Էրդողանը պատմել է Օբամայի հետ իր հարաբերությունների մասին - Mediamax.am

2545 դիտում

Էրդողանը պատմել է Օբամայի հետ իր հարաբերությունների մասին


Ռեջեբ Թայիփ Էրդողանը եւ Բարաք Օբաման
Ռեջեբ Թայիփ Էրդողանը եւ Բարաք Օբաման

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն ասել է, որ իրեն չի անհանգստացնում աշխարհում իր մեկուսացված լինելու հանգամանքը:

Ինչպես գրում է թուրքական Today’s Zaman թերթը, Էրդողանն ասել է, որ աշխարհի մի շարք առաջնորդներ պարզապես նախանձում են իրեն:

 

Լատինական Ամերիկայի այցելությունից վերադարձի ճանապարհին խոսելով լրագրողների հետ՝ Թուրքիայի առաջնորդն ասել է, որ խիզախում է բարձրաձայն խոսել աշխարհում առկա բարդ խնդիրների մասին եւ հենց այդ խիզախության հետեւանքով էլ դարձել է քննադատությունների թիրախը: 

 

«Ես բնավ էլ չեմ անհանգստանում միայնակ լինելու մեջ: Ինձ համար կարեւոր է, թե ինչպես են մարդիկ, ժողովուրդը տեսնում ինձ: Մենք տեսանք նախագահական ընտրություններում, որ ժողովուրդն աջակցում է ինձ: Այս իմաստով որեւէ մեկուսացվածություն չկա: Գուցե կարելի է խոսել առաջնորդների մակարդակով մեկուսացված լինելու մասին, բայց դա պարզապես նախանձ է, ոչինչ ավելին»,- ասել է Էրդողանը:

 

Թուրքիայի առաջնորդը նաեւ հիասթափություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ իր հարաբերությունների կապակցությամբ: 

 

Էրդողանի խոսքով, Օբամայի հետ իր հարաբերությունները սկզբնական շրջանում լավ էին, բայց որոշ ժամանակ անց դրանք փոխվեցին:

 

«Ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Օբամայի հետ, երբ վերջինս նոր էր ստանձնել նախագահի պաշտոնը: Մեզ լավ հյուրընկալել էին Սպիտակ տանը: Մենք դեմ-առ-դեմ հանդիպումներ ենք ունեցել: Դրանից հետո մենք որոշակի փոփոխություններ տեսանք, ինչը ես չեմ կարող բացատրել»,- ասել է Թուրքիայի նախագահը:

 

Վերջինս քննադատել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնից հեռացնելը՝ որպես առաջնահերթություն չդիտարկելու համար:

 

Էրդողանը խոսել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամների թիվն ավելացնելու անհրաժեշտության մասին: Նրա կարծիքով, ՄԱԿ ԱԽ-ում իսլամական երկրներին ավելի մեծ ներգրավվածություն տրամադրելը կօգնի բացառել միաբեւեռ եւ բացառապես արեւմտյան արժեհամակարգի վրա հիմնված աշխարհի ձեւավորմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին