Վաղվանից զինված ուժերը նոր, ավելի տաք ձմեռային համազգեստ կունենան - Mediamax.am

2335 դիտում

Վաղվանից զինված ուժերը նոր, ավելի տաք ձմեռային համազգեստ կունենան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոյեմբերի 18-ից Հայաստանի Զինված ուժերի անձնակազմը նոր նմուշի ձմեռային համազգեստի կանցնի:

 

ՀՀ Զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, փոխգնդապետ Վահան Պապյանի փոխանցմամբ, նոր համազգեստը պաշտպանության նախարարի հանձնարարականով մշակվել է ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության կողմից:

 

«Այն արտաքինով չի տարբերվում ներկայիս ձմեռային համազգեստից, բայց մի շարք առավելություններ ունի»,- ասել է նա:

 

Նոր համազգեստում փոխվել է ձմեռային վերարկուի տաքացնող շերտը: Այն պատված է սինտեպոնով եւ երկու կողմից մշակված մեմբրանային տեսակի կտորով, ինչն արգելում է ցրտի ներթափանցումը: Վահան Պապյանը նշում է, որ դա երաշխավորում է գրեթե 100% ջերմաապահովություն:

 

Համազգեստի ներսում տեղադրված է քամուց պաշտպանող էլաստիկ ժապավենով գոտի, որը եւս խոչընդոտում է սառը օդի ներթափանցմանը: Ձմեռային վերարկուի թեւքերը մշակված են տրիկոտաժե մանժետներով, իսկ բթամատի համար հատուկ  տեղ է թողված, որը ցուրտ կլիմայական պայմաներում կարող է կիսատ ձեռնոց դառնալ` տաք պահելով ձեռքի առաջամասը: Համազգեստն ունի նաեւ ոչ ջրանցիկ կտորից մշակված գլխանոց, որը հնարավոր է օգտագործել քամու, անձրեւի եւ ձյան ժամանակ` զինծառայողին պաշտպանելով արտաքին ազդեցությունից: Վերարկուի գրպանները ներսից պատված են տաք կտորով` գրպանում գտնվող ձեռքը տաք պահելու համար:

 

Փոխգնդապետը վստահեցրել է`«սինտեպոնի հիմքով համազգեստն ավելի թեթեւ է եւ տաք: Այն կարող է մինչեւ 40 աստիճան ցրտի պայմաններում պահել մարդու մարմնի ջերմաստիճանը»:

 

Նոր համազգեստի տաբատը նույնպես մշակված է սինտեպոնով եւ հատուկ աստառով: Այն Զինված ուժերում կրելու են բոլորը` շարքային, պայմանագրային, ինչպես նաեւ սպայական կազմը: Համազգեստը կտարբերվի միայն հատուկ տարբերանշաններով, որոնք կամրացվեն հենց այդ նպատակով հատկացված հատվածում:

 

Վերարկուից ու տաբատից բացի, մշակվել են նաեւ նոր տեսակի ձմեռային գլխարկներ, որոնք, ըստ Վահան Պապյանի, ոչնչով չեն զիջում նախկինին, սակայն շատ թեթեւ են, հարմարավետ, տաք եւ ապահովում են զինծառայողի առավելագույն քողարկում:

 

«ՀՀ ԶՈՒ նոր համազգեստը չի զիջում մի շարք առաջատար երկրների ձմեռային համազգեստին: Ներկայումս զորային փորձարկման փուլում են գտնվում նաեւ ճտքավոր կոշիկների նմուշները, որոնց դրական արդյունքի դեպքում համազգեստը կհամալրվի նաեւ դրանցով»,- ասել է ՀՀ Զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետը:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին