16908 դիտում

«Բարձրագույն կրթության մասին» օրինագծով բուհերը կազատականացվեն


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծի հիմքում դրվել է բուհերի աստիճանական ազատականացման եւ ակադեմիական ազատությունների մեծացման սկզբունքը:

ԿԳՆ հաղորդագրության համաձայն՝ այս մասին այսօր նշվել է նախարարության եւ «Պարադիգմա» ՀԿ-ի համատեղ կազմակերպած մասնագիտական քննարկման ընթացքում:

Նախագծում բուհերի ազատականացման 4 հիմնական սկզբունք է ամրագրված ՝ ակադեմիական, կադրային, կազմակերպական եւ ֆինանսական ինքնավարություն:

Քննարկման մասնակիցներից ԵՊՀ գիտության գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը մտահոգություն է հայտնել, որ առաջարկվող նախագծում տարբերակվում են միայն պետական եւ հանրային բուհերը։

«Հիմա մենք սահմանում ենք, որ ունենք մաքուր պետական բուհեր՝ հանրային բուհեր եւ մասնավոր: Մասնավոր բուհերի հիմնադիրը, պարզ է, պետությունն է, սակայն այստեղ հստակեցման խնդիր ունի հանրային բուհերի կարգավիճակը»,- նշել է նա:

Ալեքսանդր Գրիգորյանի խոսքով՝ մի կողմից խոսվում է բուհերի ակադեմիական ազատությունների մասին, մյուս կողմից՝ բուհերի համար պետության կողմից օրենքի ուժով սահմանվում են պարտադիր առարկաներ՝ հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, կառավարության որոշմամբ նաեւ քաղպաշտպանություն եւ այլն:

«Բացի այդ՝ բուհերն ազատ չեն ընդունելության գործընթացում, պետական եւ մասնավոր բուհերը ստիպված են առաջնորդվել ընդունելության միասնական կարգով: Կան նաեւ իրավական ակտեր, որոնք սահմանում են ուսանողների հեռացման եւ վերականգնման նորմերը, որը եւս չի նպաստում բուհերի ակադեմիական ազատություններին»,- ասել է ԵՊՀ պրոռեկտորը:

Նա ընդգծել է, որ նոր օրենքով ընդհանուր դաշտից դուրս են մնում նաեւ օտարերկրյա բուհերը:

Կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանն էլ ուշադրություն է հրավիրել բարձրագույն կրթության աստիճանների ճանաչման վրա։

«Ես կարծում եմ, պետք չէր նախագծում ամրագրել առաջին եւ երկրորդ մակարդակների ճանաչման հարցը՝առանձնացնելով երրորդ աստիճանը»,- նշել է փորձագետը:

ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն էլ նկատել է, որ օրինագծի նպատակն առաջիկա 10-15 տարիների համար ճկուն զարգացում ապահովող մեխանիզմներ ստանալն է։

«Մենք պետք է նաեւ հաշվի առնենք, թե որքանով են բուհերը պատրաստ իրենց առաջարկվող ազատություններին: Այդ պատճառով փորձել ենք զգուշավորություն ցուցաբերել որոշ հարցերում: Նույն՝ երրորդ աստիճանի ճանաչման հարցը կարող է լուծում ստանալ աստիճանաբար։ Գուցե այդ իրավունքը փորձնական տրվի ԵՊՀ-ին, հետագայում այն տարածվի նաեւ ամբողջ համակարգի վրա»,- նշել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am