Վիգեն Սարգսյանը դիմել է իր նախկին ուսանող Արմեն Գրիգորյանին - Mediamax.am

5953 դիտում

Վիգեն Սարգսյանը դիմել է իր նախկին ուսանող Արմեն Գրիգորյանին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այսօր դիմել է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար եւ իր նախկին ուսանող Արմեն Գրիգորյանին:

Վիգեն Սարգսյանն արձագանքել է Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ «ինքը միշտ վատ է վերաբերվել Ազգ-Բանակ կոնցեպտին»:

 

«Քո եւ պաշտպանական ոլորտի մեր նոր ղեկավարների արդյունավետ եւ հետեւողական ծառայությունից է կախված մեր ողջ հասարակության, մեզնից յուրաքանչյուրի, մեր ընտանիքների բարեկեցությունն ու խաղաղ կյանքը: Ուստի, հուսով եմ, վայրկյան անգամ չես կասկածում, որ սրտանց մաղթում եմ, որ հաջողես, քանի որ ձախողումների գինը յուրաքանչյուրս է վճարելու` յուրաքանչյուր հայ մարդ: Քո եւ պաշտպանական մեր թիմի հաղթանակները մեր բոլորի երազանքն են:

 

Ունեմ քեզ երկու խորհուրդ: Դրանցից առաջինը՝ ձեր ուսանող տարիներին իմ կողմից տրված խորհրդի հիշեցումն է, իսկ երկրորդը երկար տարիներ տարբեր պաշտոններում հայրենիքին ծառայած մարդու խորհուրդ է՝ նորանշանակ պաշտոնյային:

 

Երբ ուսանող էիք, ես ձեզ միշտ ասել եմ` կարող եք արտահայտել ցանկացած կարծիք, բայց պետք է հստակ պատկերացնեք նյութը, որի մասին կարծիք եք հայտնում, մանրամասն աշխատած լինեք այդ նյութի վրա:

 

Երեկ լսեցի քո հարցազրույցը «Ազատություն» կայքի եթերում: Պետք է անկեղծ ասեմ՝ հիասթափված եմ: Այդքան վստահ կարծիք ես հայտնում «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին` առանց նյութին ծանոթ լինելու: Այն, ինչ երեկ ներկայացնում էիր որպես այդ հայեցակարգի հիմնական թեզ, «Ազգ-բանակ»-ին վերաբերող որեւէ փաստաթղթում, ելույթում եւ դրա շրջանակներում ներդրված որեւէ ծրագրում չես կարողանա մատնանշել: Քո հարցազրույցից բխում էր, որ հայեցակարգի առանցքը հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելն է, քանի որ, ըստ քեզ, եկել ենք այն մոտեցումից, որ մեր հասարակությունը հայրենիք չի սիրում:

 

Այնինչ, իրողությունն այլ է: «Ազգ-բանակի» հիմքում հետեւյալն է` երբ բանակդ բնակչության թվի համեմատ անհամաչափ մեծ է, եւ հետեւաբար դրան հատկացվող հանրային ռեսուրսներն անհամաչափ մեծ` պետությունը պարտավոր է այդ լրացուցիչ բեռը դարձնել շարժիչ ուժ` հասարակությանը վերադարձնելով ամենատարբեր ոլորտներում` ռազմական գիտությունից եւ արդյունաբերությունից մինչեւ կրթական համակարգ եւ բուժ.սպասարկում: Բանակը պետք է ավելի թափանցիկ գործի` արձագանքելով հանրության յուրաքանչյուր հարցին եւ մտահոգությանը: Որպես տնտեսության սուբյեկտ բանակը պետք է նշաձող սահմանի եւ տնտեսական մրցակցության, եւ կոռուպցիայի դեմ պայքարի, եւ արդյունավետության բարձրացման ոլորտում: «Ազգ-բանակը» ոչ թե հասարակությանը` հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է: Այդ թվում` ակտիվ պահեստազորի ներդրման, ժամկետային եւ պայմանագրային ծառայությունը համադրելու, զինծառայողների համար սոց.պաշտպանության ավելի գործնական մեխանիզմներ ներդնելու միջոցով:

 

Կրկնվեմ, յուրաքանչյուր ոք ազատ է իր կարծիքն արտահայտելու հարցում: Սակայն, կարծիք արտահայտող հանրային պաշտոնյան գոնե պարտավոր է շատ հստակ պատկերացնել, թե ինչի մասին է խոսում: 

 

Պարոն Գրիգորյան, պաշտոնը պարտավորեցնում է, առավել եւս՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

 

Որպես նախկին պաշտոնյա՝ ներկայումս բեռ կրող մարդու, ուզում եմ մի կողմից համբերություն եւ կատարած աշխատանքի արդյունքներով ուրախանալու առիթներ մաղթել, մյուս կողմից էլ խորհուրդ տալ` անկախ բեռի ծանրությունից եւ պատասխանատվության ծավալից մի փորձիր միավոր վաստակել՝ սեւացնելով նախկինում արած աշխատանքը: Արա քո գործն, արա այն ավելի լավ, ավելի արդյունավետ, եւ հասարակությունն անպայման կգնահատի», - գրել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին