Թուրք պատմաբանը խոսել է հայերի սեփականության առգրավման մասին - Mediamax.am

3805 դիտում

Թուրք պատմաբանը խոսել է հայերի սեփականության առգրավման մասին


Մեհմեթ Փոլաթելը
Մեհմեթ Փոլաթելը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Թուրք պատմաբան Մեհմեթ Փոլաթելը Հայաստանի Ամերիկյան համալսարանում ներկայացրել է «Հայկական սեփականության առգրավումը Հայոց ցեղասպանության ընթացքում եւ դրանից հետո» ուսումնասիրությունը:

Մեհմեթ Փոլաթելը զբաղվում է  Օսմանյան ուշ պատմության եւ Թուրքիայի Հանրապետության վաղ շրջանի ուսումնասիրմամբ: Ներկայումս նա Բողազըջը համալսարանում աշխատում է թեկնածուական ատենախոսության վրա:

 

Մեդիամաքս-ը գրի է առել թուրք պատմաբանի որոշ մտքերը:

 

«Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանության ընթացքում եւ դրանից հետո հայկական սեփականության առգրավումը թե՛ ակադեմիական ուսումնասիրության, թե՛ քաղաքական տեսանկյունից շատ կարեւոր թեմա է: Անկախ շարունակաբար վարվող ոչնչացման քաղաքականությունից՝ հայկական սեփականությունը, ունեցվածքը վկայում են Թուրքիայում հայկական մեծ ժառանգության եւ համայնքային մշակույթի առկայության մասին: Հայերի ունեցվածքի հետագա ճակատագրի, դրա առգրավման ուսումնասիրությունն առանցքային նշանակություն ունի Հայոց ցեղասպանության ամբողջականությունը, դրա հետեւանքները պատկերացնելու համար»:

 

«Ժխտողական քաղաքականության արդյունքում Oսմանյան կայսրության արխիվներում պահվող եւ հայերի ունեցվածքի մասին վկայող բազմաթիվ փաստաթղթեր պարզապես ոչնչացվել են: Իսկ այն արխիվները, որոնք դեռ գոյություն ունեն, բաց չեն բոլոր հետազոտողների համար»:

 

«Հայերի սեփականությունն առգրավվելուց հետո այն հանձնվում էր կամ ներգաղթողներին եւ Բալկանյան պատերազմից վերադարձածներին, կամ մուսուլման գործարարներին, կամ էլ օգտագործվում էր պետական կարիքների համար: Հայերի սեփականությունը՝ օրինակ, եկեղեցիները, դպրոցները, այլ հաստատությունները, հետագայում ծառայել են որպես զինանոցներ, ոստիկանական բաժանմունքներ, հոսպիտալներ»:

 

«Հայերի ունեցվածքի առգրավումը իրականացվել է թե պետական, թե անհատական մակարդակով: Այդ գործում ներգրավված են եղել ինչպես կառավարման մարմինները, տեղական իշխանությունները, այնպես էլ առանձին մարդիկ, մասնավորապես, հայերի հարեւանները»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին