Թուրք գիտնականները չեն հավատում, որ հայաստանյան արխիվի հրապարակումը լույս կսփռի 1915թ. իրադարձությունների վրա - Mediamax.am

4529 դիտում

Թուրք գիտնականները չեն հավատում, որ հայաստանյան արխիվի հրապարակումը լույս կսփռի 1915թ. իրադարձությունների վրա


Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Hürriyet թերթն իր կիրակնօրյա համարում մեծածավալ հոդված է հրապարակել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային նյութերի հետազոտությունների մասին:

Թերթը տեղեկացրել է, որ Հայաստանի ազգային արխիվն այս ամիս սկսելու է ինտերնետում հրապարակել հազարավոր փաստաթղթեր: Հրատարակությունը մեջբերում է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին, ով նշել է, որ «մեր արխիվի թվայնացման հիմնական պատճառը միջազգային գիտնականների ուշադրությունը գրավելն է»:

 

«Թուրքական պատմական հասարակության» փորձագետ Քեմալ Չիչեքի խոսքերով, թուրք գիտնականներն աշխատել են հայկական արխիվներում, սակայն «այնտեղ առկա փաստաթղթերը քիչ տեղեկատվություն են պարունակում 1915թ. մասին»:

 

«Այն փաստը, որ Հայաստանը կբացի իր արխիվները, այնքան էլ կարեւոր չէ, քանի որ այնտեղ եղած փաստաթղթերը ոչ թե բնօրինակներ են, այլ Ռուսաստանից վերցված պատճեններ: Եկեք բացենք դաշնակների արխիվը Երուսաղեմի պատրիարքարանում եւ Բոստոնում: Այդ արխիվները կբացահայտեն դաշնակների համագործակցությունը Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ մեր այլ թշնամիների հետ Առաջին աշխարհամարտի ընթացքում»,- հայտարարել է Քեմալ Չիչեքը:

 

Միաժամանակ, Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սաֆարյանը կարծիք է հայտնել, որ փաստաթղթերի բնօրինակներն անհրաժեշտ է փնտրել Թբիլիսիում, որտեղ այդ ժամանակ տեղակայված է եղել Ռուսաստանի վարչական եւ ռազմական կառավարությունը: Նա ասել է նաեւ, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութեր կարող են հայտնաբերվել Երուսաղեմում:

 

Արա Սաֆարյանը հայ գիտնականներին առաջարկել է ուսումնասիրել թուրքական կարեւոր արխիվները, մասնավորապես, վարչապետի եւ ռազմական արխիվները:

 

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հայտարարել էր, որ արխիվում կան ավելի քան 10 հազ. փաստաթղթեր 1914-1915թթ. իրադարձությունների վերաբերյալ, որոնք պարունակում են Արեւմտյան Հայաստանի 700 բնակավայրերի բնակիչների հուշերը: Նրա խոսքերով մինչեւ 2015թ. նախատեսվում է հրապարակել եռահատոր հավաքածու փաստաթղթերի, վկայությունների, ինչպես նաեւ գյուղերի բնակիչների, որբացած երեխաների ու այլ երկրների քաղաքացիների հուշերի հիման վրա: 

 

Մեր ընտրանին