Հայաստանի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է արել չխրախուսել Ադրբեջանի ապագա սադրանքները - Mediamax.am

3535 դիտում

Հայաստանի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է արել չխրախուսել Ադրբեջանի ապագա սադրանքները


Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ այսօր գագաթնաժողովում ընդունվելիք փաստաթղթում ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալու երկու տարբերակ ունի:

Այդ մասին նա ասել է սեպտեմբերի 4-ին Նյուպորտում՝ ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը:

 

«Վաղը այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ։ Երկու տարբերակ կա. կա´մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից` ի դեմս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, կա´մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարեւան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որեւէ լավ տեղ չի տանում։ Կա´մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա´մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որեւէ արժեք չտվող ու նման թղթերից թեւեր առնող Ադրբեջանը»,- ասել է Սերժ Սարգսյանը։

 

Խոսելով Աֆղանստանի գործողության Հայաստանի մասնակցության մասին, Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը ISAF առաքելությանը միացավ 2010թ. փետրվարին, իսկ 2011թ. հուլիսին եռապատկեց իր զորախմբի թվաքանակը:

 

«Անցած չորս ու կես տարիների ընթացքում հայ խաղաղապահները Միջազգային անվտանգության աջակցության ուժերի շրջանակներում ձեռք բերեցին փոխգործակցության անգնահատելի փորձ: Հատուկ կառանձնացնեմ Գերմանիայի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը, որը, վստահաբար, ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն եւ ուսանելի օրինակ է», - ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին