Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում քննարկվել են Գյոթեի անվան կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքները:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը Թբիլիսիի Գյոթեի անվան ինստիտուտի լեզվի բաժնի ղեկավար Սաշա Ֆաբրիի եւ Երեւանում Գյոթեի անվան կենտրոնի ղեկավար Նաթիա Միքելաձե-Բախսոլիանիի հետ հանդիպմանը նշել է, որ Գյոթեի ինստիտուտի ներկայությունը Հայաստանում ոչ միայն կնպաստի հայ-գերմանական կրթական, այլեւ մշակութային ծրագրերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Նախարարը հույս է հայտնել, որ կենտրոնի բացումը գործնական ու շոշափելի աջակցություն կտրամադրի Հայաստանում գերմաներեն լեզվի ամրապնդման եւ տարածման հարցերին:
Լեւոն Մկրտչյանը կրթական համագործակցության ծրագրերից առանձնացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանական փորձը՝ հատկապես դուալ կրթության կազմակերպման գործում: Նա նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է գերմանական մոդելը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու ուղղությամբ:
Սաշա Ֆաբրին էլ հայտնել է գերմանական կողմի պատրաստակամությունը Հայաստանում գերմաներեն լեզվի տարածման եւ ամրապնդման հարցերին աջակցելու առնչությամբ: Նա ընդգծել է, որ գերմաներեն լեզվի ուսուցման նոր մեթոդներ կիրառելու եւ կրթության որակ ապահովելու համար Հայաստանում բավարար հիմքեր կան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: