Երեւան: Մեդիամաքս: Հայկական ցանցային հասարակության մի մասն այսօր քվեարկել է «Չակ Նորիս»-ի օգտին եւ բացահայտ հայտարարում է դրա մասին:
Բանն այն է, որ մեկ տարի առաջ հայկական համացանցի առավել ակտիվ անդամներ սկսեցին օգտագործել ամերիկացի հայտնի մարզիկ եւ դերասան Չակ Նորիսի անունը` որպես ամենակարող մարդու հավաքական եւ երգիծական կերպար:
Մասնավորապես, սոցկայքերում տարբեր հարցումների ժամանակ շատ մարդիկ պատասխանելով միանգամայն լուրջ հարցին, տալիս էին Չակ Նորիսի անունը: Իսկ անցած ընտրարշավի ժամանակ փողոցում իրական թեկնածուների նկարների կողքին երբեմն հանդիպում էին նաեւ Չակ Նորիսի նկարները:
Քանի որ ՀՀ Ընտրական օրենսգրքով քվեաթերթիկում նախատեսված չէ «բոլորին դեմ եմ» տողը, ապա այսօր շատ երիտասարդներ քվեաթերթիկում ձեռքով ավելացրել են Չակ Նորիսի անունն ու «քվեարկել են» նրա օգտին` այդ կերպ արտահայտելով իրենց անհամաձայնությունը առկա թեկնածուների եւ կուսակցությունների հետ:



















