Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունը - Mediamax.am

5394 դիտում

Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունը


Լուսանկարը` www.meydan.tv


Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիությանն անդամակցող բոլոր պետություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մարտի 12-ին Եվրախորհրդարանն ընդունել է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ 2013թ. իր տարեկան զեկույցը, որի 77-րդ հոդվածում, մասնավորապես, ասված է.

 

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կոչ ենք անում ԵՄ անդամ բոլոր պետություններին ճանաչել Ցեղասպանությունը: Խրախուսում ենք ԵՄ անդամ երկրներին եւ ԵՄ ինստիտուտներին՝ նպաստել Ցեղասպանության ճանաչմանը»: 

 

Եվրախորհրդարանն ընդունված փաստաթղթով անդրադառնում է Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների իրավիճակին՝ նրանց թվում առանձնացնելով նաեւ առաքելական հայերին: Խորհրդարանը «կոչ է անում ԵՄ-ին եւ նրա անդամ երկրներին երաշխավորել, որ կրոնական փոքրամասնությունները հարգվեն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքում, որտեղ քրիստոնյաները, այդ թվում՝ կաթոլիկները, առաքելական հայերը, ղպտիները, եզդիներն ու մուսուլման փոքրամասնությունները հալածվում են Իսլամական պետության եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից»: 

 

Հաշվետվությունը կազմել է ԵԽ պատգամավոր Պիեր Անտոնիո Պանզերին (Սոցիալիստներ եւ դեմոկրատներ, Իտալիա): Փետրվարի 9-ին այն ընդունվել է հանձնաժողովի մակարդակով: Առաջիկա օրերին Եվրոպական խորհրդարանն այն կհրապարակի:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին