Գյուղատնտեսական կրթության ոլորտում ներդրվում է միջազգային փորձը - Mediamax.am

29263 դիտում

Գյուղատնտեսական կրթության ոլորտում ներդրվում է միջազգային փորձը


Լուսանկարը` ՀՀ կրթության և գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: Ծաղկաձորում կայացած աշխատաժողովի շրջանակում քննարկվել են «Մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈւ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի իրականացման ընթացքը եւ ձեռք բերված արդյունքները։

ԿԳՆ փոխանցմամբ՝ ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ խորհրդատվական ծառայությունների զարգացմանը եւ հասանելի դարձնել շուկային միտված գործնական կրթությունը անասնաբուժության, կաթի վերամշակման եւ ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում: 

«Ծրագրի շրջանակում քոլեջների եւ գործատուների ներկայացուցիչներ են վերապատրաստվել Շվեյցարիայում, ծանոթացել այդ երկրի փորձին եւ այն ՀՀ ուսհաստատություններում տեղայնացնելու հնարավորությանը, ինչպես նաեւ վերանայվել են կրթական երկու չափորոշիչներ»,- նշել է ԿԳՆ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը։

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության զարգացումը համարվում է կառավարության գերակայություններից մեկը, որով պայմանավորված՝ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի հիմնական շեշտադրումն ուղղված է գյուղատնտեսական կրթությանը։ 

«Ծրագրի շրջանակում կմշակվի 76 կրթական չափորոշիչ (որից 32-ն արդեն իսկ մշակված են)՝ բոլոր գյուղատնտեսական մասնագիտությունների գծով, կիրականացվեն վերապատրաստումներ, կտրամադրվեն սարքավորումներ եւ այլն»,-ասել է Արտակ Աղբալյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին