Հայ խաղաղապահներն արդեն գովեստի խոսքեր են լսում Լիբանանում - Mediamax.am

exclusive
5752 դիտում

Հայ խաղաղապահներն արդեն գովեստի խոսքեր են լսում Լիբանանում


Լուսանկարը` UNIFIL

Լուսանկարը` UNIFIL


Դեկտեմբերի 4-ից Լիբանանի Շամա ռազմակայանն ամբողջությամբ գտնվում է հայ խաղաղապահների պահպանության ներքո: Հայ խաղաղապահների 32 հոգուց բաղկացած զորախումբը Լիբանան էր մեկնել նոյեմբերի 26-ին՝ ՄԱԿ-ի UNIFIL (United Nations Interim Force in Lebanon) առաքելությանը շրջանակներում:

 

Մեդիամաքս-ի հետ զրույցում Լիբանանում հայկական խաղաղապահ զորախմբի հրամանատար, մայոր Արտաշ Դանիելյանը պատմել է, որ մինչ առաքելության վայր մեկնումը հայ խաղաղապահները մեկամսյա նախապատրաստական ծրագիր եբ անցել:

 

«Լիբանան մեկնեցինք նախ երեք հոգով, այցելեցինք Շամա ռազմակայան, որտեղ պետք է տեղակայվեր մեր զորախումբը, ծանոթացանք պայմաններին, վերադարձանք Հայաստան եւ հետո մեկնեցինք 32 հոգանոց զորախմբով՝ 28 զինծառայող, 3 սպա եւ 3 ջոկերի հրամանատարներ»,- պատմել է մայոր Դանիելյանը:

 

Ժամանումից անմիջապես հետո հայկական զորախումբն անցել է մեկշաբաթյա դասընթաց՝ ծանոթանալով ռազմակայանի անվտանգության կանոններին, ընդհանուր տեղանքին, այլ երկրներից ռազմակայանում ծառայող խաղաղապահներին:

 

Լիբանան ժամանելու երկրորդ օրը ռազմակայանում հանդիսավոր արարողությամբ, ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո բարձրացվել է ՀՀ պետական դրոշը: Արարողությանը ներկա էին ռազմակայանի հրամանատարը, ով նաեւ արեւմտյան սեկտորի հրամանատարն է, ինչպես նաեւ ռազմակայանում ծառայող այլ երկրների խաղաղապահները:

 

Մեկշաբաթյա դասընթացի ավարտից հետո՝ դեկտեմբերի 4-ին, հայկական զորախումբն ընդունել է ծառայությունը եւ ապահովում է Շամա ռազմակայանի պաշտպանությունը:

 

Պատրաստ ցանկացած սցենարի

 

Մինչ հայ խաղաղապահների ժամանումը ռազմակայանի անվտանգության ապահովումն իրականացվել է տարբեր երկրների զորախմբերի կողմից՝ շաբաթական շուրջօրյա հերթապահության կարգով: 

 

«Մեր ժամանումից հետո ռազմակայանի պահպանությունը գտնվում է ամբողջապես մեր պատասխանատվության ներքո: Դա ենթադրում է դիտաշտարակների, պաշտպանիչ կետերի հսկողություն, ռազմակայանի գլխավոր մուտքով  մտնող եւ դուրս եկող մեքենաների ստուգում, գիշերային պարեկություն, ռազմակայան այցելող անձանց ուղեկցում»,- Մեդիամաքս-ին ասել է հայկական զորախմբի հրամանատարը:

 

Նրա խոսքերով, Լիբանանում իրավիճակը փոփոխական է, բայց հայ խաղաղապահներն ամենօրյա ծառայության ընթացքում ցուցաբերում են առավելագույն զգոնություն եւ պատրաստ են իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: 

 

Լիբանան մեկնած բոլոր խաղաղապահները փորձառու են, եւ արդեն հասցրել են թրծվել իրենց գործում՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցելով  Կոսովոյում եւ Աֆղանստանում:

 

Շամա ռազմակայանն արդեն հասցրել է ականատես դառնալ հայկական զորախմբի փորձառությանը եւ բարձր մասնագիտական պատրաստվածությանը:

 

Ռազմակայանում անցկացվող փորձնական պարապմունքներում հայ խաղաղապահները փայլել են՝ սահմանված 30 րոպեի փոխարեն գերազանց կատարելով առաջադրանքը 18 րոպեում:

 

«Մեր առջեւ դրված խնդիրները կատարում ենք 100 տոկոսով: Այս մասին է վկայում մեր զորախմբի հասցեին հնչող բարձր գնահատականները թե՛ իտալական հրամանատարության, թե՛ այլ երկրների ներկայացուցիչների կողմից: Մենք լուրջ ենք մոտենում մեր գործին եւ դա նկատում են»,- ասում է Արտաշ Դանիելյանը:

 

Հայ-իտալական փոխըմբռնման մասին  

 

Իտալական հրամանատարությունը, որի ներքո անցնում է մեր խաղաղապահների ծառայությունը, շատ ջերմ է ընդունել հայկական զորախմբի ժամանումը Շամա ռազմակայան:

 

Արտաշ Դանիելյանի խոսքերով, առաջին օրվանից հայերի եւ իտալացիների միջեւ հաստատվել են ջերմ գործընկերային հարաբերություններ: Դրան մեծամասամբ նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ հայկական զորախմբի հրամանատար Դանիելյանը անցյալում  ռազմական կրթություն է ստացել Իտալիայում, եւ փայլուն խոսում է իտալերեն:

 

«Մեծ ջերմությամբ ընդունեցին մեզ: Կարելի է ասել, որ մեր եւ իտալացիների փոխըմբռնումը պարզապես գերազանց հիմքերի վրա է»,-նշում է հրամանատարը:

 

Հայ խաղաղապահները, ընդհանուր առմամբ, գոհ են ծառայության պայմաններից: Մեր տղաների սնունդն ապահովում է իտալական հրամանատարությունը: 

 

«Սնունդն իսկապես լավն է, իտալացիները շատ լավ են պատրաստում: Մեզ առաջարկել են նաեւ ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ որեւէ հայկական կերակրատեսակ պատրաստել ողջ ռազմակայանի համար: Մենք, իհարկե, ցույց կտանք պատրաստման եղանակը, իսկ մնացածը թող իրենք անեն»,- կատակում է զորախմբի հրամանատարը:

 

Ազգային խոհանոցից ինչ-որ բան համտեսելը խաղաղապահների միջեւ շփում հաստատելու ուղիներից մեկն է: Արտաշ Դանիելյանը նկատում է, որ հայ խաղապահների հանդեպ օտարերկրյա զինծառայողների հետաքրքրությունը մեծ է:

 

«Նրանք փորձում են ճանաչել մեզ, մեր երկիրը, ցանկանում են ավելի շատ բան իմանալ այն մասին, թե ինչո՞վ ենք զբաղվել մինչ Լիբանան գալը: Եղել են դեպքեր, երբ մեզ մոտեցել են եւ ասել, թե նախորդ գիշեր այս կամ այն բանն են ընթերցել Հայաստանի, հայ ժողովրդի մասին: Այդպես էլ սկսվում է շփումը, մտերմությունը»,- պատմում է նա:

 

Մեր խաղաղապահները մշտական կապի մեջ են գտնվում Հայաստանում իրենց հարազատների եւ ընտանիքների հետ ինտերնետային հաղորդակցության միջոցների շնորհիվ:

 

«Մենք մեր հայրենիքի զինվորներն ենք: Այսօր մեր տղաները, ովքեր կանգնած են առաջին գծում, պահում են Հայաստանի խաղաղությունը եւ անվտանգությունը: Մեր ծառայությունն էլ է նույնը: Մենք այստեղ ներկայացնում ենք Հայաստանը, որն իր ներդրումն է բերում միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում: Պատվով ենք կատարելու մեր ծառայությունը», - վստահեցնում է Արտաշ Դանիելյանը:

 

Եկատերինա Պողոսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին