ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը դասընթացներ կանցկացնի նաեւ թուրքերեն լեզվով - Mediamax.am

5328 դիտում

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը դասընթացներ կանցկացնի նաեւ թուրքերեն լեզվով


ՀՎՀ-ի հիմնադիր եւ նախագահ Երվանդ Զորյանը
ՀՎՀ-ի հիմնադիր եւ նախագահ Երվանդ Զորյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) այսուհետ դասընթացներ կանցկացնի նաեւ թուրքերեն լեզվով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթ ունենալով ՀՎՀ հիմնադրման 2-ամյակի առթիվ կազմակերպված համընդհանուր օնլայն ֆորումի ժամանակ` այս մասին հայտարարել է ՀՎՀ-ի հիմնադիր եւ նախագահ Երվանդ Զորյանը:

 

Նա տեղեկացրել է, որ հայոց պատմությունը այսուհետ կդասավանդվի ինտերակտիվ մեթոդով, իսկ հայ մշակույթի բաժնում կներմուծվի տեսական արվեստ առարկան: 

 

Նա հավելել է, որ ՀՎՀ-ն նոր լաբորոտորիաներ է հիմնել Թբիլիսիում եւ Ռոստով-Դոնում:

 

“Աշխարհում գործող բազմաթիվ օնլայն համալսարանների շարքում ՀՎՀ-ն առաջինն է, որը նվիրված է հայկական  կրթությանը: Այսօր, երբ Սփյուռքում հայ երիտասարդների միայն 5 %-ն ունի հայկական ավանդական կրթություն ստանալու հնարավորություն, նման հաստատության գոյությունը ձեռք է բերում կենսական նշանակություն»,- ասել է Երվանդ Զորյանը:

 

 Օնլայն ֆորումին ներկա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին ասել է, որ ՀՎՀ-ն “հաջողված եւ նպատակային ծրագիր է”, որի մշակութային մասով ընդլայնումը շատ կարեւոր նշանակություն ունի հատկապես աշխարհի տարբեր երկրներում առկա հայկական մշակութային ժառանգության նմուշները հաշվառելու տեսանկյունից: Նախարարն ասել է, որ պատրաստ է կազմակերպչական օժանդակություն ցուցաբերել ՀՎՀ-ի գործունեությանը:

 

Հայկական վիրտուալ համալսարանը մեկնարկել է 2009 թ. հունիսին` հանդես գալով որպես առաջին հայկական  օնլայն համալսարան, որի գերնպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հայկական կրթությունը հասանելի դարձնել ամենուր եւ բոլորին:

 

Իր երկամյա գործունեության ընթացքում ՀՎՀ-ն ունեցել է 9 ուսումնական շրջան, 1300 ուսանող 50 երկրներից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին