Կատալիստները. դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիները - Mediamax.am

exclusive
1455 դիտում

Կատալիստները. դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիները


Լուսանկարը` Կատալիստ ակադեմիայի

Լուսանկարը` Կատալիստ ակադեմիայի

Լուսանկարը` Կատալիստ ակադեմիայի

Լուսանկարը` Կատալիստ ակադեմիայի

Լուսանկարը` Կատալիստ ակադեմիայի

Լուսանկարը` Կատալիստ ակադեմիայի

Լուսանկարը` Կատալիստ ակադեմիայի

Լուսանկարը` Կատալիստ ակադեմիայի


Կատալիստն այն ուժեղ անհատն է, ով դրական փոփոխություններ է մտցնում իր անձնական եւ մասնագիտական կյանքում եւ աշխարհը դարձնում է ավելի լավը։ 2023 թվականի սեպտեմբերին Երեւանում բացվեց Կատալիստ ակադեմիան։

 

Քիմիական ռեակցիան արագացնող նյութի՝ կատալիզատորի անունով կոչվող ակադեմիան նախատեսված է 8-18 տարեկան պատանիների համար։

 

Ուսանողակենտրոն կրթական ծրագիրը, որը կազմվել է փորձառության, սովորողների  տարիքային խմբի կարիքների ու նախասիրությունների, նաեւ Կանադայի եւ ԱՄՆ-ի միջազգային փորձի հիման վրա, ձեւակերպված է ԱԲԱԱ հապավումով։ Կրթական ծրագիրը 4 ուղղությունն ունի։

Լուսանկարը` Կատալիստ ակադեմիայի

«Առաջին Ա-ն՝ անձնային աճն է՝ պատանիների փափուկ հմտությունների զարգացումը, ինչպիսիք են ժամանակի կառավարումը, քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը, հուզական ինտելեկտը, հաղորդակցության հմտությունները։ Այս ուղղության նպատակը պատանիներին՝ որպես ուժեղ անհատներ ձեւավորելն ու կայացնելն է։

 

Հաջորդը բիզնեսը եւ կարիերան է։ Պատանիներն ուսումնասիրում են, օրինակ, մարքեթինգ, ֆինանսներ, արտադրանքի ձեւավորում, զարգացում, գաղափարների գեներացում։ Սա մեր ակադեմիայի ծրագրի շրջանակում առանցքային տեղ է գրավում, որովհետեւ պատանիներն ամբողջովին պատկերացնում են, թե ինչպես կարելի է զրոյից ստեղծել գաղափար, զարգացնել, մշակել եւ ներկայացնել հանրությանը։

 

Երրորդը՝ արդի աշխարհի փորձն է, այսինքն՝ ժամանակակից տեխնոլոգիաները, ինչպիսիք են ծրագրավորման ուղղությունները, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցում, բլոքչեյն տեխնոլոգիաներ եւ այլն։

 

Չորրորդը՝ արժեհամակարգի ձեւավորումն է։ Մենք դա անում ենք մեր ուսումնասիրած յուրաքանչյուր թեմայի շրջանակում։ Կատալիստն այն ուժեղ անհատն է, ով դրական փոփոխություններ է մտցնում իր անձնական եւ մասնագիտական կյանքում եւ աշխարհը դարձնում է ավելի լավը։ Նույնիսկ այն բիզնես պրոդուկտները, որ ստեղծում են, պետք է բոլորին բարիք բերեն»,- ասում է ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արտակ Խաչատրյանը։

Լուսանկարը` Կատալիստ ակադեմիայի

Նրա ձեւակերպմամբ՝ կատալիստներն առաջնորդներ են՝ իրենց կերպարով, հմտություններով, գիտելիքով, փորձով։ Կատալիստին բնութագրող հատկանիշներից Արտակն առանձնացնում է «տեսլական ունեցող»-ը։ Ասում է՝ հատկապես պատանիները դժվար են պատկերացնում, թե այսօրվա իրենց գործողություններն ինչ արդյունք են բերելու վաղը, դժվար են կողմնորոշվում մասնագիտության հարցում։ Ակադեմիան օգնում է բացահայտել նրանց ներուժը, հասկանալ ուժեղ ու թույլ կողմերը։ Արտակն ասում է, որ դպրոցն ու համալսարանը դիտարկում են ոչ թե մրցակից, այլ՝ գործընկեր ու փորձում են փոխլրացնել կրթական ծրագրերը։

 

Կատալիստ ակադեմիան ունի 3 տարիքային խումբ՝ 8-11, 12-14, 15-18։ Ընդունելության համար քննություն կամ թեստ հանձնելու կարիք չկա։ Ակադեմիայի ղեկավարները զրուցում են նախ ծնողի, հետո՝ դիմորդի հետ, հասկանում՝ ինչ գիտելիքներ, հետաքրքրություններ, նպատակներ ունի, ու ըստ մակարդակի՝ ձեւավորում խմբեր։

Լուսանկարը` Կատալիստ ակադեմիայի

Բոլորի համար պարտադիր 6-ամսյա բազային դասընթացը ներառում է 4 ուղղությունները։ Դասընթացի վերջում պատանիները ներկայացնում են իրենց ավարտական աշխատանքը։ Հաջորդ կուրսում սովորողները մասնագիտանում են իրենց ընտրած ուղղության մեջ։

 

«Երկրորդ կուրսի տեւողությունն անհատականացված է։ Մենք կարողանում ենք շատ արագ ծրագրերն անհատականացնել, հարմարեցնել կոնկրետ խնդրին կամ պահանջին․ համակարգը պետք է կարողանա բավարարել պատանու հմտություններն ու կարիքները։

Լուսանկարը` Կատալիստ ակադեմիայի

Եթե բազային դասընթացից հետո պատանին հետաքրքրված է, օրինակ, մարքեթինգով, մենք ամբողջ կուրսը հարմարեցնում ենք նրան կամ այն բոլոր ուսանողներին, ովքեր ընտրել են այդ ճյուղը: Նրանց համար մենտորության ծրագրեր ենք անում, սկսում են աշխատել այդ ոլորտի ընկերությունների հետ։ Մեր նպատակն է, որ պատանին մտնի Կատալիստ ակադեմիայի կրթական համակարգ, աճի ու դառնա կայացած մարդ, որը կարող է լուրջ խնդիրներ լուծել կամ պաշտոն զբաղեցնել որեւէ ընկերությունում։

 

6-ամսյա կուրսն ավարտելուց հետո  պատանիները մտնում են Կատալիստ ալիանս։ Սա համայնքային կազմակերպություն է, որտեղ հավաքված են մեր անդամները, բարեկամները, գործընկերները, հայտնի մասնագետներ, որոնք մշտապես մեր կողքին են եւ աջակցում են իրենց ռեսուրսներով։ Ալիանսի 5 աստիճանները բարձրանալով՝ նրանք դառնում են համայնքային կազմակերպության կառավարման անդամ, որոշում են ակադեմիայի գործունեությունը։ Սրա նպատակն է պատանիներին ցույց տալ, թե ինչպես են աշխատում ընկերությունները»։

Լուսանկարը` Կատալիստ ակադեմիայի

Հիմնական դասընթացից բացի պատանիները նաեւ անգլերենի, առողջ ապրելակերպի դասեր են ունենում, հաճախում մարզասրահ, առաջիկայում նաեւ ազգային պարերի դասեր կունենան։ Վերջերս սկսել են փորձարկել Catalyst talks ձեւաչափը․ պատանիներն իրենց հետարքրքող թեմաներով ելույթներ են պատրաստում ու ներկայացնում բեմից։ Շուտով աշխատանքը կսկսի ակադեմիայի երաժիշտ ուսանողներից կազմված Catalyst band-ը։

 

Արտակ Խաչատրյանն ասում է՝ որպեսզի պատանիներն այստեղ ստացած գիտելիքն ու արժեքները կիրառեն նաեւ ակադեմիայից դուրս, շատ կարեւոր է ծնողների աջակցությունը։ Նրանց հետ կապն ամրապնդելու, նրանց ներգրավվելու նպատակով  ամեն ամիս դասընթաց է անցկացվում նաեւ ծնողների համար։

Լուսանկարը` Կատալիստ ակադեմիայի

Արտակն ասում է, որ նպատակ ունեն այլընտրանքային կրթական հարթակից իրական ակադեմիա դառնալ՝ ապահովելով 12-ամյա կրթություն։ Այս պահին աշխատում են Կատալիստ ակադեմիան հասցնել նաեւ մարզեր։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին