ՀՀ ԶՈՒ-ն անցնում է «Սանձահարման/Զսպման համակարգի» - Mediamax.am

10947 դիտում

ՀՀ ԶՈՒ-ն անցնում է «Սանձահարման/Զսպման համակարգի»


Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայկական զինված ուժերը «Ստատիկ պաշտպանությունից» կանցնեն «Սանձահարման/Զսպման համակարգին»:

Այս մասին հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 16-17-ը Վիեննայում կայացած «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարի ժամանակ:

 

«ՀՀ անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացի համար նպաստավոր պայմաններ ձեւավորելու նպատակադրմամբ՝ նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ: Դրանցից է «Սանձահարման/Զսպման համակարգը» (Deterrence system), որը Հայաստանի Հանրապետությունը գործի է դնում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

 

Նրա խոսքով՝ «Սանձահարումը/Զսպումը» ՀՀ ԶՈՒ դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգը, որը «հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել որպես անբավարար հզորության վկայական»:

 

«Իրականում, 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելի, քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ: Այնպես որ՝ Հայաստանի Հանրապետությունը իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահսկման ոլորտում առկա սահմանափակումները: «Սանձահարման/Զսպման համակարգը» կիրականացվի ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով»,- նշել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

 

Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ռոուզ Գոթեմոլերի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին