Քեթի Լիչը Հայաստանի՝ ԵՏՄ-ի եւ Եվրամիության հետ կապերի մասին - Mediamax.am

2973 դիտում

Քեթի Լիչը Հայաստանի՝ ԵՏՄ-ի եւ Եվրամիության հետ կապերի մասին


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ՝  «Դեսպանների դասախոսությունները» շարքի շրջանակներում:

 

Քեթրին Լիչը պատմել է ուսանողներին Եվրամիության մասին, խոսել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ծավալվող համագործակցության մասին, անդրադարձել ուկրաինական ճգնաժամին, Շոտլանդիայում անցկացված հանրաքվեին եւ այլն:

 

Ուսանողների խնդրանքով, դեսպանն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճին եւ Ադրբեջանի կողմից արցախյան ուղղաթիռի խոցման փաստին:

 

Մեդիամաքս-ը ներկայացնում է հատվածներ դեսպանի ելույթից: 

 

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին

 

Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ մեկնարկած Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները երկարատեւ եւ բավական բարդ գործընթաց էր: Գործընթացի ամենասկզբից ԵՄ-ն ցանկանում էր, որպեսզի Հայաստանը հասկանա այդ գործընթացի երկարատեւ ու բարդ լինելը եւ հանձնառու լինի դրան: Կարծում եմ՝ հենց դա էր պատճառը, որ անցած տարվա սեպտեմբերի 3-ի որոշումը, որով Հայաստանը ցանկացավ միանալ Եվրասիական տնտեսական միությանը, անակնկալ էր շատերի համար: Բայց սա Հայաստանի ընտրությունն է, եւ այժմ հարցն այն է, թե ինչպե՞ս  կարող ենք անցնել այս կետը եւ շարժվել առաջ:

 

Անցյալ տարի նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանի եւ ԵՄ ներկայացուցիչների միջեւ փոխանակված նամակներից մենք գիտենք, որ կողմերը ցանկանում են շարունակել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության համակարգի բարեփոխման եւ այլ ոլորտներում: Այս հարցերի շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են:  Բայց կարեւոր է, որպեսզի Հայաստանը միշտ հիշի, որ ԵՄ-ն մեծ եւ բարդ կազմակերպություն է, որը մի կողմից կարգավորում է խնդիրները իր ներսում՝ անդամ երկրների հետ հարաբերություններում, եւ մյուս կողմից՝ փորձում է աշխարհի տարբեր երկրների հետ տնտեսական ինտեգրացման ավելի լայն օրակարգ սահմանել: Ուստի, Եվրամիության հետ հարաբերություններ մշակելիս լավագույն տարբերակն այն է, երբ երկիրը հստակ գիտի եւ ձեւակերպում է, թե ի՞նչ է ցանկանում ստանալ այդ հարաբերություններից: Անգամ եթե ցանկությունների օրակարգ մեծ չէ, այն, այնուամենայնիվ, պետք է հստակ լինի:

 

Անցնող տարին բավականին բարդ էր Հայաստանի համար: Երկիրը վարում էր ԵՏՄ-ին անդամակցության բանակցություններ, եւ նրա համար դժվար էր հստակ ներկայացնել իր ակնկալիքները ԵՄ-ի հետ հարաբերություններից: Հույս ունեմ, որ 2015 թվականից, երբ Հայաստանը կավարտի ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը, կկարողանանք հստակեցնել մեր անելիքներն ու համագործակցության ոլորտները: Մենք զգում ենք Հայաստանի ցանկությունը եւ կամքը՝ շարունակելու համագործակցությունը Եվրամիության հետ եւ պատրաստ ենք օգնել նրան:

 

ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը

 

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումն այլեւս անակնկալ չէ մեզ համար: Մենք հասկանում ենք, որ Հայաստանը խոցելի երկիր է, սահմանափակ հնարավորություններով: Ռուսաստանի հետ դուք ունեք ռազմավարական կարեւորության հարաբերություններ, եւ անվտանգության հետ կապված հարցերը որոշիչ են Հայաստանի համար: Անցնող տարվա իրադարձություններն ավելի մեծ հստակություն մտցրին Հայաստանի կայացրած որոշման մասով:

 

Ադրբեջանի կողմից արցախյան ուղղաթիռը խոցելու մասին

 

Միացյալ Թագավորությունը միացավ միջազգային հանրության կոչերին եւ սատարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ջանքերը: Մենք սատարում էինք կողմերին, որպեսզի վերջիններս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ կարողանային համաձայնության գալ զոհված օդաչուների մարմինների վերադարձի հարցում:

 

Մենք հասկանում ենք, որ Ղարաբաղյան ուժերի կողմից անցկացվել են հատուկ գործողություններ, եւ այժմ անձնակազմի անդամների մարմինները վերադարձվել են ընտանիքներին:

 

Ադրբեջանում բրիտանական տնտեսական շահերի մասին

 

British Petrolium ընկերությունը Ադրբեջանում ամենախոշոր ներդրողներից է, եւ այս առիթով մեզ հաճախ հարցնում են՝ ինչպիսի՞ն է ՄԹ-ի դերակատարությունն այս տարածաշրջանում: Իմ պատասխանը միշտ հետեւյալն է՝ ունենալով տնտեսական հետաքրքրություններ Ադրբեջանում՝ մենք հասկանում ենք, թե որքան կարեւոր է լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով: Մենք հասկանում ենք, թե ինչ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ ռազմական գործողությունների վերսկսումը թե այստեղ ապրող մարդկանց, թե տնտեսության, թե մեր ներդրումների տեսանկյունից: Սա չի բխում որեւէ մեկի շահերից: Հենց այս պատճառով մենք բարձրաձայնում ենք մեր մտահոգությունները եւ սատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Հենց այս նպատակով էլ Հայաստան էր ժամանել Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Դեվիդ Լիդինգթոնը, ով Երեւանում եւ Բաքվում իր հանդիպումների ժամանակ ասաց, որ ժողովուրդներին պետք է նախապատրաստել խաղաղության, այլ ոչ պատերազմին:

 

Գրի է առել Եկատերինա Պողոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին