Հայաստանը ռեկորդակիր է ԱՊՊԱ-ի գծով փոխհատուցումներով, ասել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի փոխնախագահը - Mediamax.am

5455 դիտում

Հայաստանը ռեկորդակիր է ԱՊՊԱ-ի գծով փոխհատուցումներով, ասել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի փոխնախագահը


Լուսանկարը` Photolure


Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանը ռեկորդներ է սահմանել ոչ միայն ԱՊՊԱ պայմանագրերի կնքման տեմպով, այյլեւ փոխհատուցումների կշռով, այսօր Երեւանում ասել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը:

Ըստ նրա, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի պրակտիկայում չի դիտարկվել փոխհատուցումների նման դինամիկա: «Ռուսաստանում, օրինակ, փոխհատուցումների նման ցուցանիշներ գրանցվել են ԱՊՊԱ ներդրման 3-րդ տարում միայն»,- ասել է Ռաֆայել Մինասբեկյանը, հավելելով, որ թեեւ դա վատ է անդրադառնում ֆինանսական ցուցանիշների վրա, բայց լավ է ապահովագրության հանդեպ հանրությունում դրական վերաբերմունքի ձեւավորման տեսանկյունից:

 

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Գրիգորյանն ասել է, որ եթե 2011թ. հունվարին ընկերությունը ստացել է 411 դիմում ԱՊՊԱ-ի գծով փոխհատուցում ստանալու համար, ապա այս տարվա առաջին 30 օրերի ընթացքում նման դիմումների թիվը հասել է 889-ի, իսկ փոխհատուցման ենթակա գումարն աճել է 67%-ով:

 

Նրա խոսքերով, ԱՊՊԱ-ի շահութաբերությունը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ում 2011-ին կազմել է ընդամենը 3-5%, քանի որ ապահովագրության այս տեսակից հավաքագրված վճարների 55%-ն ուղղվել է փոխհատուցումներին, 16-17%-ը՝ գործակալներին (որպես միջնորդավճար), 3%-ը՝ ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյին, իսկ շուրջ 20%-ը՝ ադմինիստրատիվ ծախսերին:

 

Նման պայմաններում շահութաբերություն ապահովելու նպատակով ընկերությունն օպտիմալացնելու է ծախսերը, մասնավորապես, սկսելու է պոլիսների առցանց վաճառք, նշել է Գագիկ Գրիգորյանը, իսկ Ռաֆայել Մինասբեկյանը հավելել է, որ եթե 2012-ին ԱՊՊԱ-ն շահույթ չապահովի ընկերության համար, ապա այն ստիպված է լինելու բարձրացնել սակագների փոփոխման հարցը:

 

Գագիկ Գրիգորյանի գնահատմամբ, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ն հանդիսանում է Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարը՝ ծածկելով ԱՊՊԱ շուկայի շուրջ 33-35%-ը, իսկ ապահովագրության բոլոր տեսակների մասով՝ 24-27%-ը: 

Ռաֆայել Մինասբեկյանն իր հերթին նշել է, որ եթե Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ապահովագրված է հնարավոր բոլոր ռիսկերի 95-96%-ը, իսկ Արեւելյան Եվրոպայում՝ 30-50%-ը, ապա Հայաստանում այս ցուցանիշը, նրա գնահատականներով, դեռ չի հասել նույնիսկ 1%-ի, ինչը մատնանշում է ոլորտի զարգացման ներուժն երկրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին