ՀՀ որոշ օրենքներ սահմանափակում են կրոնական ազատությունը, ասված է ամերիկյան զեկույցում - Mediamax.am

2434 դիտում

ՀՀ որոշ օրենքներ սահմանափակում են կրոնական ազատությունը, ասված է ամերիկյան զեկույցում


Լուսանկարը` http://patdollard.com/


Երեւան: Մեդիամաքս: Թեեւ կրոնական ազատությունը պաշտպանված է Հայաստանի Սահմանադրությամբ, հայաստանյան որոշ օրենքներ դեռեւս սահմանափակում են այն, ասված է ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակված Աշխարհում կրոնական ազատության մասին ամենամյա զեկույցում:

 

«2013 թ.-ի ընթացքում գրանցվել են ահազանգեր այն մասին, որ կրոնական կազմակերպությունները խոչընդոտների են հանդիպել պաշտամունքի վայրեր կառուցելիս: Այդ տարվա փետրվարին Երեւանի քաղաքապետարանը մերժել է Եհովայի վկաներ կազմակերպությանը 3 աղոթավայր կառուցելու հարցում՝  հայտարարելով, թե դրանց կառուցումը բնակելի տարածքում բողոք կառաջացնի բնակիչների շրջանում: Կազմակերպությունը բողոքարկել է այդ որոշումը դատարանում ՝ հիմնավորելով, որ այն կամայական եւ խտրական է»,- ասված է զեկույցում:

 

Գրանցված կրոնական կազմակերպությունները հայտնել են նաեւ, որ տարվա ընթացքում թեեւ չեն հանդիպել իրավական խոչընդոտների, այնուամենայնիվ, խնդիրներ են ունեցել հավաքների անցկացման վայր գտնելու հետ կապված:  

 

2013 թ. մայիսին ՀՀ խորհրդարանն ընդունել է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով տարբերակում է մտցվել այլընտրանքային աշխատանքային ծառայության եւ այլընտրանքային զինվորական ծառայության միջև: Այս փոփոխությունների շրջանակներում ազատ են արձակվել Եհովայի վկաներ կազմակերպության բոլոր այն հետեւորդները, ովքեր պատիժ էին կրում կրոնական շարժառիթներով զինվորական ծառայությունից խուսափելու համար: 

 

Պետքարտուղարության զեկույցում նաեւ ասվում է, որ տարվա ընթացքում կրոնական կազմակերպությունների հետեւորդներն ահազանգել են սոցիալական խտրականության եւ անհանդուրժողականության, մասնավորապես,  աշխատավայրում խտրական վերաբերմունքի դրսեւորման  դեպքերի մասին,:

 

«Կրոնական խմբերը նաեւ ահազանգել են, որ սոցիալական ցանցերում ավելացել են իրենց հասցեին հնչող սպառնալիքներն ու անհանդուրժողականությունը: Այլ տարիների համեմատ, 2013 թ.-ին Եհովայի վկաներ կազմակերպության հետեւորդների նկատմամբ ֆիզիկական հարձակման դեպքեր չեն արձանագրվել»,- ասված է զեկույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին