Հայ աշակերտները կպայքարեն Լիտվայում ուսանելու համար - Mediamax.am

exclusive
9521 դիտում

Հայ աշակերտները կպայքարեն Լիտվայում ուսանելու համար


Լուսանկարը` Լիտվայի դեսպանություն


Լիտվայի Կլայպեդա քաղաքի LCC միջազգային համալսարանը Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում փետրվարի 24-ին կազմակերպել էր անգլերեն լեզվի հռետորական արվեստին նվիրված մրցույթ, որին մասնակցել էր Հայաստանի ավագ դպրոցների 42 աշակերտ:

 

Մրցույթի հայաստանյան փուլն անցկացվել է Հայաստանում Լիտվայի դեսպանության, ԱՄՆ դեսպանության, Ամերիկյան խորհուրդների եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ:

 

LCC միջազգային համալսարանը, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը, մինչ օրս նման մրցույթներ անցկացրել է 4 երկրում՝ Լիտվա, Վրաստան, Ուկրաինա եւ Մոլդովա: Այս տարի մրցույթին միացել են Հայաստանը, Ալբանիան, Ռուսաստանը եւ Լատվիան:

 

Մրցույթի հայաստանյան փուլում, նախատեսված մեկի փոխարեն, հաղթել է երկու աշակերտ՝  Բաղդասար Գրիգորյանը (Երեւանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոց, ուսուցիչ՝ Սոնա Թադեւոսյան) եւ Նիկոլայ Նասոնովը (Արարատի թիվ 3 միջնակարգ դպրոց, ուսուցիչ՝ Անժելա Մալխասյան):

 

Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Դոնարա Դավթյանը (Երեւանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց) եւ Խանում Գեւորգյանը (Քարակերտի թիվ 2 դպրոց):

 

Առաջին տեղը զբաղեցրած երկու աշակերտները, LCC-ի ֆինանսական օժանդակությամբ, մյուս երկրների ազգային հաղթողների հետ կմեկնեն Լիտվա եւ մարտի 29-ին կմասնակցի մրցույթի ազգային փուլին: Վերջնական հաղթողին հնարավորություն կընձեռվի մեկ կիսամյակ անվճար սովորելու LCC համալսարանում: 

 

Համալսարանի ռեկտոր Մառլեն Ուոլը Մեդիամաքսի հետ զրույցում նշել է, որ սա LCC-ի՝ Հայաստանի հետ համագործակցության առաջին քայլն է:

 

«Դեռ ուսումնասիրում ենք հայաստանյան կրթական համակարգը, եւ սա իմ առաջին այցն է երկիր: Մենք ոգեւորված ենք, ոգեւորված են եւ հետաքրքրված նաեւ աշակերտները: Կարծում եմ՝ Հայաստանի հետ երկարաժամկետ հարաբերությունների կառուցման ընթացքում կարող ենք մտածել Հայաստանի լավագույն դպրոցականների համար հատուկ կրթաթոշակներ ստեղծելու մասին, որպեսզի նրանք շարունակեն կրթությունը մեր համալսարանում: Ակնկալում ենք նաեւ ավելի շատ հայերի տեսնել մեր համալսարանում»,- ասել է Մառլեն Ուոլը:

 

Նա ընդգծել է, որ իրենց համալսարանի ուսանողների 65%-ը ստանում է կրթաթոշակ կամ ֆինանսական այլ աջակցություն: Կրթաթոշակային հնարավորություններից բացի, Մառլեն Ուոլի խոսքով, համալսարանը փորձում է հնարավորինս ցածր պահել ուսման վարձը:

 

Մառլեն Ուոլն առանձնացրել է նաեւ այն հատկանիշները, որոնցով LCC-ն տարբերվում է տարածաշրջանի մյուս համալսարաններից:

 

«Մեր համալսարանն առաջարկում է ամերիկյան ոճի կրթություն, ինչն այս տարածաշրջանում յուրահատուկ առաջարկ է: Մենք հյուսիսամերիկյան ոճի համալսարան ենք, որտեղ պաշտոնական լեզուն անգլերենն է, իսկ պրոֆեսորների 60%-ից ավելին ԱՄՆ-ից են եւ Կանադայից: Մենք սովորողների համայնք ենք՝ դասախոսները եւ ուսանողները միասին են սովորում, եւ, այսպես կոչված, հիերարխիա գոյություն չունի: Այսօր ունենք ուսանողներ ավելի քան 30 երկրից: Հայաստանից մեզ մոտ երկու ուսանող է սովորում, սակայն ցանկանում ենք, որ նրանց թիվն ավելանա: Մեծ ցանկություն ունենք աջակցել արտասահմանցի ուսանողներին՝ օգտագործելու իրենց ներուժը եւ նոր գիտելիքներով վերադառնալու սեփական երկրներ՝ որպես նոր սերնդի լիդերներ»,- ընդգծել է LCC համալսարանի ռեկտորը:

 

Նարինե Դանեղյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին