Ադամ Արմանսկի. «Դիլիջանում կրթական կլաստերն արագորեն աճում է» - Mediamax.am

2413 դիտում

Ադամ Արմանսկի. «Դիլիջանում կրթական կլաստերն արագորեն աճում է»


Ադամ Արմանսկին
Ադամ Արմանսկին

Լուսանկարը` UWC Dilijan

Լուսանկարը` UWC Dilijan

Լուսանկարը` UWC Dilijan


Հարցազրույց «Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» հիմնադրամի եւ UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ադամ Արմանսկիի հետ

 

- «Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանը» ստացել է Քեմբրիջի միջազգային դպրոցի հավատարմագրում: Ի՞նչ նշանակություն ունի այդ հավատարմագրումը:

 

- Ի սկզբանե Դիլիջանի միջազգային դպրոցը հիմնադրել էինք UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների տարրական եւ միջնակարգ կրթությունն ապահովելու նպատակով: Մեր օտարերկրացի աշխատողների երեխաները լեզվական խոչընդոտի պատճառով չէին կարողանում տեղի դպրոցներ հաճախել: Ինչ վերաբերում է մանկապարտեզին, այն գրավիչ էր նաեւ հայ աշխատողների համար՝ որպես ցերեկային խնամքի կենտրոն: Վերջին տարիներին սկսեցինք հարցումներ ստանալ հետաքրքրված ընտանիքներից: Դպրոցի ընդլայնմանը զուգահեռ հավատարմագրումը դարձավ տրամաբանական քայլ:

Լուսանկարը` UWC Dilijan

Տարրական, միջին եւ ավագ դասարանների համար Քեմբրիջի միջազգային դպրոցի հավատարմագրումը հզորացնում է մեր անձնակազմը եւ վերահաստատում է միջազգային մակարդակի կրթություն ապահովելու մեր հանձնառությունը:

 

Մյուս հավատարմագրված դպրոցի՝ Հայաստանի Քեմբրիջի միջազգային դպրոցի հետ միասին, որը գտնվում է Երեւանում, Դիլիջանի միջազգային դպրոցը կնպաստի Հայաստանի՝ որպես միջազգային կրթական կենտրոնի հեղինակության աճին:

 

Երեխաների կրթության համար զանազան տարբերակների առկայությունը կարեւոր գործոն է աշխատանքի բերումով կամ ձեռնարկատիրության նպատակով Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի եւ օտարերկրացիների համար: Այս առումով մեր դպրոցը կնպաստի Հայաստանի զարգացմանը։

 

- Որքա՞ն է աշակերտների թիվը եւ ո՞ր դասարաններն են համալրված:

 

- Ներկայում ունենք ավելի քան 70 աշակերտ 9 երկրից, որից 22-ը մեր անձնակազմի անդամների երեխաներն են: Հաջորդ տարի համալրված կլինենք մանկապարտեզից մինչեւ 10-րդ դասարան։

 

- Ուսուցչական կազմը նո՞ւյնպես բազմազգ է։

 

- Ունենք 16 ուսուցիչ 9 երկրից: Ուրախությամբ նշեմ, որ ունենք գերազանց հայ ուսուցիչներ։ Մեր վարչական թիմում եւ օժանդակ անձնակազմում նույնպես հայեր են։ Դպրոցն աշխատատեղեր է ստեղծում տեղի բնակչության համար։

 

- Ի՞նչ ազդեցություն կունենա հավատարմագրումը ուսուցման գործընթացի վրա:

 

- Հավատարմագրումը հավաստում է այն, ինչ մենք արդեն անում ենք: Արտաքին չափորոշիչներն օգնում են պահպանել կրթության գերազանցությունը, ինչով մենք հպարտանում ենք: Դպրոցը տեղակայված է UWC Դիլիջանի կամպուսում: Մենք օգտվում ենք կամպուսի բոլոր հարմարություններից եւ, որպես աշակերտների եւ ուսուցիչների բազմազգ համայնք եւ այս իմաստով ունենք գերազանց հնարավորություններ:

 

- Ինչո՞վ է դպրոցը տարբերվում այլ տեղական կամ մասնագիտացված դպրոցներից, այդ թվում այն դպրոցներին, որտեղ դասավանդվում են Քեմբրիջի միջազգային դպրոցի եւ/կամ միջազգային բակալավրիատի ծրագրերը:

 

- Նախ նշեմ, որ թեպետ ուսուցումը կազմակերպվում է անգլերենով, շեշտը դնում ենք տեղական մշակույթի եւ լեզվի վրա: Մեր երեխաներից շատերը միաժամանակ երկու-երեք լեզու են սովորում: Տարբերություններից մեկն էլ այն է, որ մեր ուսանողներն ու ուսուցիչներն իրապես միջազգային համայնք են, եւ մեր երեխաները կամպուսում շփվում են 80 ազգությունների ներկայացուցիչների հետ:

 

- Ո՞ր տարիքից եք ընդունում երեխաներին:

 

- Երեխաները կարող են սկսել մանկապարտեզ հաճախել 3 տարեկանից, իսկ տարրական դպրոց՝ 5 տարեկանից: Երեխայի տարիքը հաշվի է առնվում տվյալ տարվա օգոստոսի 31-ի դրությամբ:

 

- Որքա՞ն է կազմում ուսման վարձը:

 

- Վարձը համեմատելի է այլ մասնավոր դպրոցների վարձի հետ: Մեկ տարվա վարձը կազմում է 2 700 ԱՄՆ դոլարին համարժեք մանկապարտեզի համար, 6000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ 0-5-րդ դասարանների համար, 7000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ 6-8-րդ դասարանների համար եւ 9000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ 9-10 դասարանների համար:

 

Վճարը ներառում է սնունդը, ուսումնական նյութերը, քննությունների վճարները եւ այլն:

 

- Դպրոցը կազմակերպելու է երեխաների տեղափոխումը, եւ եթե այո, արդյո՞ք գումարը ներառված է վճարի մեջ:

 

- Եթե մոտակա քաղաքներից պահանջարկ լինի, ապա կքննարկենք տրանսպորտի ապահովումը, բայց դա լրացուցիչ վճար կլինի ընտանիքների համար:

 

- Ինչպե՞ս է ֆինանսավորվում «Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» հիմնադրամը:

 

- Հիմնադրամը ֆինանսավորվում է ուսման վճարներով եւ բարեգործների նվիրատվություններով: Հիմնադրումից՝ 2011 թվականից ի վեր 20 երկրից 600 բարերար կատարել են շուրջ 210 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություններ: Այս միջոցներն ուղղվել են UWC Դիլիջանի կապիտալ ծախսերին եւ կրթաթոշակների ֆինանսավորմանը:

 

- Որքա՞ն են կազմում հիմնադիրների անձնական նվիրատվությունները «Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» հիմնադրամին:

 

- Ռուբեն Վարդանյանը եւ Վերոնիկա Զոնաբենդը շուրջ 149,7 միլիոն դոլար են նվիրաբերել Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար: Եվս 17,99 միլիոն դոլարի նվիրատվութուն է կատարվել հիմնադիր գործընկերներ Նուբար եւ Աննա Աֆեյանների, Գագիկ Ադիբեկյանի, Վլադիմիր եւ Աննա Ավետիսյանների կողմից:

 

- Կարծիք կա, որ UWC Դիլիջանն էլիտար ուսումնական հաստատություն է՝ նախատեսված միջազգային ուսանողների համար:

 

- Թյուր կարծիք է, որ UWC Դիլիջանն էլիտար կառույց է: Մեր դպրոցական համայնքը ոչ միայն բազմազգ է՝ մենք ունենք ուսանողներ շուրջ 80 երկրից, այլեւ կազմված է հասարակության տարբեր սոցիալ-տնտեսական խավերի ներկայացուցիչներից:

 

Ուսանողների շուրջ 80 տոկոսը սովորում է կրթաթոշակով, ունենք երեխաներ անապահով ընտանիքներից: Կարելի է ասել՝ սա մի յուրահատուկ սոցիալական «վերելակ» է, որտեղ տարբեր սոցիալական խավեր ներկայացնող երեխաները հնարավորություն ունեն ստանալու գերազանց կրթություն, որը նրանց համար ապագայի հեռանկար է ստեղծում: Մյուսների համար սա եւս հրաշալի հնարավորություն է ճանաչել այլ ազգեր եւ մշակույթներ, շփվել տարբեր սոցիալական ծագման աշակերտների հետ, դառնալ առավել կարեկից, գիտակցել հասարակության ներսում հաճախ հանդիպող խոչընդոտները հաղթահարելու կարեւորությունը:

Լուսանկարը` UWC Dilijan

UWC Դիլիջանն Աշխարհի միացյալ քոլեջների ցանցի 18 անդամ դպրոցներից մեկն է, որի առաքելությունն է «կրթությունը վերածել մարդկանց, ազգերը եւ մշակույթները միավորող ուժի՝ հանուն խաղաղության եւ կայուն ապագայի»։ «Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանն» ապահովում է կրթություն մանկապարտեզից մինչեւ 10-րդ դասարան: Այսպիսով Դիլիջանում կրթական կլաստերն արագորեն աճում է: UWC Դիլիջանը գործում է արդեն 10 տարի, եւ «Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը։ Հպարտ ենք, որ Հայաստանի դրոշը ծածանվում է մեր կամպուսի մուտքի մոտ եւ հանձնառու ենք շարունակել աշխատել ի շահ Հայաստանի եւ ներկայացնել Հայաստանը:

 

Դիլիջանի միջազգային դպրոցում ապրիլի 20-ը բաց դռների օր է լինելու: Ցանկացողները կարող են գրանցվել հետեւյալ հղումով եւ ներկա գտնվել միջոցառմանը, որը տեւելու է 10:30-ից մինչեւ 12:30:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին