ԿԳՆ-ում քննարկվել է հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումը - Mediamax.am

12777 դիտում

ԿԳՆ-ում քննարկվել է հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումը


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել է Save the childeren միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը եւ «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության եւ կրթության» ծրագրի աջակից` «Մեդիկոր» հիմնադրամի ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետիին:

«Շատ կարեւոր է, երբ միջազգային հասարակական կազմակերպությունները Հայաստանում հետեւողական եւ արհեստավարժ գործունեություն են ծավալում: Այն մեծ աշխատանքը, որ դուք իրականացնում եք նախադպրոցական կրթության զարգացման եւ ներառականության տարածման ուղղությամբ, կարեւոր եւ հեռանկարային գործընթաց է եւ համահունչ է մեր այսօրվա կրթական քաղաքականությանը»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:

 

Ռիկուս Ջասոմետին ընդգծել է, որ երկրորդ անգամ լինելով Հայաստանում` կոնկրետ դրական տեղաշարժեր է նկատում:

 

«Այսօր ես վերադարձել եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն համայնքից, որտեղ գործում է դպրոցահեն նախակրթարանը, եւ շատ տպավորված եմ: Այստեղ, անշուշտ, նաեւ մեր կազմակերպության աջակցությամբ աշխատանքներ են տարվում ոչ միայն երեխաների, այլ նաեւ նրանց ծնողների հետ. գործում է ծնողական ռեսուրս կենտրոնը»,- նշել է Ռիկուս Ջասոմետին:

 

Անդրադառնալով ներառականության տարածման խնդրին` Լեւոն Մկրտչյանը նշել է, որ հասարակության շրջանում դեռեւս թյուրըմբռնում կա:

 

«Ներառականությունը շատերի պատկերացմամբ հաշմանդամ երեխաների ինտեգրում է սովորական հանրակրթական դպրոցներ, որոնք էլ պետք է հարմարեցված լինել հաշմանդամներին: Այնինչ, համընդհանուր ներառականության ապահովում է ցանկացած տիպի կարիք ունեցողի ինտեգրումը միջավայրին, օրինակ, ինչով ներառականություն չէ սիրիահայ երեխաների ինտեգրումը մեր հասարակությանը եւ դպրոցական կյանքին, կամ ասենք բացառիկ կարողություններով օժտված երեխայի ինտեգրումը իր հասակակիցների շրջանում»,-ասել է նախարարը:

 

Այս համատեքստում Լեւոն Մկրտչյանը կարեւորել է ուսուցչի օգնականի հաստիքի ներդրումը, որը ներառվել է հաջորդ տարվա պետբյուջեի նախագծում:

 

Save the childeren հայաստանյան ներկայացուցչության ծրագրերի իրականացման գծով ավագ ղեկավար Իռեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կազմակերպությունը մտադիր է ընդլայնել գործունեության շրջանակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին