«Մեր ունեցած զենքը թույլ է տալիս պաշտպանել մեզ»,- ասել է Օհանյանը - Mediamax.am

6218 դիտում

«Մեր ունեցած զենքը թույլ է տալիս պաշտպանել մեզ»,- ասել է Օհանյանը


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրիլի սկզբին նախաձեռնած եւ տապալած բլիցկրիգից հետո համապատասխան հետեւություններ կանի:

Այս մասին Սեյրան Օհանյանն ասել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում:

 

«Կարծում եմ՝ սահմանին տիրող հարաբերական հանգիստ իրավիճակից առաջին հերթին համապատասխան հետեւություններ է արել Ադրբեջանի ղեկավարությունը՝ հասկանալով, որ հեշտ հաղթանակի հասնել չեն կարող: Տապալված բլիցկրիգը թույլ է տալիս հետեւություններ անել, որ ավելի մանրակրկիտ մտածեն ապագայում: Նրանք գործ ունեին Արցախի Պաշպանության բանակի հետ, որն այսօր մեր տարածաշրջանում մրցունակ է իր պատրաստվածությամբ, մարտունակությամբ եւ վարպետությամբ»,- ասել է նախարարը:

 

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր գործողությունից հետո ՀՀ ՊՆ-ն եւ Արցախի ՊԲ-ն վերլուծություն են անում, որի եզրահանգումները թույլ են տալիս ճիշտ պլանավորում իրականացնել:

 

«Համատեղ վերլուծությունը վկայում է, որ ՀՀ ԶՈՒ զարգացման պլաններն այսօր համապատասխանում են ներկայիս վիճակին: Պաշտպանության համար ստեղծված բնագծերը, մեր ունեցած զենքը եւ սպառազինությունը, դրանց առկա քանակությունը թույլ են տալիս ապահովել մեր պաշտպանությունը եւ հակահարձակողական գործողությունների իրականացումը»,- ասել է Սեյրան Օհանյանը:

 

Մյուս կողմից, նախարարն ընդգծել է, որ ՀՀ ԶՈՒ-ն ունեցել է նաեւ բացթողումներ, սակայն անպատրաստ չի եղել ապրիլյան պատերազմի ժամանակ:

 

«Եթե պատրաստ չլինեինք, ապա Ադրբեջանի զինված ուժերն ագրեսիայի ժամանակ կհասնեին իրենց նպատակներին»,- ասել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

 

Անդրադառնալով ԶՈՒ-ում տեղի ունեցած պաշտոնանկություններին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ կադրային փոփոխությունները կատարվել են բարեփոխումների շրջանակում: Ինչ վերաբերում է գալիք զորակոչի անցկացմանը, նախարարն ասել է, որ դրա հերթականությունը նույնն է մնալու:

 

«Քառօրյա պատերազմից հետո առաջին անգամ ենք զորակոչ անցկացնելու: Պատերազմը ցույց տվեց, որ մեր երիտասարդությունն առավել քան պատրաստ է, պատասխանատվության աստիճանը չափազանց բարձր է, եւ կարճ ժամանակում տիրապետում է հայրենյաց պաշպանի մասնագիտությանը: Այս տարի մենք շեշտը դնելու ենք նախազորակոչային տարիքի եւ ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների վրա»,- շեշտել է նախարարը:

 

Խոսելով ռուսական վարկի եւ ծանր զենքի մատակարարման ժամկետների մասին՝ Սեյրան Օհանյանը նկատել է, որ վարկի տրամադրումը եւ դրա շրջանակում առկա պայմանավորվածություններն ընթանում են ըստ ժամանակացույցի: Նրա խոսքով՝  պայմանագրերի 80%-ից ավելին արդեն կնքված են, մյուսը մասը կկնքվի կարճ ժամանակում:

 

Խոսելով ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի մասին՝ նախարարն ասել է. «Ուզում եմ կրկնել, որ եւ՛ խաղաղ պայմաններում, եւ՛ մարտական գործողությունների ժամանակ, Կովկասյան տարածաշրջանի հայաստանյան հատվածի հակաօդային պաշտպանության ուժերի եւ միջոցների պլանավորումն ու կիրառումն իրականացնելու է ՀՀ ՀՕՊ եւ ավիացիայի հրամանատարությունը»:    

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին