Նախադպրոցական ներառական կրթությունը՝ ուշադրության կենտրոնում - Mediamax.am

8882 դիտում

Նախադպրոցական ներառական կրթությունը՝ ուշադրության կենտրոնում


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ այսօր այց է կազմակերպվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 ներառական մանկապարտեզ:

Այցին մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

Արա Բաբլոյանի խոսքով՝ մանկապարտեզի օրինակը փաստում է, որ հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ միջամտության մասով կարելի է ունենալ լավագույն արդյունքներ: Նա ընդգծել է, որ մոդելն ընտանիքակենտրոն է, քանի որ այդ պարագայում զարգացման խնդիրներ ունեցող երեխաները շարունակում են մնալ ու ապրել իրենց ընտանիքներում:

 

Արսեն Թորոսյանն էլ նշել է, որ մանկապարտեզը Երեւանում նախադպրոցական ներառական կրթության մոդել է, որը դրական ազդեցություն ունի հատուկ կարիքներ ունեցող երեխաների ապագայի, կյանքի հմտությունների զարգացման առումով: Ըստ նախարարի՝ պետք է փորձ արվի այդ մոդելը կիրառել նաեւ դպրոցներում:

 

Նա նշել է, որ նմանօրինակ մանկապարտեզի ներդրման հարցով քննարկումներ կկազմակերպեն ԿԳՆ-ի եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ:

 

Հայաստանում առաջին անգամ ներառական կրթության նոր մոդելով մանկապարտեզն իր դռներն է բացել հաշմանդամություն եւ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար 2015-ին:

 

Մանկապարտեզն ընդունել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 42 երեխաների՝ թեթեւ, միջին եւ ծանր զարգացման խնդիրներով:

 

Մանկապարտեզ ընդունվելուց առաջ մինչեւ 3 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները թիվ 9 մանկական պոլիկլինիկայում առողջապահության նախարարության ծրագրի շրջանակում անցնում են զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման եւ միջամտության փուլեր: Արդեն 3 տարեկան այն երեխաները, որոնք բժշկի եւ մանկավարժահոգեբանական թիմի գնահատմամբ կարող են անմիջապես ներառվել խմբերում, հաճախում են մանկապարտեզում գործող 6 խմբեր:

 

Այն երեխաները, որոնք անմիջապես չեն կարող ներառվել՝ հաշվի առնելով առանձնահատուկ կարիքները եւ խանգարումների ծանրությունը, հաճախում են մանկապարտեզում գործող նախապատրաստական խմբեր, որոնց հետ աշխատում են հատուկ մանկավարժները, նրանց օգնականները եւ բազմամասնագիտական թիմը:

 

Այդ ընթացքում երեխաները շարունակում են ստանալ անհրաժեշտ ծառայությունները, ապրում են մանկապարտեզային ռեժիմով եւ իրենց հասակակիցների հետ միասին մասնակցում ֆիզկուլտուրայի, երգեցողության, բակային պարապմունքներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին