2026-ից ավարտական քննությունների միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս - Mediamax.am

806 դիտում

2026-ից ավարտական քննությունների միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: 2026 թվականին Երեւանի եւ բոլոր մարզերի դպրոցների շրջանավարտները դպրոցի ավարտական քննություններին ստացած միավորները կարող են օգտագործել բուհ ընդունվելու համար:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ մեխանիզմներ են գործարկվելու, որպեսզի քննության գնահատականն արտահայտի օբյեկտիվ պատկերը:

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ թեստերի ստուգումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով.

 

«Այստեղ մարդկային գործոնը բացառված է: Քննությունների կազմակերպումն իրականացվում է ԳԹԿ-ի կողմից, քննությունները կազմակերպվում են ուսումնական հաստատություններում: Հետագայում ընդունելության քննությունները պետք է իրականացվեն համակարգչային եղանակով, կնվազեցվի նաեւ քննությունների թիվը: Դպրոցները պետք է ունենան գնահատման եւ ստուգման մեխանիզմներ, որոնք թույլ կտան ընդունելության համակարգում հաշվի առնել ատեստատի միջին գնահատականը»:

 

Նախարարի խոսքով՝ բուհերը պետք է աստիճանաբար սահմանեն ընդունելության նվազագույն պահանջներ, իսկ դիմորդները բավարարեն դրանք:

 

«Եթե դպրոցում որոշակի գնահատման իրավիճակ կա, օրինակ՝ բոլորը ստանում են ամենաբարձր գնահատականները, ապա մենք արտաքին գնահատում ենք անցկացնում, եւ եթե դրա արդյունքները էապես տարբերվեն դպրոցի միջին գնահատականներից, ապա այստեղ պարզ է, որ գալիս է բացատրություններ տալու հերթը: Ընդ որում՝ դա կարող է լինել, ինչպես դրական, այնպես էլ բացասական ուղղությամբ, այսինքն՝ ինչպես կարելի է երեխաներին բարձր գնահատել, այնպես էլ ուսուցիչները ունեն այնպիսի մոտեցում, որ ամենաբարձր գնահատական գրեթե ոչ մեկի չեն դնում, գնահատման սանդղակում կա առավելագույն՝ 10 միավոր, որը գրեթե չի կիրառվում եւ գրեթե ոչ մեկ այն չի ստանում, ինչը նույնպես ճիշտ չէ»,- մանրամասնել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին