ՊՆ-ն շարունակում է քննել «զինգրքույկների գործը» - Mediamax.am

4244 դիտում

ՊՆ-ն շարունակում է քննել «զինգրքույկների գործը»


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր զորացրված զինծառայողներին հորդորել է դիմել «Թեժ գծի» 1-28 անվճար հեռախոսահամարով՝ զինգրքույկներում գրառումների անհամապատասխանության դեպքում:

«Հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր խախտման դեպք անհատապես կուսումնասիրվի եւ կստանա համապատասխան ընթացք, իսկ մինչ օրս դիմողները ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ կստանան գրավոր պատասխաններ», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

 

Այստեղ նշել են, որ հետեւողականորեն ուսումնասիրվում են «Թեժ գծով» արդեն ստացված ահազանգերը ՝ զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական հերթապահություն իրականացնելու, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումների առկայության կամ դրանց վավերականության վերաբերյալ:

 

«Ձեռնարկվում են միջոցներ թերությունները շտկելու, սխալների կրկնվելը բացառելու ուղղությամբ՝ զինգրքույկներում ապահովելով զորացրված յուրաքանչյուր զինծառայողի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքները հավաստող գրառումներ: «Թեժ գծով» հնչած յուրաքանչյուր ահազանգ մանրակրկիտ ուսումնասիրվել է եւ առ այսօր ստացված դիմում-բողոքների վիճակագրական պատկերը հետեւյալն է.

 

- զորացրված զինծառայողների կողմից զինվորական գրքույկներում 2016թ. ապրիլի 2-ից 6-ը տեղի ունեցած մարտերին մասնակցելու մասին համապատասխան գրառումների վերաբերյալ ներկայացվել է ընդամենը 75 դիմում-բողոք, որից՝

- 70 դիմում-բողոքներում ներկայացված հարցերը չեն հիմնավորվել, քանի որ տվյալ զորամասերի ստորաբաժանումները նշված ժամանակահատվածում մարտերին չեն ընդգրկվել, զորամասերի պաշտպանության տեղամասերում հակառակորդի կողմից գրոհներ (հարձակողական գործողություններ) չեն իրականացվել: Տվյալ զորամասերն իրականացրել են մարտական հերթապահություն, հետեւաբար զինվորական գրքույկներում կատարվել են գրառումներ միայն մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ;

 

- 1 զինծառայողի վերաբերյալ, ով մասնակցել է մարտերին եւ պարգեւատրվել է «Արիություն» մեդալով` զինվորական գրքույկում համապատասխան գրառում կատարված չի եղել,

 

- 4 զինծառայողների վերաբերյալ փաստաթղթերում հաշվառված տվյալները ճշգրտման կարիք ունեն:

 

«Դիմում-բողոքներում արտացոլված խնդիրների ուսումնասիրման, թերությունների վերացման, մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ եւ որոշ պաշտոնատարներ արդեն ենթարկվել են պատասխանատվության», - նշել են նախարարությունում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին