Գերմանիայի նախագահ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր - Mediamax.am

11380 դիտում

Գերմանիայի նախագահ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր


Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները անվանել է «ցեղասպանություն»:

«Հայերին վիճակված ճակատագիրը զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, տեղահանումների եւ, այո, ցեղասպանությունների պատմության օրինակ է: Այս ծրագրավորված, հաշվարկված հանցանքը բաժին ընկավ հայերին միայն մեկ պատճառով՝ նրանք հայեր էին»,- ասել է Գերմանիայի նախագահը` ելույթ ունենալով Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:

 

Այսօր Գերմանիայի Բունդեսթագը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ավելի վաղ Բունդեսթագում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները կողմ էին արտահայտվել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարած ոճրագործությունները «ցեղասպանություն» անվանելուն:

 

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Գերմանիայի նախագահի հայտարարությունը։

 

«Այս քայլով Գերմանիան իր հարգանքի տուրքն է մատուցում՝ Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված անմեղ հայերի հիշատակին։ Նախագահ Գաուկի հայտարարությունը կարեւոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման տեսանկյունից, այլեւ արժեքավոր ներդրում է ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության միասնական ջանքերում»,-ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին