Չի բացառվում, որ Գերմանիան պատվիրակություն չի ուղարկի Երեւան - Mediamax.am

5550 դիտում

Չի բացառվում, որ Գերմանիան պատվիրակություն չի ուղարկի Երեւան


Լուսանկարը` http://www.dw.de


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիան կարող է ապրիլի 24-ին պատվիրակություն չուղարկել Երեւան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Այս մասին հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դեռ հստակեցված չէ, թե ով է ներկայացնելու Բեռլինը Երեւանում կայանալիք միջոցառումներում:

 

«Չի բացառվում, որ միջոցառումներին ներկա կգտնվի միայն Գերմանիայի դեսպանը, մինչդեռ Ֆրանսիան ներկայացնելու է անձամբ նախագահը՝ Ֆրանսուա Օլանդը: Պատմաբան Յուրգեն Գոտլիխի կարծիքով, դա «սկանդալային» կլինի»,- հաղորդում է Deutsche Welle-ն:

 

Deutsche Welle-ն նաեւ հայտնել է, որ Գերմանիայի խորհրդարանը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ծրագրում է հարգել քննարկման միջոցով:

 

Հրապարակման մեջ ներկայացված են գերմանացի պատմաբանների խոսքերն այն մասին, որ 1915-1916 թվականներին Գերմանիայի իշխանությունները հստակ տեղեկատվություն ունեին հայերի ոչնչացման եւ տեղահանության մասին:

 

Մասնավորապես, Գերմանիայի ԱԳՆ արխիվները ուսումնասիրած Պոտսդամի համալսարանի պատմաբան Քրիստին Պշիխոլցն ասել է, որ «գերմանացի դիվանագետները մանրակրկիտ կերպով գրի են առել այն ամենը, ինչ կատարվում էր նրանց շուրջը»:

 

Մասնավորապես, Պոլսում Գերմանիայի դեսպանը 1915 թվականի հուլիսի 7-ին Կայզերին ուղարկված հեռագրում գրել էր, որ «Թուրքիայի կառավարությունը հայտարարել է հայկական էթնոսը կայսրության տարածքում ոչնչացնելու մտադրության մասին»:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին