Ջոն Քերին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը - Mediamax.am

3245 դիտում

Ջոն Քերին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը


Ջոն Քերին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ
Ջոն Քերին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արել անվերապահորեն պահպանել հրադադարը եւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել հասարակությունները խաղաղությանը պատրաստելու համար:

Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Մերի Հարֆի հաղորդագրության մեջ՝ սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով:

 

«Պետքարտուղարը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով վերջերս ծավալված բռնության առնչությամբ, որի հետեւանքով գրանցվել են ամենամեծ զոհերը 1994 թվականին հրադադարի համաձայնագիրը ստորագրելուց ի վեր: ԱՄՆ համոզված են, որ թշնամության հաղթահարումը եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խաղաղություն եւ բարգավաճում կբերեն երկու երկրների ժողովուրդներին եւ կնպաստեն իրավիճակի կայունացմանը Հարավային Կովկասում», - ասված է Մերի Հարֆի հաղորդագրության մեջ:

 

«Ջոն Քերին ողջունել է կարգավորման առանցքային հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու նախագահների պատրաստակամությունը եւ կողմերին կոչ է արել ավելի կանոնակարգված բանակցային գործընթաց սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո», - նշել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակը:

 

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասված է, որ ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը եւ կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման եւ կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման համար:

 

«Ջոն Քերին կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով բանակցությունների շարունակումը եւ իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարեւոր է կողմերի քաղաքական կամքը», - հայտնել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին