Թուրք մտավորականները դատապարտում են հայերի հանդեպ ատելության քարոզը թուրքական դասագրքերում - Mediamax.am

3183 դիտում

Թուրք մտավորականները դատապարտում են հայերի հանդեպ ատելության քարոզը թուրքական դասագրքերում


Լուսանկարը` http://www.todayszaman.com


Երեւան: Մեդիամաքս: Մի խումբ թուրք մտավորականներ՝ գիտնականներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում են թուրքական դասագրքերում հայերի հանդեպ բացահայտ ատելություն եւ թշնամանք սերմանող արտահայտություններ:

Ինչպես գրում է թուրքական Zaman օրաթերթը, թուրքական “Ակոս” եւ “Թարաֆ” պարբերականները վերջերս հոդվածներ էին հրատարակել պատմության դասագրքերում հայերի հանդեպ ատելություն սերմանող դրսեւորումների մասին:

 

Ավելի քան 50 թուրք մտավորականների ստորագրությամբ հրապարակված նամակում, որը գրել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը, մասնավորապես, ասվում է, որ երեխաների համար նախատեսված ուսումնական ծրագրերում նմանատիպ արտահայտությունների ներառումը պարզապես «խայտառակություն է»: 

 

Նամակը ստորագրած թուրք մտավորականները նշել են, որ դասագրքերում պետք է խրախուսվի խաղաղության, համերաշխության եւ միասին ապրելու գաղափարը, այլ ոչ թե ատելությունը տարբեր կրոնական եւ մշակութային խմբերի նկատմամբ:

 

«Պատմության առջեւ միասնական կանգնելու կարողությունը բարեկամության եւ խաղաղության հիմքի վրա ապագա կառուցելու նախապայման է: Ես հույս ունեմ, որ այս ստորագրահավաքը կընկալվի որպես մեր ճիչը՝ ունենալու այնպիսի դասագրքեր, որոնք մենք ցանկանում ենք տեսնել»,- գրել է Թաներ Աքչամը:

 

Նամակում մտավորականները կոչ են անում անհապաղ դպրոցներից հավաքել բոլոր պատմության դասագրքերը եւ հրապարակավ ներողություն հայցել յուրաքանչյուրից, հատկապես հայ աշակերտներից:

 

«Ահա սրանում է հայ-թուրքական հաշտեցման ճանապարհը, երբ մենք մոտենում ենք 2015 թ-ին»,- ասված է նամակում:   

 

Նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել թուրք այնպիսի հայտնի մտավորականներ, ինչպես Օրհան Փամուկը, Բաշքին Օրանը, Չենգիզ Աքթարը, Դարոն Աճեմողլուն, Ֆաթիհ Աքինը եւ ուրիշներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին