Այսուհետ աշնանային զորակոչը կիրականացվի դեկտեմբերից փետրվարն ընկած ժամանակահատվածում - Mediamax.am

4579 դիտում

Այսուհետ աշնանային զորակոչը կիրականացվի դեկտեմբերից փետրվարն ընկած ժամանակահատվածում


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարել է, որ այս տարվանից փոխվելու են աշնանային զորակոչի իրականացման ժամկետները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանն ասել է, որ այսուհետ աշնանային զորակոչը կիրականացվի դեկտեմբերից փետրվարն ընկած ժամանակահատվածում:

 

Պաշտպանության նախարարը նշել է, որ «փորձելու ենք աշնանը զորակոչն իրականացնել վիճակահանությամբ»:

 

«Նման օրինակ մենք արդեն ունենք: Ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտները վիճակահանությամբ են բաշխվում զորամասերում:

 

Վիճակահանության դրական կողմն այն է, որ զինակոչիկների բաշխման գործընթացը կիրականացվի արդարության եւ հավասարության սկզբունքով: Բացասական կողմն այն է, որ, նկատի ունենալով զինակոչիկների մի շարք առանձնահատկությունները, մեզ համար դժվար կլինի վիճակահանությամբ բաշխում կատարել»,- նշել է նա:

 

Պաշտպանության նախարարի խոսքերով, վերջին տարիներին ՊՆ առաջընթաց է արձանագրել զորակոչի ընթացքում կոռուպցիոն երեւույթների վերացման ուղղությամբ:

 

«Մենք խիստ վերահսկում ենք զինակոչիկների կցագրման եւ զորակոչի գործընթացը, բժշկական հանձնաժողովների աշխատանքը»,- նշել է Սեյրան Օհանյանը:

 

Անդրադառնալով Զինված ուժերում արտակարգ պատահարների վիճակագրությանը՝ նախարարն ասել է, որ  2012 թ.-ի համեմատ, այս տարի պատահարների թիվը նվազել է գրեթե 30 %-ով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին