Մ. Բաղդասարով. «Արմավիան» 4 տարի «ապարդյուն» բանակցություններ է վարում «Զվարթնոց» օդանավակայանի հետ - Mediamax.am

9290 դիտում

Մ. Բաղդասարով. «Արմավիան» 4 տարի «ապարդյուն» բանակցություններ է վարում «Զվարթնոց» օդանավակայանի հետ


«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը
«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը այսօր հերքել է ընկերության վաճառքի մասին լուրերը:

Ինչպես հաղորդում Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած ճեպազրույցում Միխայիլ Բաղդասարովը վրդովմունք է հայտնել «Արմավիա» ընկերության վաճառքի եւ Փարիզում նրա ինքնաթիռներից մեկի ձերբակալման վերաբերյալ հայաստանյան ԶԼՄ-ների հրապարակումների կապակցությամբ:

 

«Ո՞վ է ասել, որ մեր ինքնաթիռը ձերբակալված է: Մենք բանակցում ենք նրա լիզինգի գնի նվազեցման ուղղությամբ, եւ ինքնաթիռը ներկայումս վերանորոգվում է: Ես արդեն 20 անգամ ասել եմ, որ չեմ վաճառում ընկերությունը»,- հայտարարել է գործարարը:

 

Մեկնաբանելով մարտի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանի կողմից «Արմավիա» ընկերության Երեւան-Մոսկվա չվերթի հետաձգման հանգամանքը` Միխայիլ Բաղդասարովն ասել է, որ օդանավակայանի ղեկավարությունը վարում է անհավասարակշռված գնային քաղաքականություն: Նրա խոսքերով, օդանավակայանի ղեկավարությունը նույն սակագներն է կիրառում եւ ամսական ընդամենը 4 չվերթ կատարող ընկերությունների, եւ «Արմավիա»-ի նկատմամբ, որն ամեն ամիս իրականացնում է շուրջ 950 չվերթ:

 

«Օդանավակայանին մեր պարտքն այնքան էլ մեծ չէ: Մեր ընկերությունն ամեն ամիս «Զվարթնոց» օդանավակայանին վճարում է $ 4-8 մլն: Բոլոր նորմալ օդանավակայաններում վճարումը կատարվում է ծառայությունների մատուցմանը հաջորդող ամսում»,- հայտարարել է Միխայիլ Բաղդասարովը: Նա տեղեկացրել է, որ ի նշան «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկման բարձր սակագների դեմ բողոքի` «Արմավիա» ընկերությունն այսօր հետաձգել է իր պլանային չվերթներից մեկը:

 

Պատասխանելով հարաբերությունները բանակցությունների միջոցով կարգավորելու հեռանկարների մասին Մեդիամաքսի հարցին` Միխայիլ Բաղդասարովն ասել է, որ 4 տարի շարունակ «Արմավիան» «ապարդյուն բանակցություններ է վարում «Զվարթնոցի» ղեկավարության հետ»: Նրա խոսքերով, «օդանավակայանի ղեկավարությունն իրեն համարում է ուժեղ եւ ունակ մեզ ճնշել»:

 

«Մեր ինքնաթիռների կայանումն արտասահմանյան օդանավակայաններում ավելի էժան է, քան «Զվարթնոցում»: Մենք ստիպված ենք արտասահմանում ստանալ բազմաթիվ ծառայություններ, մասնավորապես, այնտեղ վառելիք գնել»,- հայտարարել է «Արմավիա» ընկերության սեփականատերը:

Մեր ընտրանին