Երեւանը դեռ չի հրաժարվում հայ-թուրքական արձանագրություններից, վկայում է Սերժ Սարգսյանի ուղերձը - Mediamax.am

2386 դիտում

Երեւանը դեռ չի հրաժարվում հայ-թուրքական արձանագրություններից, վկայում է Սերժ Սարգսյանի ուղերձը


Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «2015 թվականի խորհուրդը լրջորեն պետք է ընկալվի Թուրքիայում»:

Այս մասին ՀՀ նախագահն ասել է ուղերձում` Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

 

«Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել: Իսկ «ողջամիտ ժամկետներ» հասկացությունն առավել քան արդիական է դառնում», - ասել է Հայաստանի ղեկավարը:

 

«Ապրիլի 24-ը միայն խորհրդանշական տարեթիվ է. բոլորի համար էլ պարզ է, որ հայերի ցեղասպանությունը մեկ օրում չի սկսվել և մեկ օրում չի ավարտվել: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Օսմանյան կայսրության իրավահաջորդը շարունակում է ժխտել ակնհայտ փաստը: Մենք համոզված ենք, որ հանցագործության ժխտումը հանցագործության ուղղակի շարունակությունն է: Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը», - ասել է ՀՀ նախագահը:

 

«Այսօր մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ենք: Սա ապաշխարելու և պատմության խարանը մի կողմ դնելու հնարավորություն կարող է լինել Թուրքիայի համար, եթե, իհարկե, հարևան երկրում կարողանան ուժ գտնել և ազատել իրենց պետության ապագան այս ծանր բեռից:

 

Միաժամանակ հրապարակայնորեն վերահաստատում եմ. մենք Թուրքիայի հասարակությանը չենք դիտում որպես թշնամի: Գլուխ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակի առջև՝ մենք հիշում ենք բոլոր այն թուրք անհատներին, թուրք ընտանիքներին, ովքեր այդ ծանր օրերին ձեռք մեկնեցին բարբարոսների կողմից ոչնչացվող իրենց հայ հարևաններին, ընկերներին, խուժանի ճիրաններից ազատեցին բազմաթիվ հայ մանուկների: Փառք նրանց հիշատակին, ովքեր, անգամ իրենց և իրենց ընտանիքների կյանքը վտանգելով, փրկության ձեռք մեկնեցին մեր բազմաթիվ հայրենակիցներին: Ցանկացած հանրություն, նաև՝ թուրքերը, պետք է հպարտանա իր այն նախնիներով, որոնք կյանքեր են փրկել և ձեռնոց նետել ցեղասպանությանը: Մենք հիշում ենք սա», - հայտարարել է ՀՀ նախագահը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին