Ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի, ասել է ՄԱԿ-ի փորձագետը - Mediamax.am

2506 դիտում

Ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի, ասել է ՄԱԿ-ի փորձագետը


Ալֆրեդ դե Զայան
Ալֆրեդ դե Զայան

Լուսանկարը` http://www.unmultimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Ժողովրդավարական եւ անաչառ միջազգային կարգի առաջխաղացման հարցերով ՄԱԿ-ի անկախ փորձագետ Ալֆրեդ դե Զայան պնդում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի տեղական, տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության պահպանման համար, եւ այն պետք է դիտարկել որպես հակամարտությունները կանխարգելող կարեւոր ռազմավարություն:

«Անցած տասնամյակների ընթացքում մի շարք հակամարտությունների սկիզբ դրվեց, քանի որ մերժվում էին ժողովուրդների՝ սեփական իրավունքների իրացմանը, այդ թվում ներքին կամ արտաքին ինքնորոշման միջոցով, հասնելու օրինական ձգտումները: Ոչ թե ինքնորոշման իրավունքի իրացումը, այլ դրա անիմաստ ժխտումն է հրահրում նոր հակամարտություններ: Այսպիսով, ՄԱԿ-ի եւ միջազգային հանրության պատասխանատվությունն է ականջալուր լինել այս խնդրի վաղ նշաններին, եւ երկխոսության մեջ ներգրավվել եւ լսել նրանց բողոքը, ում մերժել են որոշումների կայացման գործում հավասար մասնակցության իրավունքից»,- ասել է Ալֆրեդ դե Զայան` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 69-րդ նստաշրջանում ներկայացնելով Մարդու իրավունքների վերաբերյալ իր երրորդ զեկույցը:

 

Փորձագետը կոչ է արել միջազգային հանրությանը համապարփակ ռազմավարություն որդեգրել ինքնորոշման իրավունքին վերաբերող բազմաթիվ չլուծված եւ կրկնվող հարցերին: Նա նաեւ կոչ է արել ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովին ակտիվ միջնորդի դեր ստանձնել ինքնորոշման հետ կապված արդեն գոյություն ունեցող եւ հնարավոր ճգնաժամերում:

 

Ալֆրեդ դե Զայայի զեկույցը թվարկում է 15 սկզբունք, որոնք կարող են կիրառվել առկա եւ ապագայում ի հայտ եկող ինքնորոշման պահանջների ժամանակ: Այդ սկզբունքները ներառում են, որ «ինքնորոշմանը նպատակաուղղված  ցանկացած գործընթաց պետք է ուղեկցվի խնդրում ներգրավված մարդկանց համաձայնությամբ եւ մասնակցությամբ»:

 

Անդրադառնալով բնիկ ժողովուրդների իրավունքներին, որոնք չունեն ինքնակառավարման սեփական մեխանիզմներ, փորձագետը նշել է, որ շատ հաճախ այդ ժողովուրդները ազգային սահմանների ներսում զրկված են քաղաքացիական իրավունքներից եւ չեն կարող հասնել ինքնավարության կամ ինքնակառավարման, կամ փոխհատուցման նույն կերպ, ինչպես իրավունքի սուբյեկտ հանդիսացող այլ ազգեր:

 

«Ինքնորոշման պահանջներն ուսումնասիրելիս անհրաժեշտ է այսպես կոչված «ներքին ինքնորոշման», ինչպես ինքնավարությունն ու դաշնությունն է, առավելությունները դիտարկել կայունության եւ հաջորդականության տեսանկյունից: Արտաքին ինքնորոշում պետք է փնտրել միայն այն դեպքում, երբ առկա է լուրջ փակուղի եւ գոյություն ունեցող պետական միավորների շրջանակում ինքնորոշման իրավունքի երաշխավորման այլ տարբերակները չեն հանգեցնում համարժեք լուծումների», - հավելել է փորձագետը: 

 

Ալֆրեդ դե Զայայի համոզմամբ, ինքնորոշումը պարտադիր կերպով չի ենթադրում մասնատում գոյություն ունեցող պետությունից: Նրա խոսքերով, միջազգային իրավունքի առաջխաղացումը ցույց է տվել, որ ինքնորոշման իրավունքի իրացումը չի ավարտվել ապագաղութացմամբ եւ ՄԱԿ-ի նոր անդամ-պետություններից շատերը իրենց գոյությունը ձեռք են բերել ինքնորոշման գործընթացի, այդ թվում` դեպի անկախություն տանող հանրաքվեի միջոցով: 

 

Անկախ փորձագետը հավելել է, որ ինքնորոշման իրավունքի իրացման եւ ճանաչման չափանիշները պետք է հավասարության, այլ ոչ թե ընտրովի սկզբունքով տարածվեն բոլոր ազգերի վրա:

 

Ալֆրեդ դե Զայան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից  նշանակվել է Ժողովրդավարական եւ անաչառ միջազգային կարգի առաջխաղացման հարցերով ՄԱԿ-ի անկախ փորձագետ 2012 թ. մայիսին: Նա միջազգային իրավունք է դասավանդում Ժնեւի Դիվանագիտության դպրոցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին