Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության պայքարում, ասել է Չ.Աքթարը - Mediamax.am

35829 դիտում

Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության պայքարում, ասել է Չ.Աքթարը


Չենգիզ Աքթարը
Չենգիզ Աքթարը

Լուսանկարը` http://www.taraf.com.tr/


Երեւան: Մեդիամաքս: Թուրք մտավորական, Սաբանչի համալսարանի դասախոս, «Հայե՛ր, ներեցեք մեզ» ակցիայի նախաձեռնող Չենգիզ Աքթարը հայտարարել է, որ Թուրքիան, հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, տանուլ է տվել ճշմարտության համար պայքարում:

«Այլեւս ոչ ոք չի հավատում այդ պարզունակ ժխտողականությանը: Կմախքն այնքան մեծ է, որ այն այլեւ չի վերադառնա պահարան»,- AFP-ին ասել է թուրք մտավորականը:

 

Միեւնույն ժամանակ` Չենգիզ Աքթարը նշել է, որ Թուրքիային պակասում է հեռատես առաջնորդը, որը պատրաստ է լուծել այս խնդիրը: Նրա խոսքով` գլխավոր խնդիրներից մեկը կապված է կրթության հետ, քանի որ շատ թուրքեր պարզապես չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել, եւ ոմանք «հայ» բառն օգտագործում են որպես վիրավորանք:  

 

«2015թ. կառավարության միակ նպատակն է նվազեցնել իր կորուստները»,- նշել է թուրք մտավորականը:   

 

Նրա խոսքով՝ Թուրքիայում իրական վախ կա, որ հայերի ժառանգները կարող են 1915թ. կորցրած տարածքների հանդեպ պահանջներ ներկայացնել:

 

«Այս ամենից բացի, փաստ է, որ ժամանակակից Թուրքիան կառուցված է Անատոլիայում բնակված ոչ մուսուլմանների վտարման եւ ոչնչացման վրա: Առաջ բերելով այս հարցը՝ մենք հարցականի տակ ենք դնում թուրք ազգի հիմնասյուները, ինչն այժմ անհնար է»,- ասել է Չենգիզ Աքթարը:

 

Նա նշել է, որ վերջին հարցումների համաձայն, թուրքերի 9%-ը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը: 

 

«Ջինն արդեն դուրս է եկել շշից: Փոփոխությունը կլինի դանդաղ, բայց այն կլինի: Ես հավատում եմ դրան»,- գրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին