Դպրոցներում ձեռնարկատիրություն կսովորեցնեն - Mediamax.am

9324 դիտում

Դպրոցներում ձեռնարկատիրություն կսովորեցնեն


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ու «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն այսօր ստորագրել են հուշագիր՝ հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթության ներդրման եւ զարգացման վերաբերյալ:

«Եթե ծրագիրը հաջողի, դպրոցներում կունենանք բիզնես մտածողություն եւ սոցիալական պատասխանատվություն կրող աշակերտներ: Երբ երեխան ստանա իր առաջին 100 դրամը, պետք է իմանա՝ ինչպես այն ծախսել, եւ շատ կարեւոր է, որ մենք երեխային հասկացնենք՝ դրամը միջոց է, ոչ թե նպատակ: Երեխան պետք է սովորի, որ ապագայում իր ստացած գումարը օգտագործի ոչ միայն սեփական, այլ նաեւ հանրային օգտակարության համար: Առհասարակ, սկսած փոքր տարիքից՝ երեխայի մեջ պետք է ճիշտ վերաբերմունք դաստիարակվի դրամի, կապիտալի, ձեռնարկատիրության նկատմամբ»,- նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

 

«Հուշագրով ձեռնարկատիրական կրթությունն ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաեւ տարրական դպրոցը: Ուրախ եմ, որ այս հարցում Հայաստանը համահունչ քայլում է աշխարհի այլ երկրների հետ»,- ասել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

 

Ձեռնարկատիրական կրթության ամբողջական փաթեթը մշակվել է ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ:

 

Համաձայն հուշագրի` ձեռնարկատիրական կրթությունը կներդրվի 4 տարի տեւողությամբ (2017թ. սեպտեմբերից 2020թ. սեպտեմբեր)՝ տարրական դպրոցի 2-4 դասարաններում՝ որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, հիմնական դպրոցի 5-7 դասարաններում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում՝ որպես տեսական, 11-րդ դասարանում՝ որպես գործնական բաղադրիչներ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին