ՀՀ ԶՈՒ լազերային սարքը կարող է կուրացնել հակառակորդի դիպուկահարին - Mediamax.am

32515 դիտում

ՀՀ ԶՈՒ լազերային սարքը կարող է կուրացնել հակառակորդի դիպուկահարին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Զինված ուժերի փոխգնդապետ Արամ Սայադյանը մանրամասներ է ներկայացրել հայ մասնագետների ստեղծած լազերային կուրացման սարքի վերաբերյալ:

«Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում Արամ Սայադյանն ասել է, որ այն նախատեսված է ռազմական նշանակության օպտիկական սարքեր հայտնաբերելու համար, որոնք տեղակայված են, տեղադրված են եւ օգտագործվում են հակընդդեմ:

 

«Դա կարող է լինել ռազմական նշանակության հեռադիտակ, օպտիկական հետախուզության ցանկացած սարքավորում, ինչպես նաեւ օպտիկա-էլեկտրոնային հետախուզության, այսինքն՝ ջերմատեսիլ սարքեր, տարբեր էլեկտրոնային տեսախցիկներ, գիշերային կամ սակավ տեսանելիության պայմանների խցիկների աշխատանք: Եվ վերջապես, ամենակարեւորը՝ դիպուկահարների տեղի բացահայտման գործառույթն է իրականացնում»,- ասել է փոխգնդապետը:

  

Նրա խոսքով՝ մինչեւ դիպուկահարի աշխատելը, նախքան կրակոց արձակելը, սարքը թույլ է տալիս այն հայտնաբերել, որքան էլ որ դիպուկահարը քողարկված լինի:

 

Հայ մասնագետների ստեղծած սարքը դիպուկահարի գտնվելու վայրը հայտնաբերում է անդրադարձվող ճառագայթները որսալու միջոցով, եւ լազերային հզոր ճառագայթի օգնությամբ շարքից հանում է տվյալ օպտիկական սարքը:

 

«Մեր սարքի ճառագայթի հզորությունը բավարար է, որպեսզի ամբողջովին այրի նշանոցի մեջ եղած այն դետալները, որոնց օգնությամբ դիպուկահարը կարգավորում է կրակոցը: Օպտիկան ոչնչացնելու ժամանակ լազերային ճառագայթը կարող է հարվածել նաեւ հակառակորդի աչքին՝ ընդհուպ մինչեւ տեսողության ամբողջական կորուստ պատճառել»,- ասել է Արամ Սայադյանը:

 

Սարքի ամբողջ կոմպլեկտացիան՝ հարակից սարքավորումներով, կարելի է երկու հոգով տեղափոխել: Այն նաեւ հեշտ է քողարկել, քանի որ փոքր է:

 

Փոխգնդապետը հավելել է, որ եթե հակառակորդը բացահայտի սարքը, որը տեղադրված է առաջնագծում ու կատարում է իր մարտական խնդիրը, ապա կրակային խոցման դեպքում այն օգտագործող անձնակազմին, օպերատորին չի վնասի, որովհետեւ «նա իր ամբողջ հասակով խրամատի ներսում է գտնվում, իսկ սարքը, իր միջոցներով, դուրս է նայում»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին