«Բարձրագույն կրթության մասին» օրինագծին դրական եզրակացություն է տրվել - Mediamax.am

14890 դիտում

«Բարձրագույն կրթության մասին» օրինագծին դրական եզրակացություն է տրվել


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին։

ԿԳՆ փոխանցմամբ՝  նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը նշել է, որ այն հեղափոխական փոփոխություններ է նախատեսում բուհերի կառավարման եւ ֆինանսավորման ոլորտներում։

 

«Նոր նախագծով միանշանակ բացառվում է որեւէ քաղաքական պաշտոնյայի կամ մարզպետի ներկայություն բուհի կառավարման խորհրդում: Եթե ներկայումս 25% համամասնությամբ կառավարման խորհուրդներում ներգրավված էին լիազոր մարմնի, հիմնադիրի, ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ապա նոր նախագծով խորհրդի կառուցվածքը հիմնովին փոխվում է. 30% պրոֆեսորադասախոսական անձնակազմ, 10% ուսանողություն, 30% գործատուներ, 20%՝ հիմնադիր, եւ ընդամենը 10%՝ լիազոր մարմին: Եթե հաշվի առնենք, որ պետական բուհերի հիմնադիրը կառավարությունն է, իսկ լիազոր մարմինը՝ ԿԳՆ-ն, ապա գործող օրենքով պետությունը կառավարման խորհրդում 50% ներկայացվածություն ունի: Նոր նախագծով այդ ներկայացվածությունը կլինի 30%»,- ասել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ հաջորդ կարեւոր հարցը ֆինանսավորման համակարգի փոփոխությունն է, որով ֆինանսավորման երեք մոդել է առաջարկվում։

 

«Առաջինը՝ բուհի նվազագույն կարիքների համար տրվող բազային ֆինանսավորումն է, երկրորդը՝ մրցութային կարգով տրվող կրթաթոշակները եւ երրորդը՝ մրցակցային գործակիցով տրվող ֆինանսավորումն է: Նախագծով բուհերին առաջարկվում է նաեւ ստեղծել անձեռնմխելի ֆոնդեր»,- ասել է Վահրամ Մկրտչյանը:

 

Նախատեսվում է նաեւ հայկական բուհերի միջազգայնացում։

 

«Մագիստրոսական կրթական ծրագրերի 30%-ը, իսկ ասպիրանտական կրթական ծրագրերի 50%-ը կարող է կազմակերպվել օտար լեզուներով: Որակական փոփոխությունների են ենթարկվում նաեւ ծրագրերը, այդ նպատակով առաջ է քաշվում ցանցային համալսարանների եւ գիտակրթական կլաստերի գաղափարը: Որպես վերահսկողական գործիք, պետության կողմից կօգտագործվի ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրումը»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին