ՌԴ ռազմակայանի հրամանատարը ներողություն է խնդրել միջադեպի համար - Mediamax.am

5113 դիտում

ՌԴ ռազմակայանի հրամանատարը ներողություն է խնդրել միջադեպի համար


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ղեկավարությունը ներողություն է խնդրել հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղի մոտ ՌԴ զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար:

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին, ՀՀ-ում ՌԴ ռազմական եւ ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցեւին եւ ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղի մոտ ՌԴ զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները: ՀՀ պաշտպանության նախարարը պահանջել է ներկայացնել մանրամասն տեղեկատվություն տեղի ունեցածի կապակցությամբ:

 

ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարը զեկուցել է միջոցառման բնույթի, պլանավորման եւ իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, ըստ գնդապետ Ելկանովի զեկույցի՝ միջոցառումն ընդգրկված է եղել հայկական կողմի հետ նախապես համաձայնեցված, ՌԴ 102-րդ ռազմակայանի 2018թ. մարտական պատրաստության ծրագրում, որի վերաբերյալ բազայի հրամանատարությունը համապատասխան կարգով իրազեկել է ՀՀ իրավասու մարմիններին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել եւ հավաստիացրել է, որ հետայսու առավել հետեւողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման եւ իրազեկման հարցերում:

 

Դավիթ Տոնոյանը հորդորել է նմանատիպ հարցերում առավել սերտ եւ մանրակրկիտ աշխատանք իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ եւ առավել մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական բնակչության հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը, հաղորդում են պաշտպանության նախարարությունից: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին