Կոռուպցիայի ցանկացած դրսեւորում պետք է բացառվի, ասել է նախարարը - Mediamax.am

8659 դիտում

Կոռուպցիայի ցանկացած դրսեւորում պետք է բացառվի, ասել է նախարարը


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել են նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄԿՈՒ) տնօրենների հետ:

ԿԳՆ հաղորդագրության համաձայն, Արայիկ Հարությունյանը նշել է, որ տնօրենները նախարարությանը կարող են դիտարկել բացառապես որպես գործընկեր: 

 

«Բայց նման գործընկերություն պետք է լինի նաեւ ձեր կողմից, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով լուծել բոլոր խնդիրները: Վերջին շրջանում ինձ հասնում են կոռուպցիոն դեպքերի մասին որոշ ահազանգեր առ այն, որ իրականացվում է դիպլոմների վաճառք, գոյություն չունեցող ուսանողներին տրվում են ավարտական վկայականներ եւ այլն: Այս խնդիրները դեռեւս խորությամբ չեմ ուսումնասիրել եւ հուսով եմ, որ գոյություն չունեն նման երեւույթներ: Խնդրի բացակայության դեպքում առավել արդյունավետ կաշխատենք, իսկ եթե այն գոյություն ունի, ապա պետք է այն արագ լուծում ստանա» ,- նշել է նախարարը:

 

«ՄԿՈՒ-ն անչափ կարեւոր ոլորտ է. որոշակի առկա խնդիրների պատճառով աշխատաշուկայի հարցը փորձ է արվում լուծել բուհերի միջոցով, որի հետեւանքով ո՛չ աշխատաշուկան է բավարար վիճակում, ո՛չ ուսհաստատություններն են զարգանում, ո՛չ էլ ուսանողներն են համապատասխան գիտելիքներ ստանում: Դրա համար պետք է այնպես անել, որ ոլորտն արագ արդյունքներ գրանցի: ՏՏ մասնագետները, օրինակ, ասում են, որ ՄԿՈՒ հաստատությունների միջոցով կարճ ժամանակում կարելի է բավարարել մի քանի հազար մասնագետի պահանջարկը, որն այսօր առկա է աշխատաշուկայում»,- նշել է նախարարը:

 

Արայիկ Հարությունյանը կարեւորել է նաեւ պետական որակաորման քննությունների պատշաճ կազմակերպման հարցը: 

 

«Այս հարցում լինելու է առավելագույն խիստ դիրքորոշում. կոռուպցիայի ցանկացած դրսեւորում պետք է բացառվի, որի վերաբերյալ օրերս քննարկում եմ ունեցել նաեւ իրավապահ մարմինների հետ: Պետք է ոլորտն իսպառ մաքրել հնարավոր կոռուպցիոն մեխանիզմներից եւ հրատապ լուծումներ գտնել: Եթե այս խնդրում հաջողենք, ապա սա մեծ քայլ կլինի այս ոլորտում, մնացած բոլոր հարցերն աստիճանաբար լուծում կստանան»,-ընդգծել է նախարարը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին