Տրայան Հրիսթեայի 4 կետերը ԵՀՔ վերանայման մասին - Mediamax.am

exclusive
5635 դիտում

Տրայան Հրիսթեայի 4 կետերը ԵՀՔ վերանայման մասին


Տրայան Հրիստեան
Տրայան Հրիստեան

Լուսանկարը` PAN Photo


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հոդված է գրել Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման մասին, որը Մեդիամաքսը բացառիկ իրավունքով ներկայացնում է ձեր ուշադրությանը:

 

Եվրոպական միությունը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ գործընկերությունը եւ ցանկանում է շարունակել հարաբերությունների խորացումը: Անցած տաս տարիների ընթացքում Հայաստանի հետ մեր գործընկերությունն իրականացվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, որը Եվրոպական միության սահմանների երկրների հետ մեր համագործակցության հիմքն է եղել:   

 

Բայցեւայնպես, Եվրոպական հարեւանության քաղաքականությունը միշտ չէ, որ կարողացել է համապատասխան արձագանքներ տալ մեր գործընկերների փոփոխվող ձգտումներին: Հետեւաբար, Եվրոպական միության սեփական շահերը նույնպես  լիարժեք չեն բավարարվել:

 

Ելնելով վերոնշյալից` Եվրոպական միությունը մեկնարկել է ԵՀՔ վերանայման հեռահար գործընթացը: Մարտի 6–7-ը Ռիգայում կայացած արտգործնախարարների ոչ պաշտոնական ճեպազրույցի ընթացքում բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը սահմանեցին մեր բոլոր գործընկերների հետ քառամսյա խորհրդատվության մեկնարկը:       

 

Քաղաքականության վերանայման գործընթացում պետք է դիտարկվեն չորս կարեւորագույն ուղղություններ.

 

1) Ի՞նչ կարող ենք անել մեր գործընկերների հետ համագործակցության շրջանակների տարբերակման ընդլայնման ուղղությամբ: Արեւելքի մեր որոշ գործընկերները բռնել են ասոցացման եւ խորը առեւտրի համաձայնագրերի իրականացման ուղին, եւ քանի չկան շրջանակային սահմանափակումներ, նրանք ձգտում են ավելիին: Մենք ունենք գործընկերներ հարավում, որ հավասարապես պատրաստակամ են շատ կարեւոր համաձայնագրերի շուրջ աշխատել մեզ հետ: Մենք ունենք նաեւ մի շարք գործընկերներ թե′ արեւելքում, թե′ հարավում, որ ունեն մեզ հետ համագործակցելու բազմապիսի ցանկություններ: Ի վերջո, անհրաժեշտ է որոշել նաեւ, թե ինչպես պետք է աշխատենք մեր հարեւան պետությունների հարեւանների հետ:       

 

Այս ամենը պահանջում է սահմանել որոշակի նոր աշխատաձեւեր: Մենք պետք է անենք ավելին`ընդունելու, որ մեր գործընկերները բազմազան են: Նրանք տարբեր են ոչ թե ուղղակի արեւելքում եւ հարավում, այլ հենց արեւելքի եւ հարավի սահմաններում:  

 

2) Քաղաքականության հանդեպ պատկանելիության ավելացում:  Քաղաքականությունը երբեք չի լինի առավելապես արդյունավետ, եթե չլինի երկու կողմերի ակտիվ ընտրությամբ ձեւավորվող գործընկերություն` հավասար կողմերի գործընկերություն: Եվրոպական հարեւանության նոր քաղաքականությունը պետք է արտացոլի մեր գործընկերների տեսակետներն ու փորձը: Մենք պետք է երաշխավորենք, որ մեր ուշադրության կենտրոնում գտնվող ուղղությունները բխում են երկու կողմերի համատեղ շահերից: 

 

Կարծում եմ, որ մեր գործընկերների շրջանում ավելի մեծ վստահություն ձեռք բերելու համար մենք պետք է արդյունքները դարձնենք ավելի տեսանելի` ցուցադրելով գործընկեր երկրների բնակիչների համար շոշափելի օգուտները: Մարդիկ ցանկանում են արդյունքները տեսնել կարճ ժամանակահատվածում, որպեսզի հասկանան, թե արդյո՞ք տվյալ քաղաքականությունը նպատակահարմար է իրենց համար:   

 

3)  Երրորդ կարեւորագույն խնդիրը կոնկրետ ուղղությունների վրա կենտրոնացումն է: Ուզում եմ, որ հեռանանք ներկա մոդելից, ըստ որի մենք փորձում ենք յուրաքանչյուր գործընկերոջ հետ իրականացնել բազմաոլորտային համագործակցություն: Այն երկրների հետ, որոնք ցանկանում են կամ կարող են, մենք պետք է շարունակենք վարել բազմաոլորտ համագործակցություն` օգնելով նրանց իրականացնելու Եվրոպական միության չափորոշիչների հետ համապատասխանեցման գործընթացը: Այն երկրների համար, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում մեզ հետ խորը հարաբերությունների մեջ մտնել, եկեք բացահայտենք համագործակցության այլ ձեւաչափեր: 

 

Որպես կանոն, մեր ուշադրության կենտրոնում են եղել առեւտուրն ու շարժունակությունը: Ցանկանում եմ նշել մի քանի ոլորտներ, որ մինչ օրս որոշ առումներով անտեսվել են, օրինակ` թե′ մեր, թե′ մեր գործընկերների էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաեւ սառեցված հակամարտություններին ուղղված կազմակերպված հանցագործությունից բխող անվտանգության ռիսկերը: 

 

4) Ի վերջո, մենք պետք է ավելի ճկուն լինենք. սա նշանակում է, որ պետք է ի վիճակի լինենք արձագանքել փոփոխվող հանգամանքներին եւ ծագող ճգնաժամերին:

 

Սրանք միայն մի քանիսն են այն գաղափարներից, որ արտացոլված են խորհրդատվության վերաբերյալ փաստաթղթում, որն արդեն դրված է Հայաստանում ԵՄ պատվիրակության համացանցային կայքում: Մենք պատրաստակամ ենք վարել հնարավորինս լայնամասշտաբ խորհրդատվություն, որպեսզի արդյունքում մշակվի քաղաքականություն, որն իսկապես արտացոլում է մեր առաջ դրված նպատակը:   

 

Ոմանք հարցնում են, թե արդյո՞ք շահերի հետապնդման մասին այս ամբողջ գաղափարախոսությունը չի նշանակում, որ հրաժարվում ենք մեր արժեքներից: Պատասխանը միանշանակ ոչ է: Ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության խթանումը Եվրոպական միության գլխավոր առանձնահատկություններից է:  

 

Ես այն կարծիքին եմ, որ Եվրոպական միության հիմքում ընկած արժեքները նաեւ բխում են Հայաստանի սեփական շահերից: Օրինակ` օրենքի գերակայությունը կարեւորագույն նախապայման է արտաքին ներդրումների ներգրավման համար: Անկախ եւ կոռուպցիայից զուրկ դատական համակարգը ոչ միայն ինքնին արժեք է, այլ նաեւ երկրի տնտեսական զարգացման կարեւոր գործոն, աճի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման պարտադիր նախապայման:       

 

Եկեք զերծ մնանք սխալներից. մեր ներկա եւ ապագա բարեկեցությունը մեծապես կախված է տարածաշրջանում տիրող պայմաններից: Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական ներուժի օգտագործումը, ինչպես նաեւ նրանց հետ ավելի ամուր հարաբերությունների կառուցումը կօգնեն մեզ մեր երկրները դարձնել ավելի լավ ու ապահով ապրելավայր:      

 

Տրայան Հրիսթեա

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան

 

Օգտակար հղումներ.

 

•    Press release "Towards a new European Neighbourhood Policy: the EU launches a consultation on the future of its relations with neighbouring countries"

http://europa.eu/rapid/press-release_IP-15-4548_en.htm?locale=en

 

•    Joint consultation paper ''Towards a new European Neighbourhood Policy:

http://ec.europa.eu/neighbourhood-enlargement/consultation/consultation.pdf

•    Consultation webpage:

http://ec.europa.eu/neighbourhood-enlargement/consultation/index_en.htm

 

•    European Commission website on Neighbourhood and Enlargement Negotiations:

http://ec.europa.eu/neighbourhood-enlargement

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին