարիներին չսիրված լինելու, հոգատարության պակասի պատճառով...

 

- Դե, հոգատարության ավելցուկն էլ կարող է նույնքան աղետալի հետեւանքներ բերել, որքան պակասը: Այդ ավելցուկի վառ օրինակները շատ են «Պորտնոյի ցավը» վեպում: Եվ գրողի ընկալմամբ հենց այդ ավելցուկն է չափազանց հոգատարության ու նաեւ դրա հակոտնյա դաժանության, անվերջ հովանավորելու, փեշից բաց չթողնելու եւ զավակի կյանքը շարունակ տնօրինելու, ավանդույթներն ու ավանդական պատկերացումները նրան անպայման փոխանցելու տեսքով հանգեցնում ախտաբանական խանգարման, որին Ռոթն իր հերոսի ազգանունով Պորտնոյի ցավ անվանումն է տվել՝ բժշկական տերմին հորինելով: 

 

«Լոլիտա»՝ ավերիչ կրքի ինքնանկարը

- Ինքնամեղադրանքների պոռթկումը ավարտվում է ինքնարդարացմա՞մբ («Դե գոնե ինչքան ապրել, զի՜լ եմ ապրել»):

 

- Ճիշտ հակառակը: Պորտնոյը գրքի վերջում կանգնած է իր կյանքի ավերակների առաջ, եւ ինքը հիանալիորեն գիտակցում է դա: Նրան չի փրկում նույնիսկ այցելությունը նախնյաց երկիր՝ արմատներին վերադառնալու փորձը, ընդհակառակը, դա ավելի է նպաստում նրա կատարյալ ֆիասկոյին: Գրքի գրոտեսկային վերջաբանը Պորտնոյի պատմությունը վերջնականապես վերածում է խեղված կյանքի եւ ինքնության անփարատ տրագիֆարսի:

 

-Ի՞նչ կարող է տալ գիրքը կոնկրետ հայ ընթերցողին:

 

- Թեեւ «Պորտնոյի ցավը» հրեական միջավայր է պատկերում, աղերսները մեր իրականության եւ իրողությունների հետ ակնհայտ են, եթե նկատի ունենանք երեխայի դաստիարակության ներկայացվող մոդելը, ծնողների հարատեւ ներկայությունն արդեն հասակ առած զավակի կյանքում, ավանդական մտածելակերպն ու նիստուկացը պարտադրելու նրանց համառությունը, արգելքներն ու սեքսուալ տաբուները, բարդույթներն ու նեւրոզները եւ այլն, եւ այլն:

Ֆիլիպ Ռոթը Ֆիլիպ Ռոթը

 

Քանի որ գրքում խոսքը ամերիկաբնակ հրեայի եւ նրա շրջապատի մասին է, արտացոլված են նաեւ մեզ քաջածանոթ այնպիսի մոտիվներ, ինչպիսիք են սփյուռքահայի երկփեղկված ազգային գիտակցության, օտար-յուրային փոխհարաբերությունների, ուծացման, բարքերի, սովորույթների եւ արժեքային համակարգերի տարբերության բազմաթիվ հարցեր: Իմ կարծիքով, այս ամենը եւ մանավանդ սեփական ցավը, խնդիրները, անլուծելի թնջուկները ազնիվ անաչառությամբ ու ամենայն անկեղծությամբ վերլուծելու, հաճախ էլ դրանք աննախապաշար, հեգնոտ ծիծաղով ներկայացնելու նախանձելի ունակությունը անչափ կարեւորում են գիրքը մեզ համար: 

 

- Ի՞նչ կասեք թարգմանության ընթացքի մասին:

 

- Դժվարությունները շատ էին, երբեմն հուսահատեցնելու աստիճանի տանջալի: Վեպը գրված է հերոսի անունից, փաստորեն մի երկարաշունչ մենախոսություն է կենդանի խոսքի նմանակմամբ, ուստի թարգմանելիս բնական, խոսակցականին մոտ լեզվական տարերք է պահանջում: Բնագրում ամերիկյան սլենգախառն անգլերենը համեմված է իդիշով եւ հրեական տոների ու ծեսերի անվանումներով, այնպես որ հարկավոր էր լավ ծանոթանալ եւ՛ իդիշին, եւ՛ եբրայերենին այս յուրահատկությունը վերարտադրելու համար: Քանի որ հերոսը բեյսբոլի սիրահար է, եւ այդ տիպիկ ամերիկյան խաղը նրա տարերքն է, պետք էր նաեւ բեյսբոլ ուսումնասիրել եւ գրքում օգտագործվող համապատասխան տերմինների հայերեն համարժեքներ գտնել: Վեպում շատ են եւ սեռական բնույթի նկարագրություններն ու գռեհկաբանությունները, ընդ որում՝ այդ ամենը ներկայացված է հեգնանքով, հաճախ էլ գրոտեսկի հասնող սարկազմով. ամենադժվարը այս անվայել տեսարանների թարգմանությունն էր, այն էլ՝ հեղինակի կիրառած հնչերանգը պահպանելու պայմանով:

 

«Մեր լեզուն, մեր սեքսը»` մաս երրորդ

Թարգմանելիս անգլերեն բնագրից բացի, ձեռքիս տակ ունեի «Պորտնոյի ցավի» ֆրանսերեն եւ երկու իսպաներեն տարբերակ, որոնք եւս շատ օգտակար եղան բնագրին հարազատ հայերեն թարգմանություն ունենալու համար: Ցավոք, նույնը չեմ կարող ասել ռուսերեն թարգմանությունների մասին. վեպի երեք ռուսերեն թարգմանություն կա, բայց երեքն էլ ողողված են անհեթեթագույն սխալներով եւ թարգմանչական այլափոխումներով ու հավելումներով: Ճիշտ է, հայերեն թարգմանությունը նախատեսվածից երկար տեւեց թվածս բարդությունների պատճառով, բայց ուրախ եմ, որ հաջողվեց իրոք Ֆիլիպ Ռոթի վեպի հայերեն տարբերակը ստանալ: Մնացածի մասին թող դատեն ընթերցողները:       

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին