Արարատ 73` վերելքի ուղին. խաղ ութերորդ - Mediamax.am

exclusive
7863 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ ութերորդ

19 մայիսի: Տուր VIII: «Արարատ» - «Տորպեդո»

Արկադի Անդրեասյանի արխիվից
Արկադի Անդրեասյանի արխիվից
Ալյոշա Աբրահամյանի արխիվից
Ալյոշա Աբրահամյանի արխիվից
Արկադի Անդրեասյանի արխիվից
Արկադի Անդրեասյանի արխիվից
Արկադի Անդրեասյանի արխիվից
Արկադի Անդրեասյանի արխիվից
eduardmarkarov.com կայքից
eduardmarkarov.com կայքից

Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Առավել մանրամասն նախագծի մասին կարդացեք այստեղ:

 

«Արարատ» - «Տորպեդո» (Մոսկվա)  1:3 (0:2)

 

Երեւան. Հրազդան մարզադաշտ. 19 մայիսի. 25 աստիճան տաքություն. 55 000 հանդիսատես:

 

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Գեւորգյան, Ա.Հարությունյան, Կովալենկո, Մեսրոպյան, Անդրեասյան, Բոնդարենկո, Իշտոյան (Մարկարով, 35), Պողոսով (Ն.Պետրոսյան, 46), Զանազանյան, Ղազարյան:

 

Գոլեր՝ 0:1 Սմիրնով (2), 0:2 Նիկոնով (21), 1:2 Ն.Պետրոսյան (65), Նիկոնով (71):

 

Չիրացված 11-մետրանոց՝ Զանազանյան (30):

 

Արսեն Կակոսյան

 

19 մայիսի: Տուր VIII: «Արարատ» - «Տորպեդո»

       

ՄԻԱՎՈՐՆԵՐ ՉԿԱՆ. ՀԱՇՎՈՒՄ ԵՆՔ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

Ըստ իս, լրագրող-երկրպագուի համար չկա ավելի ծանր փորձություն, քան հաշվետվություն գրելը այն խաղի մասին, որում սիրելի թիմը պարտվել է: Ես նման դեպքերում շատ մեծ դժվարությամբ եմ ինքս ինձ ստիպում ձեքս վերցնել գրիչը: Երեկոյան, փորձելով որեւէ սփոփանք գտնել, ուրախանում էի, որ ստիպված չեմ  հաշվետվություն գրել: Ի՞նչ պետք է գրեի: Թե ինչպե՞ս Զանազանյանը չխփեց 11-մետրանոցը, որը կարող էր փոխել խաղի ընթացքը: Ինչպե՞ս տղաները, ասես կախարդված, հանկարծ կանգնեցին ու այլեւս չցանկացան առաջ շարժվել: Ո՞վ կմտածեր. սեփական դաշտում պարտվել մի թիմի, որն այս խաղաշրջանում ամենեւին էլ բարձր հորիզոնականներում չի գտնվում: Ընդ որում՝ խոշոր հաշվով: Սարսափելի է…

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

   

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

«Տորպեդոյի» հետ հանդիպումները մեզ մոտ վատ չէին ստացվում, սակայն այս խաղին մենք սխալ մոտեցանք: Երբեմն այդպես պատահում է՝ հոգեբանորեն սխալ ես պատրաստվում: Սակայն այս պարտությունը բացառություն էր, քանի որ ավելի ուշ՝ Մոսկվայում մենք հաղթեցինք «Տորպեդոյին»:

 

Գլխավոր մարզչի օգնական Հովիկ Աբրահամյանը միշտ ասում էր, որ պարտությունից հետո խաղացողների «սուգը» տեւում է 1 օր եւ ավարտվում է հաջորդ առավոտյան: Սակայն շատ կարեւոր է դասեր քաղել պարտությունից: Հաջորդ օրը մենք միշտ քննարկում էինք մեր սխալները մարզչի հետ: Խաղացողները միմյանց միջեւ եւս քննարկում էինք պահերը եւ իրենց սխալները՝ փորձելով այնպես անել, որպեսզի դրանք հաջորդ անգամ չկրկնվեն:

 

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

 

…Ներս է մտնում ընկերս՝ կինոդրամատուրգ Առնոլդ Աղաբաբովը: Նա հեռուստատեսային երկրպագու է: «Խոշոր պլանով» նա խաղում նկատել էր ինչ-որ հուսադրող դրվագներ, տեխնիկական բարդ հնարքներ եւ հիմա փնթփնթալով դատողություններ էր անում. «Լավ, պարտվեցինք: Բայց մերոնց մոտ որքան շատ էին դիտարժան դրվագները: Ինչպիսի ցնցող հնարքներ էին կատարում: Եվ այդ ամենը՝ ապարդյու՞ն: Զրո միավոր: Չէ, այդպես չի լինի: Անհրաժեշտ է միավորների համակարգ ներմուծել: Ինչպես գեղասահքում: Կատարողական արվեստի համար, տեխնիկայի համար… Այդպես չե՞ս կարծում… Համամիտ չե՞ս»:

 

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

Շատ ցավալի պարտություն կրեցինք «Տորպեդոյից», քանի որ սեփական դաշտում էինք խաղում: Այդ օրը մեզ մոտ կարծես ոչինչ չստացվեր: Խաղը ճիշտ չէր ընթանում: Հույս ունեինք, որ պետք է հաղթեինք: Պարտության համար որեւէ կոնկրետ պատճառ չեմ կարող առանձնացնել, պարզապես խաղը չստացվեց: Խաղի ավարտից հետո փորձում էինք արագ մոռանալ պարտության մասին:

 

Նույնիսկ երբ թիմը լավ է խաղում, դարպասապահը իր մեկ սխալով կարող է «կոտրել թիմի մեջքը»: Հնարավոր են շատ անակնկալ գոլեր, երբ անսպասելի խոցում են դարպասդ: Խաղից հետո հնարավոր չէ չմտածել սեփական սխալների մասին: Ես ընկերներիս հետ մշտապես քննարկում էի սխալներս:

Լուսանկարը՝ Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

 

Օրերս, չեմ հիշում որտեղ, աչքովս ընկավ այսպիսի ֆուտբոլային «սեւ» հումոր. հաջողվեց շրջանցել հակառակորդին՝ ստանում ես միավոր: Կատարեցիր ճշգրիտ փոխանցում՝ եւս մեկ միավոր: Հաջողվեց «խաբս տալ»՝ եւս մեկը: Հարվածեցիր դարպասին՝ երեք միավոր: Եթե դիպավ դարպասաձողին՝ հինգ կամ վեց միավոր: Իսկ գոլ խփելու դեպքում պետք է ֆուտբոլիստին դափնեպսակ տալ, թող շարունակի խաղալ այն վզին կախած …

 

Իսկ խաղից հետո հաշվել. ով ավելի շատ միավոր ունի, նա էլ հաղթել է: Այսինքն, գոլ խփելն ամենեւին պարտադիր չէ: Ու՞մ է դա պետք: Մի՞թե ժամանակը չէ առհասարակ հրաժարվել այդ անհեթեթ հնությունից:

 

Ամենածիծաղելին այն է, որ մեկ անգամ փորձել էին նորամուծություն կատարել այդ հին խաղում: Շատ տարիներ առաջ՝ հայրենական ֆուտբոլի արեւածագին, մտցվեց նոր հաշվարկ: Պարզապես հաղթելը քիչ էր: Պետք էր նաեւ մտածել «գործոնների» մասին: Դրանք էին՝ խաղացողին դաշտից հեռացնելը, նախազգուշացումները, ուշացումները, կարգի խախտումը, որակազրկումը եւ այլն: Ա.Պ. Ստարոստինը վկայում է, որ այդ «գործոններն» այնքան լուրջ ազդեցություն էին գործում ընդհանուր արդյունքի վրա, որ նույնիսկ դեպք է եղել, երբ հանդիպումների արդյունքում առաջին տեղը զբաղեցրած թիմը դրանց պատճառով հայտնվել է չորրորդ տեղում:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com կայքից:

 

Այդ կարգը, բնականաբար, երկար կյանք չունեցավ:

 

- Ի՞նչ ենք խաղում՝ ֆուտբո՞լ, թե՞«գործոններ»,- վրդովվում էին ֆուտբոլիստները:

 

Չի՞ կարող նույնը պատահել նաեւ այս տարի: Ասենք, ինչ-որ մի թիմ չդառնա չեմպիոն, իսկ մյուսը դուրս մնա բարձրագույն լիգայից միայն այն պատճառով, որ վատ է խփել 11-մետրանոցները: Նախանշաններն արդեն կան: «Զարյա»-ն կարող էր լինել առաջին տեղում, բայց այժմ վեցերորդում է: «Զենիթ»-ը կարող էր ամուր կանգնած լինել միջին դիրքերում, բայց հիմա վերջինների թվում է…

 

Ֆուտբոլային կանոնները բազմաթիվ վեճերի առիթ են դառնում: Նրանց, ովքեր դեմ են փոփոխություններին, անվանում են պահպանողականներ: Կարծում եմ՝ իզուր: Չի կարելի արհեստականորեն բարդացնել ֆուտբոլը: Այդ խաղի զանգվածային ու տարածված լինելու պատճառներից մեկն էլ հենց այն է, որ ֆուտբոլը հասանելի է բոլոր մահկանացուներին: Տղամարդկանցից ո՞վ գոնե մեկ անգամ ոտքով գնդակի չի հարվածել: Իսկ շատերը ոչ միայն մականով չեն հարվածել տափօղակի, այլեւ առհասարակ չեն կարողանում կանգնել չմուշկների վրա: Ի դեպ, ահա թե ինչու ես չեմ հավատում, որ հոկեյը կարող է մրցել ֆուտբոլի հետ եւ երբեւէ դուրս մղել նրան:

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին