Ապրիլի 24-ին Բունդեսթագը կքննարկի Ցեղասպանության ճանաչման հարցը - Mediamax.am

5569 դիտում

Ապրիլի 24-ին Բունդեսթագը կքննարկի Ցեղասպանության ճանաչման հարցը


Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 24-ին Բունդեսթագը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխող կուսակցությունների ներկայացուցիչները կողմ են արտահայտվել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարած ոճրագործությունները «ցեղասպանություն» անվանելուն:

 

ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւս կողմնակից է՝ հայերի զանգվածային սպանությունը Օսմանյան կայսրությունում «ցեղասպանություն» անվանելուն: «1915թ տեղի ունեցածը կարելի է ցեղասպանություն բառով ամփոփել»,- ասել է նա Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում, որը լույս է տեսել ապրիլի 20-ին:

 

Գերմանական Սոցիալ-դեմոկրատների առաջնորդներից մեկի խոսքով՝ նա լավ է հասկանում այն մարդկանց զգացողություններն ու դրդապատճառները, որոնք ցանկանում են ամրագրել «ցեղասպանության» հասկացողությունը՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարած հանցագործությունների կապակցությամբ: Միաժամանակ՝ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այդ հարցի շուրջ ավելի սրվող քաղաքական բանավեճը «կարող է դժվարացնել կամ նույնիսկ անհնար դարձնել» ուղիղ եւ լուրջ երկխոսության մեկնարկը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ: 

 

Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության ղեկավարի տեղակալ Ֆրանց Յոզեֆ Յունգը, իր հերթին, հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» անվանել՝ անկախ Անկարայի բողոքներից: «Մենք կգտնենք մի ձեւակերպում, որը համապատասխան կերպով կբնութագրի 100 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը»,- հայտարարել է նա Saarbrücker Zeitung-ին տված հարցազրույցում:

 

Ֆրանց Յոզեֆ Յունգը հույս է հայտնել, որ «ցեղասպանություն» բառը պետք է տեղ գտնի այն բանաձեւի տեքստում, որն առաջիկայում ընդունվելու է Բունդեսթագում: Միաժամանակ, նա վստահություն է հայտնել, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն իր ելույթում կօգտագործի այդ տերմինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին