Պետք չէ արհեստականորեն արագացնել Եվրասիական միության կայացումը - Mediamax.am

3924 դիտում

Պետք չէ արհեստականորեն արագացնել Եվրասիական միության կայացումը


Ֆյոդոր Լուկյանովը
Ֆյոդոր Լուկյանովը

Լուսանկարը` http://i1.ytimg.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանցի քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կայացման արհեստական արագացումը «կարող է միայն վնաս հասցնել»:

Այդ մասին Ֆյոդոր Լուկյանովն ասել է՝ հանդիպելով Մոսկվայում հետսովետական պետությունների լրագրողների համար կազմակերպված մեդիա-դպրոցի մասնակիցների հետ:

 

«Եվրասիական միավորումը իր զարգացման ամենասկզբում է գտնվում: Դրա կայացման համար երկարատեւ ու մանրակրկիտ աշխատանք է պետք: Ես սկզբունքորեն դեմ եմ այդ միության քաղաքական ըմբռնմանը: Դրա ձեւավորումը տնտեսական հարցերի համաձայնեցման տանջալի ընթացք է ենթադրում, եւ միության կարեւորագույն խնդիրներից է լինելու մրցակցությունը չինական Մետաքսե ճանապարհի տնտեսական նախագծի հետ: Հուսով եմ, Եվրասիական միության նախագիծը հաշվի կառնի բոլոր անդամ-պետությունների տնտեսական մտահոգությունները: Սա դանդաղ գործընթաց է, եւ դրա արհեստական արագացումը կարող է միայն վնաս հասցնել», - ասել է քաղաքագետը:

 

Ֆյոդոր Լուկյանովը խոսել է նաեւ ուկրաինական ճգնաժամի մասին:

 

«Այն, ինչ կատարվեց տարվա սկզբին Ուկրաինայում, Ռուսաստանի ղեկավարության համար անակնկալ էր եւ շոկային, եւ Կրեմլում ստիպված եղան բավականին իմպուլսիվ կերպով գործել: Ղրիմի Ռուսաստանին միացնելը խորհրդանշական քայլ էր, որը նշանակում էր. «Մենք այլեւս չենք գործում ԱՄՆ-ի կանոններով, այլ անում ենք այն, ինչը ճիշտ ենք համարում»: Դա ռիսկային բայց եւ գիտակցված քայլ էր Ռուսաստանի ղեկավարության կողմից: Ըստ ամենայնի, այդ քայլին դիմելով, ռուսաստանյան ղեկավարությունը ելնում էր այն գիտակցությունից, որ վերջին 25 տարիներին իրականացվող Ռուսաստանի զարգացման մոդելն իրեն չարդարացրեց», - ասել է նա:

 

Խոսելով ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին, Ֆյոդոր Լուկյանովը կարծիք է հայտնել, որ «բաց հակամարտութունը քիչ հավանական է, սակայն դրական տեղաշարժեր ակնկալելն անիիմաստ է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին