Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում էր - Mediamax.am

6648 դիտում

Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում էր


Նիլս Մուիժնիկսը
Նիլս Մուիժնիկսը

Լուսանկարը` https://regentsalumni.files.wordpress.com


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը (Nils Muižnieks) Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում հրապարակել է «Հայ-թուրքական կապերի վերականգնում եւ մարդու իրավունքներ» (Armenian-Turkish Reconnections and Human Rights) վերտառությամբ հոդված:

 

Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացված է ստորեւ:

 

Պատմությունը շարունակում է միմյանցից հեռացնել հայ եւ թուրք իշխանություններին, սակայն քաղաքացիական հասարակության, մշակութային եւ ակադեմիկ շրջանակների կողմից նախաձեռնություններ են իրականացվում, որոնց նպատակն է կրկին միավորել երկու հասարակությունները:

 

Ապրիլի 24-ը 100-րդ տարելիցի օրն է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների, տեղահանության եւ թալանի մեկնարկի, որը հանգեցրեց Անատոլիայում հայերի գրեթե ամբողջական ոչնչացման: Մարդու իրավունքների այդ զանգվածային խախտումները եւ դրանց ցավոտ հետեւանքները խոր անդունդ են առաջացրել երկու հասարակությունների միջեւ:

 

Սակայն, ոգեւորիչ է տեսնել, թե ինչպես են շատերն այսօր փորձեր անում հաղթահարել այս բարդ ժառանգությունը եւ նպաստել փոխադարձ ըմբռնմանը, հաշտեցմանը եւ համատեղ պատմության վերակառուցմանը՝ ցուցաբերելով մարդու իրավունքներին ոգուն համահունչ կամք:

 

Երկար ժամանակ այդ թեմայի քննարկումը Թուրքիայում տաբու էր եւ անգամ քրեորեն պատժելի հանցագործություն: Վերջին տարիներին, սակայն, հետապնդումներն այդ հոդվածով ավելի սակավաթիվ են դարձել, եւ քննարկումների նոր հնարավորություններ են ընձեռնվել: Դրանք առաջացել են մի շարք զուգահեռ զարգացումների, մասնավորապես՝ թուրքերի եւ հայերի միջեւ շփումների ակտիվացման եւ Թուրքիայի ներսում քաղաքական եւ մշակութային էվոլյուցիայի շնորհիվ:

 

2005-ից ի վեր բազմաթիվ գիտական աշխատություններ են լույս տեսել Թուրքիայում հայկական ժառանգության վերաբերյալ: Շրջադարձային պահ հանդիսացավ հայազգի թուրք լրագրող Հրանտ Դինքի դաժան սպանությունը 2007թ., որից հետո անցյալի վերագնահատման նոր ալիք բարձրացավ՝ խթանելով ավելի բաց հանրային քննարկումները:

 

Այդ նոր մոտեցմամբ թուրք մտավորականները 2008թ. արշավ կազմակերպեցին եւ հազարավոր մարդիկ ներողություն խնդրեցին հայերից «Մեծ ողբերգության» համար:

 

Վերջին տարիներին երկուստեք նոր քաղաքացիական նախաձեռնություններ են իրականացվել, իսկ 2014թ. հայկական եւ թուրքական 8 ՀԿ-ներ Եվրամիության աջակցությամբ նախաձեռնեցին «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը:

 

Սրանք ոգեւորիչ նախաձեռնություններ են, որոնց՝ շարունակական լինելու դեպքում կարող են հիմքեր ստեղծվել ցավոտ անցյալի հետ համակերպվելու եւ 1915թ. ժառանգության հետ կապված հարցերը լուծելու համար:

 

Թուրքիայի՝ անցյալի հետ հաշտեցման ցուցիչների մեկը պաշտոնական դիրքորոշման էվոլուցիան է մարդու իրավունքների այս խախտումների նկատմամբ: Պաշտոնական դիրքորոշում ասելով՝ ես նկատի ունեմ ոչ միայն թուրք առաջնորդների քաղաքական հայտարարությունները, այլեւ ինստիտուցիոնալ դիրքորոշումը, որն արտացոլվում է պատմության դասագրքերի հրատարակման, թանգարանային ցուցահանդեսների եւ մշակութային այլ միջոցառումների կազմակերպման տեսքով:

 

Արդյոք հանցագործները դատապարտվո՞ւմ են, եւ հանցագործությունները խոստովանվո՞ւմ են, թե՞ անտեսվում են, արդարացվում կամ նույնիսկ փառավորվում:

 

Երկրորդ տարրը կարող է ամփոփվել զոհերի եւ նրանց ընտանիքների կարիքներին անդրադարձի տեսքով: Չնայած փրկվածներից քչերն են այսօր կենդանի, նրանց ժառանգներից շատերը նույնպես տուժել են կատարվածից: Մարդու իրավունքների մոտեցումը փոխհատուցման տարբեր ուղիներ է նախատեսում, օրինակ՝ ողբերգության ճանաչումը՝ ոգեկոչման արարողությունների, հուշարձանների կառուցման տեսքով: Դեպքեր են եղել, երբ գույքը եւ հայկական մշակութային ժառանգության որոշ հատվածներ վերադարձվել են հայերին, ինչպիսիք են Դիարբեքիրում Սբ Կիրակոս եկեղեցին եւ Սբ Խաչ եկեղեցին Աղթամար կղզում:

 

Այս նախաձեռնությունների նշանակությունը, այդ թվում՝ Թուրքիայի հասարակության համար, չպետք է թերագնահատվի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին